Պատերազմի զենք. փորձագետի խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում սպառազինության կուտակումը մարտահրավեր է խաղաղությանը

Որքան կողմերն ավելի շատ սպառազինություն ձեռք բերեն ղարաբաղյան հակամարտությունում իրենց դիրքերն ամրապնդելու համար, այնքան ավելի կդժվարանա ապագայում խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ասում է ռազմական փորձագետը:

«Ակնհայտ է, որ տարածաշրջանի ռազմականացումը չի նպաստում տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Հայաստանին Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վերջին վարկով նոր սպառազինություն ձեռք բերելու փաստը: Թեև Աբրահամյանը նշում է, որ դա, իրոք, կամրապնդի Հայաստանի դիրքը, քանի որ Ադրբեջանը շարունակաբար արդիականացնում և բազմապատկում է իր սպառազինությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ գումարը կօգտագործի, ի թիվս այլ բաների, ռուսական արտադրության «հեռահար սպառազինություն» գնելու համար` այս շաբաթ ասել է ՊՆ մամուլի քարտուղարը:

«Ձեռք է բերվելու նորագույն զինտեխնիկա, սպառազինություն` և՛ հարձակողական, և՛ պաշտպանական բնույթի, ինչպես նաև նոր սարքավորումներ: Ընդհանրապես բանակի վերազինման լայնածավալ ծրագրի շրջանակներում է այս ամենը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արծրուն Հովհաննիսյանը` առանց մանրամասնելու, թե ինչ տիպի զենք:

Հունիսի 26-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել էր 13 տարի մարման ժամկետով արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիրը, որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց հուլիսի 2-ին: Այդ օրը ռուսական պաշտոնական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Մոսկվան և Երևանը այժմ բանակցություններ են վարում հայկական բանակը «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգով համալրելու շուրջ, որն էապես կամրապնդի Հայաստանի պաշտպանության համակարգը:

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը, որի հեռահարությունը հասնում է մինչև 500 կիլոմետրի, իր տեսակի ամենահզոր զինատեսակներից է, կարող է կարևոր հետևանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության մեջ ռազմական հավասարակշռության համար: Մասնավորապես, դրանք Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում կարող են Ադրբեջանի կենսականորեն կարևոր` նավթի և գազի ենթակառուցվածքներն առավել խոցելի դարձնել հայկական հրթիռային հարվածների համար:

Եթե սպառազինություն ձեռք բերելու մասին լուրերը ճիշտ են, ապա «Իսկանդեր-Մ» համալիրի միջոցով էապես կբարձրանա հայկական զինված ուժերի անվտանգության ռազմական բաղադրիչը` ասում է Տիգրան Աբրահամյանը:

«Այս պահին զերծ կմնամ հավելյալ մեկնաբանություններից, քանի որ պաշտոնապես այդ զինատեսակի ձեռքբերումը դեռ չի հաստատվել: Հստակ է, որ Հայաստանը 200 մլն դոլար է ներդնելու ժամանակակից հեռահար սպառազինություն գնելու համար, ինչը նոր մակարդակի կհասցնի ՀՀ զինված ուժերի հնարավորությունները»,- հավելում է փորձագետը:
Այդուհանդերձ, Աբրահամյանի կարծիքով` սպառազինությունների մրցավազքը լավագույն միջոցը չէ, որը կարող է օգնել խաղաղության հաստատման գործընթացին:

«Բանակցային գործընթացի վրա հակամարտող կողմերի ռազմական ձեռքբերումներն իհարկե ազդեցություն ունեն: Ցավոք, Ադրբեջանը վաղուց սպառազինությունների մրցավազք է հրահրել, ինչը բացասական ազդեցություն է ունենում հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա»- եզրափակում է նա:

Ադրբեջանը գրեթե 30 անգամ ավելացրել է իր ամենամյա ռազմական ծախսերը, քան Իլհամ Ալիևի ավելի քան տասնամյա նախագահության օրոք: Այս տարի այն, ըստ կանխատեսումների, կազմում է շուրջ 3,6 մլրդ դոլար` Հայաստանի ամբողջ պետական բյուջեից ավելի: Համեմատության կարգով` Հայաստանի 2015-ի ռազմական բյուջեն համարժեք է միայն մոտ 500 մլն դոլարի:

Մինչդեռ որոշ փորձագետներ չեն բացառում, որ Հայաստանին վարկ տրամադրելուց հետո Ռուսաստանը կարող է ակտիվացնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, ենթադրաբար, վերականգնելու հակամարտող կողմերի միջև «հավասարակշռությունը»: Վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվան արդեն Բաքվին է մատակարարել մինչև 4 մլրդ դոլարի զենք, այդ թվում` հարձակողական որոշ զինատեսակներ: