Նախաձեռնություն. Ղարաբաղը սկսում է միջազգային ճանաչում ձեռք բերելու լոբբինգը

Հայաստանի քաղաքական կուսակցությունները ողջունել են ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախաձեռնությունը` սկսել ինքնահռչակված Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացի լոբբինգը: Ավելի վաղ այս շաբաթ Խորհուրդը կոչով դիմել է սփյուռքի ազդեցիկ լոբբիստական կառույցներին և հայկական ավանդական կուսակցություններին` քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Սփյուռքում բավական զգալի ազդեցություն ունեցող ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ընդգծել է, որ եթե Ստեփանակերտն այժմ նպատակահարմար է գտել նման նախաձեռնությամբ հանդես գալ, ապա անհրաժեշտ է ըստ ամենայնի աջակցել դրան: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ևս հայտարարել է, որ ժամանակն է, երբ Լեռնային Ղարաբաղը ինքը պետք է կարողանա հարցեր բարձրացնել միջազգային հանրության առջև:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին նախաձեռնությունն ուշացած է թվում: «Նախքան երկրի անկախության ճանաչման նպատակով արտասահանյան երկրների խորհրդարաններին դիմելը Ստեփանակերտը պետք է լուծի այդ հարցը Հայաստանի հետ»,- նշել է Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նրա կուսակցությունը երկու անգամ նախաձեռնել է ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից, սակայն կառավարությունը մերժել է այդ նախաձեռնությունը:

(Հայաստանի իշխանությունների կարծիքով` Ղարաբաղի ճանաչումն այս պահին նպատակահարմար չէ, քանզի դա կարող է անցանկալի միջազգային արձագանք ունենալ, ի թիվս որոնց` Հայաստանին կմեղադրեն «ագրեսոր» պետություն լինելու մեջ: Բացի այդ, նման որոշումը ներկայիս բանակցությունների գլխավոր կետերից մեկը` Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կվերածի վիճելի խնդրի` այդպիսով հետագա բանակցությունները դարձնելով անիմաստ և նոր պատերազմի հավանականությունն` ավելի շատ: Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի` նման որոշումը կարող է լինել իր զինանոցի «վերջին փամփուշտը», եթե Ադրբեջանը որոշի խափանել բանակցությունները և ընտրի հարցը ռազմական ճանապարհով լուծել:)

«ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշել է, որ ԼՂՀ-ն ճանաչելու հարցում պասիվության պատճառը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի շրջանակներում խնդրի լուծման հույսն էր:

«Այժմ, երբ ակնհայտ է, որ Մինսկի խմբի առաջարկությունները հակասում են Արցախի և Հայաստանի շահերին, երբ Արևմուտքը և Ռուսաստանը նոր պետություններ ճանաչելով ստեղծում են նախադեպեր` առանց հաշվի առնելու նախկին «մետրոպոլիաների» կարծիքը, և ապակայունացման սպառնալիքներ են հնչում Բաքվից, իսկ այժմ նաև` Անկարայից, ԼՂՀ ճանաչումը` որպես Ղարաբաղի անվտանգության ամրապնդման մեխանիզմ, բավական հրատապ է դարձել»,- ասել է Մասիս Մայիլյանը:

Նրա կարծիքով` Հայաստանը պետք է շարունակի իր մասնակցությունը Մինսկի գրծընթացին, իսկ զուգահեռ պետք է նպատակաուղղված աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: «ԼՂՀ ճանաչումը անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության լեգիտիմ մասը կդառնա` հուսալիորեն ապահովելով սեփական պաշտպանությունը»,- կարծում է փորձագետը:

Մայիլյանի կարծիքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանա-թուրքական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար: «Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. առաջին` հայկական կողմերին անվճար զենք ու ռազմական տեխնիկա տրամադրել` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, երկրորդ` ԼՂՀ միջազգային ճանաչումը և գործող «անվտանգության հովանոցներից» մեկի ներքո նրան հրավիրելը»,- ասել է Մասիս Մայիլյանը:

Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` գոյություն ունի միակ լուծումը` իրողությունների միջազգային ճանաչումը: «Եթե իրողությունները ճանաչվում են, ապա հակամարտությունը լուծվում է: Հենց սրան պետք է ուղղված լինի Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքականությունը»,- ասել է փորձագետը:

1991 թ., երբ Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեց Ադրբեջանից, հանրապետությունն այդպես էլ պաշտոնապես ճանաչում ձեռք չբերեց: 2006 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ճանաչումը հնարավոր է, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Բաքվի հետ բանակցությունները փակուղի մտնեն:

Մինչ բանակցությունները փակուղի են մտել, Հայաստանի իշխանությունները դժկամություն են ցուցաբերում Ղարաբաղի ճանաչման հարցում` հիմնականում հակամարտության շիկացում չհրահրելու համար:

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակ նախազգուշացնում է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, եթե Հայաստանն ընտրի Ղարաբաղի անկախությունը դե յուրե ճանաչելու ուղին: