Կյանքը քաղաքից դուրս. Ղարաբաղի գյուղերում դժվար ապրուստն ու հույսը միախառնված են

Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղի մատույցների մոտ այցելուներին է դիմավորում հայ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, որի գլուխը հիմա չկա: Խորհրդային տարիներին Հրաչյա Ռուխկյանի ստեղծած հուշարձանը վնասվել է 18 տարի առաջ ադրբեջանական կողմի հրետանային ռմբակոծությունների հետևանքով, և այն վերականգնելու ծրագրեր կարծես թե դեռ չկան:

Հերոսներին հարգելն այստեղ ավելի քիչ է կարևորվում, քան նոր հերոսներ կերտելը: Քանի որ Ղարաբաղի 301 գյուղերի երիտասարդությունը տեղափոխվում է քաղաք կամ այլ երկրներ, մտահոգություններն ավելի շատ են, քան բնակչությունը:

Ինչպես և Ղարաբաղի շատ գյուղերում, այստեղ նույնպես օրն ավարտվում է մութն իջնելուն պես: Երեկոյան, երբ գյուղաբնակներն անջատում են լույսերը, գյուղն ընկղմվում է խավարի մեջ:

Գյուղից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա` Ստեփանակերտում, գիշերային կյանքն սկսվում է բարերում և սրճարաններում, իսկ տաք եղանակին` նաև զբոսայգիներում: Մայրաքաղաքի ընդարձակ փողոցներում այլևս առաջվա պես դարուփոսեր չկան:

Ինչպես գոյություն ունի «երկու Հայաստան»` Երևանը և այն ամենը, ինչ Երևանից դուրս է, այնպես էլ աչքի զարնող տարբերություն կա ինքնահռչակ հանրապետության գյուղերի և մայրաքաղաքի կյանքի ու ապրելաոճի միջև:

Մայրաքաղաքից դուրս մոտ կրկնակի շատ ղարաբաղցիներ են ապրում: Ստեփանակերտի բնակչությունը մոտ 49.000 է, իսկ Ղարաբաղինը` 140.000, որից շուրջ 86.000-ը ապրում է քաղաքներում՝ Մարտակերտում (4100), Շուշիում՝ (4200), կամ գյուղերում, որտեղ բնակչության թիվը խիստ տարբեր է` սկսած Աղբրաձորի 2 բնակչից մինչև Ճարտարի 2100-ը: (Թվերը հիմնված են վերջին` 2005-ի մարդահամարի տվյալների վրա: Վերջին հաշվարկներով՝ ընդհանուր բնակչությունը 144.000-ից ավելի է, բայց ընդունված թիվը 140.000 է):

Մինչդեռ մայրաքաղաքում Wi-Fi ինտերնետը կապում է Ստեփանակերտն աշխարհի հետ, գյուղերում դեռ հաղորդակցման միջոց են շների նախազգուշացնող հաչոցներն ու առավոտյան աքլորների կանչը:

Եվ մինչ օրն սկսվում է ավելի շուտ և ավարտվում է ավելի շուտ, տքնաջան աշխատանքը շարունակվում է անդադար…

Սոս. գինու հետ հնանալով

ԼՂՀ Մարտունու շրջանի մայրուղու մի հատվածից ամբողջ երկայնքով ձգվում են խաղողի ցածլիկ այգիներն և ուղեկցում շրջանի բազմատեսակ գինիներով հայտնի Սոս գյուղ:

Մոտ 150 տարվա պատմություն ունեցող գյուղն այսօր ունի շուրջ 1056 բնակիչ, ովքեր անցնելով պատերազմի մահաբեր ճիրանների միջով` այսօր էլ շարունակում են ապրել ու շենացնել հայրենի գյուղը:

Սոսի գյուղապետ Հունան Գրիգորյանն ասում է, որ գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, եգիպտացորենի, գարու, հնդկաձավարի մշակությամբ: Սոսում թթայգիներ էլ կան, առհասարակ գյուղում զարգացած է այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը, ու թեև բոլոր գյուղացիներն էլ ունեն սեփական խաղողի այգիներ, սակայն խաղողի մթերման գինն այնքան էլ ձեռնտու չէ:

«Գյուղատնտեսությունն ամենաանկանխատեսելի ոլորտն է. մի տարի կարող է ոչինչ չլինի, մի տարի էլ այնքան շատ լինի, որ ժողովուրդը նույնիսկ մթերման խնդիր ունենա: Թեև այս տարի խաղողի մթերման գինը նախորդ տարվա համեմատ տասը դրամով բարձրացել է՝ 115-118 դրամով են մթերել (մոտ 28-29 սենթ), և ժամանակին էլ գումարները վճարել են, սակայն ոչ ոք չգիտի, թե մյուս տարի ինչ կլինի»,- ասում է գյուղապետը՝ ցավով նշելով, որ գյուղում ծերերն ավելի շատ են, քան երիտասարդները, որոնց արտագաղթը վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է:

Երիտասարդների արտահոսքով անհանգստացած է նաև Սոս գյուղի մանկապարտեզի 38 տարվա դաստիարակ Նաիրա Մանգասարյանը: 58-ամյա դաստիարակը թախիծով է նայում ներկայումս կառուցվող մանկապարտեզի նոր շենքին ու ափսոսում, որ նախադպրոցական տարիքի երեխաների թիվը գյուղում տարեցտարի նվազում է:

Մանկապարտեզի ամենահին աշխատակիցն ասում է, որ նույնիսկ պատերազմի տարիներին մանկապարտեզը երբեք չի փակել իր դռները, բայց այսօր գործում է ընդամենը երկու խումբ, և մանկապարտեզ է հաճախում 46 երեխա, մինչդեռ պատերազմից առաջ գյուղում կային նախադպրոցական տարիքի ավելի քան 100 երեխաներ:

«Մեր գյուղացիներն աշխատասեր են, շատ այգիներ կան, հողեր կան սեփականաշնորհած: Սակայն բերքը ոչ միշտ է լավը լինում: Ժողովուրդը չգիտի` ինչո´վ զբաղվի, որ արդյունք ստանա: Ոչ մի հիմնարկ, գործարան չկա, իսկ ջահելը պետք է աշխատի, որ կարողանա գյուղում մնալ, դրա համար էլ ջահելները քաղաք են գնում»,- ասում է Մանգասարյանը:

Սոսի միջնակարգ դպրոցում սովորում է 175 աշակերտ, մինչդեռ մինչև պատերազմը դպրոցում աշակերտների թիվը հասել է նույնիսկ 300-ի:

Երիտասարդների ժամանցի միակ վայրը գյուղապետարանին կից վերջերս կառուցված սեղանի թենիսի սրահն է և 2009-ից գյուղում գործող միակ ինտերնետ ակումբը՝ 6 համակարգիչներով:

Սակայն գյուղում կան նաև երիտասարդներ, ովքեր փոքր քայլերով փորձում են ոտք դնել բիզնեսի մեծ աշխարհ:

Արցախի պետական համալսարանի պատմաբանության ֆակուլտետի ուսանող 22-ամյա Արցախ Մանասյանն արդեն մի քանի տարի զբաղվում է խաղողագործությամբ և գինեգործությամբ:

«Ունեմ 2 հա խաղողի այգիներ, որոնցից ստացած բերքի մի մասը հանձնում եմ Ստեփանակերտի կոնյակի գործարան, մի մասով էլ ինքս եմ պատրաստում գինի»,- ասում է Մանասյանն ու հավելում, որ առաջիկայում պատրաստվում է բիզնես պլան մշակել շուրջ 3,5 մլն դրամ արժողությամբ գինու մառանի ստեղծման համար, որը սկզբնական շրջանում գյուղում ապահովելու է նաև երկու նոր աշխատատեղեր:





Դրմբոն. 320 բնակիչ, 1340 աշխատատեղ

Մարտակերտի շրջկենտրոնից շուրջ 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի ափին, տարածվում է Դրմբոն գյուղը, որտեղ Արցախի ազատագրման շարժման առաջին օրերին կազմավորվել են աշխարհազորայինների և կամավորական ջոկատներ, որոնք 1992-ի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Շուրջ 320 բնակիչ ունեցող Դրմբոնում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։

Սակայն դրմբոնցիների հիմնական մասն աշխատում է գյուղի մոտակայքում 2002-ին «Վալեքս գրուպ» ընկերության հիմնադրած «Բեյզ մեթըլս» հանքարդյունաբերական համալիրում:

Թեև Դրմբոնի հանքավայրի պաշարներն արդեն սպառվում են, սակայն ընկերությունը շարունակում է մնալ Արցախի խոշոր հարկատուներից մեկը՝ 14-15% (2007-ին Արցախի պետական բյուջեի 45 %-ն ապահովվում էր այդ ընկերության հաշվին):

Ու թեև Հայաստանի ու Արցախի բնապահպանները հաճախ ահազանգում են հանքարդյունաբերության պատճառած վնասների մասին, սակայն ընկերությունը շուրջօրյա ռեժիմով շարունակում է աշխատել ու աշխատանքով ապահովել ոչ միայն դրմբոնցիներին ու Մարտակերտի շրջանի այլ բնակիչներին, այլև նույնիսկ շատ ու շատ հայաստանցիների:

«Բեյզ մեթըլս» ՓԲԸ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Արարատ Ղարդյանն ասում է, որ այսօր ընկերությունում աշխատում է 1340 մարդ՝ միջինը 180.000 դրամ աշխատավարձով (մոտ 450 դոլար):

«Արցախում չկա մի շրջան, որտեղից մեզ մոտ աշխատողներ չլինեն, հարակից գյուղերի 90 տոկոսն աշխատում է հենց «Բեյզ մեթըլս»-ում»,- ասում է Ղարդյանը:

Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի 20-ամյա բնակչուհի Լուսինե Բարսեղյանն ուսման հետ համատեղ արդեն երկու տարի աշխատում է նաև ընկերության լաբորատորիայում:

«70.000 դրամ (մոտ 170 դոլար) աշխատավարձ եմ ստանում, կարողանում եմ համ ուսման վարձս փակել, համ էլ իմ առօրյա ծախսերը հոգալ, բայց եթե գյուղում մնայի, ո´չ կկարողանայի աշխատել, ո´չ էլ ուսում կստանայի»,- ասում է Բարսեղյանը:





Գողթանիկ. 5 ծխից մինչև 23

ԼՂՀ ամենամեծ` Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնից մոտ 31 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի հյուսիս ձգվող երեք ձորերից մեկի լանջին գտնվում է 1995-ին հիմնադրված Գողթանիկ գյուղը:

Գյուղի ներկայիս ղեկավար Լուսյա Բաղդասարյանը Երևանից է և ընտանիքով Արցախ է տեղափոխվել 1996-ին:

«Ամուսինս էլ մասնակցել է պատերազմին ու միշտ ասում էր, որ կարևորն այդ հողերն ազատագրելը չէ, այլ պահելը, իսկ հողը պահում են այնտեղ ապրելով»,-ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մոռացել է այն տարիների դժվարությունները, երբ գյուղից անգամ տրանսպորտ չկար մինչև շրջկենտրոն, և անհրաժեշտության դեպքում ստիպված էին ոտքով քաղաք հասնել:

«Երբ նոր էինք տեղափոխվել, մեր գյուղում հինգ ընտանիք էր ապրում, բայց հիմա արդեն 23 ընտանիքով ենք, որոնցից հինգը բազմազավակ ընտանիքներ են՝ անգամ մինչև 8 երեխաներով»,- ասում է գյուղապետը:

Այսօր Գողթանիկ գյուղում ապրում է 108 մարդ, գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 27 աշակերտ, մինչդեռ 2009-ին դպրոցն ուներ ընդամենը 6 աշակերտ: Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ առաջիկայում գյուղի դպրոցում աշակետների թիվն ավելանալու է, քանի որ գյուղում ծնելիությունն էլ է աճում:

Սակայն գյուղը չունի ո´չ մանկապարտեզ, ո´չ ակումբ և ո´չ էլ նույնիսկ բուժկետ ու գյուղապետարան:

«Գյուղապետարանի համար մեր տան մի հատվածն եմ առանձացրել, մինչև տեսնենք` երբ հարմար տարածք կունենանք: Ժամանակի ընթացքում բոլոր հարցերն էլ կլուծվեն, կարևորը` գյուղը պահենք»,- ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Գողթանիկում գերակշռում են երիտասարդները, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:

Ճարտար. մշակույթը դարձնելով առաջնահերթություն

Լեռնային Ղարաբաղի ամենամեծ` Մարտունու շրջանի Ճարտար գյուղը Սոս գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: 2000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղը հիշեցնում է զինվորական գունդ, որի բնակիչները հիմնականում զինվորական կամուֆլյաժով են: Ճարտարցիները հպարտորեն ասում են, որ գյուղն ամենաշատ բարձրաստիճան զինվորականներն է տվել:

Այսօր էլ Ճարտարում աշխատանքի հիմնական բնագավառը պայմանագրային զինծառայությունն է, հավանաբար հենց այդ պատճառով էլ գյուղում տղամարդկանց մեծ մասը շրջում է հենց խակի կանաչ համազգեստով:

Գյուղի կենտրոնում Երևանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ շենքի նմանությամբ դեռևս խորհրդայի տարիներին կառուցված փոքր չափսերով մշակույթի տան մի հատվածը 2011-ի փետրվարից ծառայում է որպես արվեստի դպրոց: Դպրոցում գործող հինգ բաժիններում սովորում է ինչպես Ճարտարի, այնպես էլ հարակից գյուղերի 170 աշակերտ:

«Գյուղի մշակութային կյանքի զարգացմանն ուղղված աշխատանքներ է կատարում արվեստի դպրոցը, ինչպես նաև պրոպագանդվում են ժողգործիքները: Պարտադիր չէ, որ դպրոց հաճախած երեխան հետագայում շարունակի այդ մասնագիտությունը, բայց արվեստին հաղորդակցվելը նրան կյանքում շատ կօգնի»,- ասում է արվեստի դպրոցի տնօրեն Ապրես Մարգարյանը՝ հավելելով, որ դպրոցում ուսուցումն անվճար է:





Խնուշինակ. ծանր պայմաններ, բայց ոչ մի արտագաղթ

Ճարտարի հարևանությամբ է գտնվում Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղը, որը հրադադարի ռեժիմ կնքելուց տարիներ անց էլ դեռ բուժում է վերքերը:

Խնուշինակեցի 35-ամյա Սենորիկ Սարգսյանի հայրական տունը պատերազմի տարիներին ռմբակոծության հետևանքով քանդվել էր, և արդեն տասը տարուց ավելի նա կնոջ և չորս երեխաների հետ վարձով ապրում է բարեկամների տներում:

«Թեև տունը քանդվել էր գրադից, բայց սկզբնական շրջանում կարողանում էինք այնտեղ ապրել: Մր օր էլ ուժեղ քամուց ամբողջ տանիքը քանդվեց, հազիվ կարողացանք երեխաներին դուրս բերել փլատակների տակից ու փրկվել»,- ասում է պատերազմի մասնակից հաշմանդամ Սարգսյանը՝ հավելելով, որ բնակարանի խնդրով բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

645 բնակիչ ունեցող Խնուշինակում թեև Սարգսյանների ընտանիքը միակը չէ, որ պատերազմից հետո մնացել է առանց տան ու ապրում է ծանր սոցիալական պայմաններում, սակայն գյուղապետը վստահեցնում է, որ գյուղից արտագաղթ գրեթե չկա:

«Գյուղում հիմնականում զբաղվում ենք խաղողագործությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: 2012-ին խաղողի այգիներից հավաքել ենք ավելի քան 570 տոննա խաղող, մինչդեռ նախորդ տարիներին 470-ից չէր անցնում»,- ասում է գյուղապետ Համլետ Թևոսյանն ու բաժակները լցնում իր ձեռքով պատրաստած շամպայնի պես փրփրացող գինով:

Խնուշինակի դպրոցում սովորում է 100 աշակերտ, ովքեր մասնակցում են բազմաթիվ խմբակների:
Դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճում երեկոյան գյուղի երիտասարդները վոլեյբոլ են պարապում ու պատրաստվում շրջանային առաջնություններին:

Արևի վերջին շողերի հետ գյուղամիջում՝ խանութի պատի տակ, կամաց-կամաց հավաքվում են գյուղի տղամարդիկ ու վայելում թավշյա աշնան վերջին երեկոները, ամփոփում օրվա անցուդարձը:





Նոր Մարաղա. «նոր» կյանք ստեղծելով

Երբ 1992-ի ապրիլյան գիշերվա խավարում Մարկոսյանների ընտանիքը ադրբեջանական զորքի կրակահերթերից մազապուրծ եղավ, պատկերացում անգամ չուներ, որ տարիներ անց հայրենի գյուղից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա, բայց հայրենի գյուղի անունը կրող մի նոր գյուղում է հաստատվելու:

Այժմ 72-ամյա Միշա Մարկոսյանի ընտանիքը Մարաղա գյուղի այն վերջին բնակիչներից էին, որոնց հաջողվեց գրեթե անվնաս դուրս պրծնել հայրենի գյուղից՝ հայացքը հավերժ թողնելով սեփական տան վրա:

1992 թվականի ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատող միջանցքում գտնվող Մարաղա գյուղում ադրբեջանական հրոսակախմբերը դաժան կոտորած իրականացրեցին, որի ժամանակ Մարաղայում մնացած վերջին 118 բնակիչներից կեսից ավելին սպանվեց, մյուս մասն էլ ենթարկվեց տարբեր տեսակի բռնությունների:

«Երկու հարկանի տուն ունեինք, կահ-կարասիով, չորս սենյակ վերևում էր, չորսը՝ ներքևում, ինչ ունեինք՝ թողեցինք-փախանք, որ փրկվենք»,- աչքերից գլորվող արցունքները սրբելով ասում է Միշա Մարկոսյանի կինը՝ 63-ամյա Սուսաննա Մարկոսյանը:

«Սկզբում մի քանի օր մնում էինք թուրքի ավերած գյուղերից մեկում, որտեղ մի մահճակալ ու Բաքվի քարտեզ գտանք: Քարտեզը փռում էի էդ մահճակալի վրա, հագիս փափուկ դամաշնիկներ կային, էդ էլ դնում էինք գլխներիս տակ ու մի կերպ աչք կպցնում, կացինն էլ դնում էի կողքս, ասում էի՝ միգուցե թուրքերը գան, դրանով կպաշտպանվենք»,- հիշում է տիկին Սուսաննան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում 1995-ին հիմնված Նոր Մարաղա գյուղի վերաբնակիչների մեծ մասի ճակատագրերը նույնն են՝ ամեն ինչ կորցրած գաղթականի խոր ցավի մեծ բեռն ուսերին:

Այստեղի բնակիչների մեծ մասը գաղթել է Արցախյան գոյամարտի տարիներին Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական Մարաղա, Մարգուշեվան, Լենինավան և այլ գյուղերից:

2000-ին Արցախի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Նոր Մարաղայում շահագործման են հանձնվել բնակելի տներ, ադրբեջանցիներից մնացած մի քանի տներ էլ վերակառուցվել են:

«Երբ գիշերով թոռներիս գրկած փախչում էինք մեկը մյուսին հերթ չտվող թռչող հրթիռների տակով, հույս չունենալով անգամ, որ կենդանի կպրծնենք, չէինք էլ պատկերացնում, որ մի օր կրկին տուն կունենանք, բայց 2000-ի նոր տարին դիմավորեցինք նոր տանը՝ նոր հույսերով ու սպասելիքներով»,- ասում է Միշա Մարկոսյանը, ում տունը գտնվում է Մարաղա գյուղի Վերին թաղամաս կոչվող հատվածում:

Երկու սենյակներից ու պատշգամբից բաղկացած տանն այսօր ապրում է կնոջ հետ, երեխաներն ամուսնացած են և ապրում են Ռուսաստանում:
Մարկոսյանները կյանքից չեն բողոքում, ամուսիններով զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Ունեն 4 կով, 20-ից ավելի ոչխար, հավեր: Իսկ հողից ստացած բարիքները Սուսաննա Մարկոսյանն առատորեն հավաքում է ու պահեստավորում նաև ձմռան համար:

Մարկոսյանների տնից վերև գտնվում է 2004-ին կառուցված դպրոցի միհարկանի շենքը:

Շուրջ 400 բնակիչ ունեցող Նոր Մարաղայի՝ 1997-ին հիմնադրված դպրոցում այսօր աշխատում է 22 ուսուցիչ և սովորում է 71 աշակերտ, մինչդեռ դեռևս տասը տարի առաջ աշակերտների թիվը չէր գերազանցում 35-ը:

Դպրոցի տնօրեն 56-ամյա Լյուբա Գրիգորյանը, ով Հայաստանի Մեծամոր քաղաքից 2000-ին ընտանիքով տեղափոխվել է Նոր Մարաղա, ասում է, որ գյուղը տարեցտարի աճում է, և բարելավվում են գյուղի պայմանները:

«Մեր գյուղի դիրքը շատ լավն է, տարին տասներկու ամիս կանաչ է: Մարդիկ էլ մեկը մեկից լավն են: Առհասարակ Արցախից լավ տեղ չկա, մենք մեզ այստեղ շատ լավ ենք զգում, միայն թե պատերազմ չլինի, մեր միակ մտահոգությունն էդ է»,- ասում է Գրիգորյանը:

Ըստ դպրոցի տնօրենի՝ դպրոցահասակ մարաղացիները շատ խելացի են, և ամեն տարի շրջանավարտներ են ընդունվում բուհեր, որոնց մի մասն ուսումն ավարտելուց հետո վերադառնում և աշխատում է գյուղի դպրոցում:

Մարաղան մինչև 2003 թվականը եղել է ականապատված, և պատերազմի ավարտից հետո էլ ականի պայթյուններ այստեղ հաճախ են հնչել ու խաթարել գյուղի անդորրը: Պայթյունների հետևանքով 2000-ին զոհվել է 2 մարաղացի, որոնցից մեկը գյուղի հիմնադիր Վագիֆ Համբարձումյանն էր:

Սակայն արդեն 2003-ին գյուղն ամբողջությամբ ականազերծվել է 2000-ից Արցախում ականազերծման ծրագրեր իրականացնող Halo Trust կազմակերպության կողմից: Կազմակերպությունը 2000-ից ի վեր խորհրդային արտադրության ավելի քան 60.000 ական, կասետային ռումբ և այլ չպայթած զինամթերք է հայտնաբերել Արցախի տարածքում և ոչնչացրել:

Նոր Մարաղայի կենտրոնում իրար կողք կողքի շարված են գյուղի 4 խանութների շենքերը, որոնցից մեկը սակայն շահույթ չունենալու հետևանքով վերջերս փակվել է: Այստեղի խանութների սեղաններին էլ հայաստանյան գյուղական խանութների պես «պարտքերի ցուցակ» անվանումով մի քանի հաստափոր տետրեր են դրված:

Խանութների հետնամասում ռմբակոծությունից փրկված մի հին շինություն է, որը ծառայում է որպես գյուղապետարան:

Իսկ հեռվում երևում է փոքր տարածք զբաղեցնող գյուղի գերեզմանոցը՝ շուրջ երկու տասնյակը չգերազանցող գերեզմանաքարերով:

Թեև Նոր Մարաղայում 50-ից ավելի նախադպրոցական տարիքի երեխաներ կան, սակայն մանկապարտեզ չկա: Իսկ երիտասարդներն էլ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, ոմանք էլ պայմանագրային զինծառայողներ են:

Նոր Մարաղայում կյանքը շարունակում է իր հունով ընթանալ, սակայն տեղի բնակիչների խորը կսկիծով ու թախիծով պարուրված կնճիռները նրանց ցավի լուռ վկաներն են մնում, և հենց այդ կնճիռներում էլ թաքնվում է նաև հայրենի գյուղն ու նախկին տունը մի օր անպայման տեսնելու վերջին հույսը:

«Այսօր այստեղ՝ Նոր Մարաղայում, շատ լավ պայմաններ ունենք, մեր տունը շատ լավն է, շատ եմ սիրում, Աստծուն փառք, ամեն ինչ էլ ունենք, հա´մ տունը կա, հա´մ հողը, զրոյից նորից սկսել ենք, կենդանիներ ենք պահում, հողագործությամբ զբաղվում, բայց միևնույնն է՝ ծիծեռնակի պես մեր հին բույնն ենք ուզում»,- ասում է Նոր Մարաղայի բնակիչ, Լենինավան գյուղից գաղթած 52-ամյա Վիոլետա Դումանյանն ու հաշվում, թե քանի հարազատի գերեզման է թողել հեռվում: