Ղարաբաղում չորս հայ զինծառայող է զոհվել. Երևանը միջադեպը որակում է ադրբեջանական «սադրանք»

Ղարաբաղում չորս հայ զինծառայող է զոհվել. Երևանը միջադեպը որակում է ադրբեջանական «սադրանք»

Map: www.armenianow.com

Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սադրանք կազմակերպելու մեջ, որի նպատակն է եղել խափանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ բանակցային գործընթացը: Չճանաչված հանրապետության Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատված էր ներխուժել ադրբեջանական զինված հետախուզական խմբավորում և առաջխաղացման անհաջող փորձ կատարել: Ինչպես հաղորդվում է, հայկական կողմից կան չորս զոհ և չորս վիրավոր: Միջադեպից մոտ 24 ժամ առաջ Ռուսաստանում տեղի էր ունենում եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև, որոնք քննարկում էին Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրը:

Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը զինված հետախուզական խմբավորումն առճակատվել է ԼՂՀ դիրքապահներին: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանական կողմը մեկ զոհ է տվել:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` շաբաթ կեսգիշերին մոտ, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել:
Նախարարությունը Ղարաբաղի տարածք ներխուժած ադրբեջանական խմբի թվաքանակի մասին տեղեկություններ չէր հաղորդել, սակայն, ավելի ուշ, Ղարաբաղի զինված ուժերի բարձրաստիճան ծառայողները հաղորդել են, որ հետախուզական խմբավորման մեջ հնարավոր է մոտ երկու տասնյակ ադրբեջանցի զինվոր եղած լինեին:

Միջադեպի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում մեղադրում է Բաքվին խաղաղ բանակցային գործընթացը տապալելու փորձ կատարելու մեջ:

Դեռևս հինգշաբթի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ լուծում գտնելու նպատակով: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հյուրընկալել էր երկու երկրների նախագահներին:

Հատկանշական է, որ Կրեմլը բանակցային գործընթացում առաջընթաց էր արձանագրել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրատվամիջոցներին հաղորդել էր, որ հանդիպումն անցել էր «կառուցողական մթնոլորտում, և որ կողմերը համաձայնել էին շարունակել բանակցային գործընթացը, որը միջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները:

Մինչ այդ, նախագահ Սերժ Սարգսյանը, որը հինգշաբթի տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո շարունակում էր մասնակցել Սանկտ Պետերբուրգում նախատեսված այլ միջոցառումների, նույնպես մեղադրել է ադրբեջանական կողմին զինված հարձակման համար և իր ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին:

Շաբաթ նախագահը լրագրողներին ասել էր. «Հատկապես այս տմարդի գործողություններն անընդունելի են, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց»:

«Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, հանգեցնում են նման և դեռ ավելի վատ հետևանքների: Դա նաև անհարգալից վերաբերմունք է` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասել է Սարգսյանն այդ օրն ավելի վաղ Մեդվեդևի հետ ունեցած կարճատև հանդիպումից հետո:

Խոսելով միջադեպից հետո Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի հեռանկարների մասին` Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացում հայկական կողմը որևէ բան վերանայելու խնդիր չունի, քանի որ Հայաստանը բանակցությանը գնում է հստակ նպատակով, որից երբեք չի շեղվել: «Մենք հաստատակամ ենք, և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Դա է մեր նպատակը»,- շեշտել է Սարգսյանը:

Ընդսմին Ադրբեջանը հերքել է բանակցային գործընթացը տապալելու փորձ կատարելու մեղադրանքները, սակայն ընդգծել է, որ նման միջադեպերը Ղարաբաղում ցույց են տալիս, որ հակամարտությունը «սառեցված» չէ:

Պատասխանելով ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը` Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ, և կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ. դա բանակցային սեղանի շուրջ նստելն ու Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է»:

Ըստ Պոլուխովի` կողմերին առաջարկված փաստաթղթի ընդունումն ու դրանում նշված սկզբունքների կյանքի կոչումը կօգնի խուսափելու նման միջադեպերից, որոնք մարդային կյանքեր են խլում:

«Ի միջի այլոց, այս փաստը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա հայ-ադրբեջանական հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»,- հավելել է Պոլուխովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկված փաստաթղթում հիմնականում կոչ է արվում դուրս բերել հայկական ուժերը ներկայումս Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնվող մի շարք շրջաններից, ադրբեջանցի տեղահանվածների վերադարձ, հայ բնակչության անվտանգության երաշխիքների տրամադրում, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի որոշում և ապագայում տարածքի իրավական կարգավիճակի վերջնական որոշում:

Վերջին շաբաթներին Ադրբեջանը նշել է, որ համաձայն է փաստաթղթի սկզբունքների մեծ մասին և սպառնացել է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե Հայաստանը չհամաձայնի հետևել դրանց:

Երևանն էլ, իր հերթին, մեղադրում է Ադրբեջանին` շարունակ ռազմատենչ հայտարարություններ անելու և Ղարաբաղի անկախ կարգավիճակի հնարավորությունը բացառելու համար` այդ կերպ չհամաձայնելով Մադրիդյան սկզբունքների այն կետին, որը ենթադրում է, թե Ղարաբաղը կարող է վերջնական հաշվով ձեռք բերել միջազգայնորեն ճանաչված անկախություն:

Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թվականին կնքված հրադադարից ցայսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում փոխհրաձգության և հետախուզական խմբերի ներխուժման դեպքեր հաճախ են գրանցվել: Տարբեր հաշվարկներով` երկու կողմերից 10-16 զոհ է եղել նման լուրջ միջադեպերից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել 2008 թ. Հայաստանում հետընտրական զարգացումներից հետո ընկած ժամանակահատվածում:

Երևանում վերլուծաբաններից մեկը «ԱրմենիաՆաուին» ասել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հայ գործընկերոջ հանդիպումից հետո տեղի ունեցած այս վերջին միջադեպը միայն ցույց է տալիս, որ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածություն կա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` այս շաբաթ պատահածը «կա´մ հայկական կողմի զգոնության թեստ էր, կա´մ Ադրբեջանի զինված ուժերում վերահսկողության բացակայության և անկարգապահության նշան»: Փորձագետի կարծիքով` վերջին տարբերակն ավելի վատ է և հատկապես մտահոգիչ: