Հարևանների արձագանքը. Վրաստանը և Իրանը հանդարտության կոչ են անում

Հայաստանի և Ադրբեջանի հյուսիսային և հարավային հարևանները հանդես են եկել հակամարտող կողմերին ուղղված կոչով` ուղղված իրավիճակի լիցքաթափմանը Լեռնային Ղարաբաղում, որտեղ ապրիլի 2-ից թեժ բախումներ են ընթանում:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հնարավոր ամեն ինչ անել վերջ դնելու ներկայիս լարվածությանը: Վրաստանի ղեկավարը Թբիլիսիում հանդես է եկել նման հայտարարությամբ այս երկրում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, ինչպես հաղորդվում է, հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում ընդգծել է բախումները դադարեցնելու և տարածաշրջանում հանդարտություն հաստատելու անհրաժեշտությունը:

Իրանում, որն անմիջապես սահմանակից է հակամարտության գոտուն, ապրիլի 5-6-ը կանցկացվի Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ինչպես սպասվում է, քննարկումների ընթացքում առանցքային տեղ կզբաղեցնի:

Ինչպես հաղորդվում է, երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը` «միջամտելու Ղարաբաղի շուրջ դիմակայությանը»:

Ռուս և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները անուն չեն տվել, սակայն որոշ վերլուծաբաններ այն մեկնաբանել են որպես ուղերձ Թուրքիային և, հնարավոր է` Իրանին: