Ի՞նչ էր, եթե ոչ օկուպացիա. Սարգսյանն ասում է, որ Ղարաբաղի հայերը շտկել են Ստալինի ձեռքով արված բռնակցումը Ադրբեջանին

ԱՄՆ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գտնվելու օրերին ղարաբաղյան խնդիրն ասես առկա էր բոլոր հանդիպումներում, թեև նրա կարգավորման շուրջ ուղղակի բանակցություններ առայժմ չեն եղել:

Թեև այս օրերին Բարաք Օբամայի հրավերով Վաշինգտոնում են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, նրանց միջև հանդիպում չի պատրաստվում: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Իսկ ինքն արդեն հասցրել է հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրել է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցությունների ընթացքում: Նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում շարունակվող լարվածության կապակցությամբ:

Մինչդեռ ԱՄՆ-ում հենց նախագահների այցի ընթացքում Հավայիի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա արդեն ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ-ի յոթերորդ նահագն է:

Մարտի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Ինչպես հաղորդվել է, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի նահանգում` այցելելով հայկական ազգային կառույցների և նահանգի խոշոր ուսումնական հաստատություններ: Հարվարդում դասախոսության ժամանակ Սերժ Սարգսյանը հետաքրքիր հայտարարություն է արել Ղարաբաղի մասին:

Նախագահ Սարգսյանը օկուպացիա է համարել 1921 թ. Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, ասելով, որ Ստալինը պարզապես կամային որոշմամբ Ղարաբաղը նվիրեց Ադրբեջանին:

«Ի՞նչ էր 1921 թ.-ին Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա» - ասել է նա: 1991 թ. Ղարաբաղն ազատագրվել է օկուպացիայից: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի` հավելել է Սերժ Սարգսյանը:

Նա մեղադրել է Բաքվին բանակցությունների ընթացքում փոխզիջումների գնալու ցանկության բացակայության մեջ: Ադրբեջանը փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը, մինչդեռ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ միջազգային պարտավորություն, ասել է նախագահ Սարգսյանը:

Մինչդեռ իրավիճակը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հաղորդվում է նոր հրետակոծությունների և վնասների մասին: