Անկարան մոլեգնել է. Երևանը լուրջ չի ընդունում հայ-հունական դիրքորոշման մասին Թուրքիայի քննադատությունը

Պաշտոնական Երևանը լուրջ չի ընդունում անցյալ շաբաթավերջին «համատեղ թշնամանքի» դրսևորման մասին Թուրքիայի հայտարարությունները` Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հունաստանի քաղաքական ղեկավարության` օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության մասին հայտարարություններից հետո:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը դատապարտել էր Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հայերի և Պոնտոսի հույների զանգվածային սպանությունների մասին հիշատակումները, որոնք մարտի 14-15-ը Հունաստանի մայրաքաղաքում արել էին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Սարգսյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում:

«Այդ հայտարարությունները խղճուկ մտածողության արդյունք են, որոնք վկայում են, որ Հունաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները և համերաշխությունը հիմնված են թուրք ինքնության դեմ ուղղված համատեղ թշնամանքի և զրպարտանքի վրա,- ասել Բիլգիչը: - Թուրքիան և թուրք ժողովուրդը երբեք չեն ընդունի ամեն պատեհ առիթով պատմության դրվագներն առաջ քաշելը, որն անօրինական է, իրականությունից կտրված, միակողմանի»:

Պաշտոնական Երևանը ուրբաթ արձագանքել է թուրքական քննադատությունը: «Հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի և փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումների վրա,- ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: -Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից»: