Տեղեկատվական պատերազմ. Հայաստան-Ադրբեջան կիբեռ պատերազմն ուժեղանում է Ղարաբաղում բախումների ֆոնին

Սահմանային իրականությանը զուգահեռ` վիրտուալ տիրույթում նույնպես պատերազմ է` տեղեկատվական:

Ինչպես սահմանագծին, այնպես էլ տեղեկատվական դաշտում նախահարձակը հակառակորդն էր` հայկական լրատվական կայքերը ակտիվորեն ենթարկվում էին DDOS հարձակման ադրբեջանական կիբեռ բանակների կողմից (նրանց, սակայն, չէր հաջողվել որևէ պաշտոնական կայք կոտրել), թիրախավորված էին նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը:

Ադրբեջանական լրատվականները իրենց հերթին բազմաթիվ ապատեղեկատվություն էին տարածում` խեղաթյուրելով ինչպես սեփական զոհերի և ոչնչացված զինտեխնիկայի մասին տվյալները, այնպես էլ կայքերում տեղադրելով ակնհայտ վաղեմության ֆոտո- և տեսանյութեր` ներկայացնելով դրանք իբրև հայ սպանված զինվորների դիեր:

Հատկանշական է, որ այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմը ջանասիրաբար փորձում էր քողարկել, ի հայտ էր գալիս սովորական քաղաքացիների մեկնաբանություններից.

«Զոհերի թիվը 100-ից ավելի է ասում են, փառք տանք Ալլահին, որ սխալ լինի» (ադրբեջանցի օգտատեր Elvin Mammadov), կամ` «Թարթառի ժողովուրդը արդեն ազատել է գյուղերը, ինչո՞ւ այս մասին չեք գրում» (ադրբեջանցի օգտատեր Asi Asi):

Ադրբեջանական հաքերային խմբերի գրոհների պատասխանը չուշացնելով՝ հայկական կիբեռ բանակը հակառակորդին վիրտուալ տիրույթում շատ ավելի արագ և շոշափելի վնասներ էր հասցնում, դրա ապացույցը կոտրված ադրբեջանական մի քանի լրատվական և պաշտոնական կայքերը, ինչպես նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջն էր:

Հակառակորդի կողմից ստացվող տեղեկատվական հոսքի մեջ չխճճվելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը օգտատերերին զգուշացնում է ուշադրությամբ ուսումնասիրել՝ ի՞նչ աղբյուրից են կատարված հղումները.

«Այս օրերին ապատեղեկատվական հոսքը դեպի լրատվական դաշտեր զգալիորեն մեծացել է: Համացանցում են հայտնվում տարատեսակ դաժան տեսարաններ և դիակներ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, բայց եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ դրանց մեծ մասը Դոնբասում արված լուսանկարներ են, որտեղ չեչենական կողմը մեծ թվով մարդկային կորուստներ էր գրանցել, և այդ լուսանկարները տարբեր ռակուրսներից ու մեծ քանակությամբ լուսանկարվել և տարածվել էին, որոնք էլ այս օրերին նետվում են համացանց»:

Մարտիրոսյանը վստահ է, որ լուրջ հաքերային պայքար սկսելու համար ադրբեջանական կողմը չունի բավարար ռեսուրսներ:

«Այս առումով, թերևս, առավել ագրեսիվ և արդյունավետ աշխատանքներ են ծավալում ռուսական և ուկրաինական կողմերը, և, ամենայն հավանականությամբ, այն հաքերային հարձակումները, որ գրանցվում են ադրբեջանական կողմից, ընդամենը վճարովի ծառայության արդյունք են, որից օգտվում են ադրբեջանցիները՝ վարձելով նմանօրինակ հաքերային խմբերին»:

Փորձագետը նաև հորդորել է համացանցից օգտվողներին չվստահել անծանոթ օգտատերերին:

«Ֆեյք» օգտատերերից երկտողեր են ուղարկում սփյուռքի մեր հայրենակիցներին. «Զինվորի մայր եմ, տղաս առաջնագծում է, լուր չունեմ, տեղս չեմ գտնում, փող չունեմ, որ տղայիս զանգեմ, խնդրում եմ` փող փոխանցեք այսինչ հեռախոսահամարին»։ Նման դեպքերում անհրաժեշտ է չափազանց ուշադիր լինել, նույնիսկ հնարավոր է, որ ֆեյք օգտատիրոջ էջը լինի իրական էջին մոտ: Պետք չէ վստահել նման էջերին, քանի որ հիմնականում դրամահավաք անցկացնում են կազմակերպությունները: Ավելին` այս պահին մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ նման կարիքավոր զինվորների ընտանիքներ չկան»,- ասել է Մարտիրոսյանը «Արմենպրես» լրատվականի հետ զրույցում:

Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` սոցցանցերում լրատվական կայքերի և օգտատերերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հստակ տարբերակել հակառակորդի կողմից ուղղորդվող կեղծ և ապատեղեկատվություն տարածող կայքերը:

Գոհունակություն հայտնելով հայկական մեդիադաշտի հստակ և հավասարակշռված պահվածքի վերաբերյալ` ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ առանձին լրատվամիջոցների` հակառակորդի տեղեկատվական ծուղակներից խուսափելը նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին: