Վստահելով Ռուսաստանին. Սարգսյանը մեղադրում է Ադրբեջանին ռազմատենչության մեջ, Պուտինը հայտարարում է ռազմական գործակցության մասին

Հունվարի 15-ին ռուսաստանյան գործակալությունները` վկայակոչելով Կրեմլին, տարածեցին մի տարօրինակ հայտարարություն այն մասին, որ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Հայաստանի հետ բանակցություններ վարելու կառավարության առաջարկությանը` ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիր ստորագրելու համար, իսկ բանակցությունների ավարտից հետո կառավարությանը հանձնարարվել է այս երկրի հետ պայմանագիր կնքել»:

Պայմանագիրը մշակվում է 2012 թ. փետրվարի 9-ից, երբ Հայաստան այցելեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որն իր հայաստանցի գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Թե ստույգ ի´նչ է ենթադրում նոր պայմանագիրը, առայժմ հայտնի չէ, առավել ևս, որ 2008-ին Հայաստանն արդեն Ռուսաստանին է հանձնել վերջին բանը, որ կարող է ինքնիշխան պետությունը տալ ռազմական գործընկերոջը` իր անվտանգության պաշտպանության իրավունքը: Սակայն 2008-ին կնքված պայմանագիրը, ինչպես հետո մեկնաբանվեց, տարածվում է «արտաքին թշնամիներից» Հայաստանի պաշտպանության վրա, որոնց Ռուսաստանը դեռևս համարում է ԽՍՀՄ-ի մեջ չմտած երկրներին: Այսինքն` Ադրբեջանը, որի հետ Հայաստանը, փաստորեն, գտնվում է պատերազմի մեջ, չի մտնում այս երկրների մեջ:

Հավանաբար, նոր պայմանագրում կներառվի Ադրբեջանին վերաբերող կետ: Առավել ևս, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, և ամեն օր պետք է պատրաստ լինեն նոր ռազմական արկածախնդրության:

Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում նիստ էր հրավիրել իշխանության բոլոր թևերի ղեկավարներին և հայտարել, որ պետության առաջնահերթ խնդիրը կլինի անվտանգության պահպանումը: Նա կոչ արեց բոլորին համախմբվել զինված ուժերի շուրջը և պատրաստ լինել համախմբման: Քանի որ Հայաստանը այսուհետ համարվում է Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության գրավականը:

«Հայաստանի անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է»,- հայտարարել է Սարգսյանը: Բացի այդ, խոսելով ինտեգրման պրոցեսների մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը տարբեր ինտեգրացիոն գործընթացների մաս է` առաջնորդվելով սակայն իր տնտեսական և ռազմավարական շահերով:

«Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարևոր դեր ենք հատկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը,- ասել է Սերժ Սարգսյանը: - Վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին՝ մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք»: Ճիշտ է, նա միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ` ձգտելով կիրառել նրա լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: «Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում», սակայն առանցքը Ռուսաստանի հետ գործակցությունն է:

2010-ին Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետները երկարաձգելու և Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանին հանձնելու մասին պայմանագիրը պետության միակողմանի քաղաքականությունից դժգոհության ալիք բարձրացրեց: Շատերը կոչ են անում վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները և անցնել վասալայինից քաղաքական պայմանավորվածությունների: Արդյունքում` Հայաստանն ուժեղացրեց իր քաղաքականության եվրոպական ուղղությունը, և 2013-ի նոյեմբերին ԵՄ-ի հետ կարող է ստորագրվել Ասոցացման համաձայնագիր: Սակայն Հայաստանի իշխանությունները փորձում են «աշխատանքի բաժանում» ապահովել. Արևմուտքին նրանք թողնում են տնտեսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները, իսկ Ռուսաստանին անվերապահորեն հանձնում են անվտանգության գործառույթները:

Եվրոպան արդեն հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի հետ Մաքսային միությանը կփակի ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման համար ճանապարհը: Եվ հավանաբար կգա այն օրը, երբ Եվրոպան կհայտարարի ԵՄ-ի հետ ասոցացված երկրի տարածքում ռուսական ռազմակայանի առկայության անթույլատրելիության մասին: