Սարգսյանը զգուշացնում է Ադրբեջանին. Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը «ֆլեշմոբ» չէ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի պատրաստվող Ադրբեջանին հակամարտության գոտում խոշոր սադրանքից հետո, երբ ադրբեջանական ուժերը ոչնչացրել են հայկական ռազմական ուղղաթիռը:

Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է է Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ զորավարժությունների փակման արարողությանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարությունը հետևել է մեծաքանակ զինծառայողներ և ռազմական տեխնիկա ներգրավված զորավարժություններին:

Դիմելով երկու բանակների սպաներին` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ լինելու է «հատուցման օր» Ադրբեջանի համար, «ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել»:

«Մի-24» ուղղաթիռը, որը զորավարժությունների շրջանակում ուսումնավարժական թռիչք էր կատարում շփման գծից ոչ հեռու, նոյեմբերի 12-ին խոցվել է ադրբեջանական զորքերի կողմից: Ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներ ենթադրվում են մեռած:

Իր խոսքում Հայաստանի նախագահը նաև բարձր է գնահատել զինվորների, սպաների մարտական պատրաստականությունը` ասելով, որ նրանց վարպետությունն արդեն ստիպում է «Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին»:

«Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու:

Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- ասել է Սարգսյանը բանակի սպաներին: