Ժխտման պայքար. սպասվում է, որ Ֆրանսիայում ցեղասպանության օրինագիծը կհանդիպի Թուրքիայի դիմադրությանը

Եվրոպական ընտանիքի համար մեծ կարևորություն ստացած Թուրքիան կարող է խոչընդոտել Ֆրանսիայի Սենատին և Ազգային ժողովին ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունումը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Դեռևս 2012-ին Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ համայնքին խոստացել էր ներկայացնել Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ:

Հավանության արժանանալով Սենատում և Ազգային ժողովում` օրինագիծը, սակայն, մերժվեց Սահմանադրական դատարանի կողմից` խոսքի ազատության սահմանափակման հիմնավորմամբ:

«Ներկայումս նախագահ Օլանդը հանձնարարել է Ֆրանսիայում հայտնի սահմանադրագետ Ժան-Պոլ Կոստային մշակել նոր օրինագիծ, որտեղ կհստակեցվի իրավական մասը, և Սահմանադրական դատարանի կողմից խոչընդոտներ չեն ստեղծվի»,- ասաց նա:

Փափազյանը տեղեկացրեց, որ ապրիլի կեսերին Ֆրանսիայի հայ համայնքը հանդիպում կունենա Կոստայի հետ, ով հարցի շուրջ կներկայացնի իր եզրակացությունները և ձեռնարկած քայլերը:

Փափազյանը նաև նշեց, որ միգրանտների խնդիրն օգտագործելով` Թուրքիան կարող է հավելյալ ճնշում գործադրել եվրոպական երկրների, այդ թվում` Ֆրանսիայի վրա տարբեր հարցերի շուջ բանակցութուններում:

«Խոսքը վերաբերում է նաև նոր ներկայացվելիք օրինագծին, ինչի շուրջ, սակայն, մենք աշխատանքներ ենք կատարում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սիրիացի փախստականների համար միջնորդ երկիր հանդիսացող և իր տարածքում 3 միլիոն փախստականների ապաստանած Թուրքիան բանակցություններ է վարում Եվրոպայի հետ` նրանց իր երկրի սահմաններում պահելու համար: