ԼՂՀ ընտրություններ. գործող նախագահ Սահակյանը վերընտրվել է երկրորդ ժամկետում, դիտորդները դրական գնահատականներ են տալիս գործընթացին

ԼՂՀ ընտրություններ. գործող նախագահ Սահակյանը վերընտրվել է երկրորդ ժամկետում, դիտորդները դրական գնահատականներ են տալիս գործընթացին

Ֆոտոլուր

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Բակո Սահակյանը պահպանել է իր պաշտոնը` ստանալով 47.085 ձայն (66,70%):


Երկրորդ տեղում է պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, որը ստացել է ձայների 32,50%-ը կամ 22.966 մարդ: Արկադի Սողոմոնյանի օգտին քվեարկել է 0,8%-ը կամ 594 ընտրող:

Փորձագետներն ընդգծում են Ղարաբաղի ընտրությունների նոր յուրահատկությունը` հաղթած թեկնածուին և նրա հիմնական մրցակցին տրված ձայների տարբերության զգալի կրճատումը: 2007 թ. Բակո Սահակյանը հաղթել է 85,12%-ով, իսկ նրա հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը, պաշտոնական տվյալներով` ստացել էր միայն 12,53%: Ղարաբաղում բնականոն էին համարվում 80-90 տոկոսանոց հաղթանակները, սակայն այժմ նշաձողն իջել է, և, փաստորեն, գործող նախագահի հիմնական մրցակիցը ստացել է ձայների գրեթե 1/3-րդը:

Ուշագրավ է, որ Բալասանյանը խոստացել է` ընտրություններում պարտվելու դեպքում իրեն ընդդիմություն հայտարարել: Այժմ Ղարաբաղում ընդդիմություն չկա, սակայն Բալասանյանի թիմը, որում ներառվել են և´ Մասիս Մայիլյանը (որն այժմ ղեկավարում է ԼՂՀ անվտանգության և արտաքին քաղաքականության հանրային խորհուրդը), և´ Էդուարդ Աղաբեկյանը (Ստեփանակերտի միակ ընդդիմադիր քաղաքապետը, 2004-2007 թթ.), և´ մի շարք հասարակական գործիչներ, լրիվ կարող է դառնալ գործուն ընդդիմություն:

Ի դեպ, ընդդիմության բացակայության պատճառով էր, որ երկու տարի առաջ Freedon House կազմակերպությունը Ղարաբաղը «մասնակի ազատ» երկրների շարքից տեղափոխել է «անազատների» շարք:

Բացի այդ, որոշ չափով փոխվել է միջազգային հանրության ավանդական բացասական վերաբերմունքը Ղարաբաղի ընտրությունների նկատմամբ: Թեև Բաքուն և Անկարան հանդես են եկել կտրուկ հայտարարություններով, որ չեն ճանաչում ընտրությունները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զերծ են մնացել հայտարարություններից: Փոխարենը Վրաստանն է հանդես եկել հայտարարությամբ, որն իր ԱԳՆ-ի միջոցով ասել է, որ «Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները և հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Վրաստանի կառավարության անվերապահ աջակցությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները»:

Ընտրություններին հետևել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Յոհան Շտադլերը (Ավստրիա) և Դանիել Վալդեր Շտուպը (Հոլանդիա): Եվրոպայից դիտորդների պատվիրակությունում եղել են փորձագետներ և մասնագետներ Բուլղարիայից և Լեհաստանից: Ղարաբաղում էին գտնվում նաև Կանադայի Համայնքների պալատի անդամները, որոնք ընդգծել են, որ թեև ադրբեջանցիները դեմ էին իրենց այցին, իրենք ցանկանում են դառնալ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության կայացման վկաները: Ղարաբաղում էին նաև ռուս պատգամավորները: ՌԴ Պետական դումայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Բալբերովը հայտարարել է. «Ժողովուրդն ինքը պետք է որոշի` ո´ր երկրում ապրի և ո´ւմ ղեկավարությամբ, ի´նչ ճանապարհով զարգանա»:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել են շուրջ 80 միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից և այլ երկրներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից բաղկացած պատվիրակություններ Հայաստանից: Ընտրությունները լուսաբանել են մի քանի տասնյակ արտասահմանյան լրագրողներ: Ղարաբաղի ընտրությունների մասին նյութեր են հրապարակել գրեթե բոլոր առաջատար միջազգային ԶԼՄ-ները:

Հայաստանի ընդդիմադիր և իշխանական պատգամավորներից բաղկացած 9 հոգանոց խորհրդարանական պատվիրակությունը արդեն բարձր գնահատական է տվել ընտրություններին: Կազմակերպչական բարձր մակարդակի մասին խոսում են նաև մյուս դիտորդները: