Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը


Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։

Գրասենյակի կայքի փոխանցմամբ` հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձևը Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի ամիսներ տևած աշխատանքի արդյունք է:

Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ամրապնդել հարաբերությունները ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան վարչակարգից»,- նշել է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը բանաձևի քննարկման ժամանակ: