Քաղաքական պատասխան. հայ օրենսդիրները քննարկում են Ղարաբաղը ճանաչելու հնարավորությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ, կարող է հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար:

Երկուշաբթի՝ ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները:

Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Սարգսյանը:

Ռազմական փոխօգնության պայմանագիրը, ըստ քաղաքական գործիչների` Արցախի ճանաչման գործում առաջին քայլն է:

«Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը բազմիցս մերժվել է ԱԺ-ում՝բանակցային գործընթացը չտապալելու պատճառաբանությամբ: Այդուհանդերձ, քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ Հայաստանը այսօր իսկ արդեն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ Ադրբեջանը դուրս է եկել բանակցային գործընթացից:

«Աշխարհն արդեն ընդունում է, որ այս պատերազմը վերսկսել է Ադրբեջանը, դրանով իսկ նա հրաժարվել է 1994 թվականի համաձայնագրերից, փաստացի իրեն դուրս է բերել բանակցային գործընթացից: Եթե դուրս է բերել, սա պետք է լինի համարժեք պատասխանը: Մինչ այդ մեզ ասում էին` մի՛ ճանաչեք, որովհետև դա հրաժարում կլինի բանակցային գործընթացից: Բայց արդեն բանակցային գործընթաց լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը չկա այդ գործընթացում, Ադրբեջանը իրեն գտել է պատերազմի մեջ»,- ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պայմանագրի տեքստը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունների կողմից մշակվելուց հետո ուղարկվելու է ԱԺ: Նրա դիտարկմամբ` կնքվելիք պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար:

«Նաև այդ պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, և մենք ուշ թե շուտ հասնելու ենք դրան: Մեր նպատակը երբեք չի եղել միակողմանի ճանաչում, մեր նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից՝ միջազգային նորմերին համապատասխան»,- ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով այս հարցին` ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում նշել է. «Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծում է, որ հիմա փաստաթղթերով պատերազմելու ժամանակը չէ, ԼՂՀ անկախության ճանաչումը փաստաթուղթ է:

«Չեմ կարծում, որ ճանաչումը որևէ արդյունք կբերի Ադրբեջանին հակազդելու առումով, կփոխի ռազմական գործողությունների ընթացքը՝ Ադրբեջանը կդադարեցնի պատերազմը, կամ ընդհակառակը՝ կսկսվեն լայնամասշտաբ գործողություններ: Հասկանալի է, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորը Հայաստանն է, օգնություն է ցուցաբերում, անկախ` ճանաչե՞լ է, թե՞ ոչ: Քաղաքական ակտ կարող է լինել, բայց հիմա իրավիճակն այլ է, դրա ժամանակը չէ»,- ասել է Իսկանդարյանը: