Ռազմական փորձագետ. Ադրբեջանը վատնում է իր սպառազինությունը և կենդանի ուժը

Հակառակորդի կիրառած զինատեսակները կարելի է դիտարկել որպես ճարահատյալ քայլ, և այդկերպ նրանք ցույց են տալիս իրենց թուլությունը՝ կարծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` ապրիլի 4-ին հակառակորդը 2014 թ. Ռուսաստանից գնած ՏՈՍ-1Ա («Սոլնցեպյոկ») ծանր հրանետային համակարգ է փորձել կիրառել, որը հայ հրետանավորները շարքից հանել են, իսկ ապրիլի 5-ին` «Սմերչ» ռեակտիվ համալիր, սակայն արձակած հրթիռը չի պայթել:

«Այս պահին ես որակում եմ որպես ճարահատյալ քայլ, որովհետև մարտավարական փոքր ձեռքբերում ունենալու համար շատ ծանր սպառազինություն են կիրառում, այսինքն` ռազմական տեսանկյունից շատ լուրջ բան չեն ստանալու, բայց ինչ ունեն-չունեն` փորձում են կիրառել»- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է Վրթանեսյանը:

Նրա պնդմամբ՝ հակառակորդը ծախսում է ոչ միայն իր սպառազինությունը, այլ նաև մարդկային ռեսուրսները.

«Ադրբեջանական կողմն այսկերպ ռեսուրսների կորուստ է ունենում, իսկ այն մարդկային կորուստները, որ իրենք կրեցին, նաև ֆինանսական առումով շատ լուրջ էին: Նրանք հատուկջոկատայիններ են, որոնց պատրաստությունը շատ թանկ արժե՝ խոսքը հարյուր-հազարավոր դոլարների մասին է, եթե ոչ միլիոնավոր»,- նշում է նա:

Վրթանեսյանի խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան տալիս է. «Այդ զինատեսակներից ոչ բոլորն ունենք Ղարաբաղում, բայց եղած սպառազինությունը առավել ձևով կիրառվում է»,- եզրափակեց նա:

Ադրբեջանի կողմից «Սմերչի» կիրառման մասին ավելի վաղ էլ էր խոսվում, սակայն պաշտոնապես չէր հաստատվել։

Այս զինատեսակներով Ադրբեջանը զինվել է դեռևս 2004-2005-ին` նախ գնելով Ուկրաինայից,այնուհետև 2013-ին` Ռուսաստանից։ Ադրբեջանի կողմից այս զինատեսակն ունենալու փաստը հայկական կողմում բավականին լայն քննադատության արժանացավ, ոմանք խստորեն դատապարտեցին Ռուսաստանին նման հարձակողական զենք վաճառելու համար, ոմանք էլ դրական համարեցին, որ գոնե Ռուսաստանն է վաճառում և հարկ եղած դեպքում նաև կվերահսկի դրա կիրառումը։

«Սմերչի» ռազմական ու տեխնիկական բնութագրի վերաբերյալ մամուլում ու սոցցանցերում հայտնվում են տարբեր կարծիքներ: Ըստ ռուսական փորձագիտական շրջանակների՝ կործանիչ ուժով այն զիջում է միայն ատոմային ռումբին, ինչը սակայն հերքում են հայ փորձագետներից շատերն ու նշում, որ «Սմերչի» նկարագրությունը ռուսական ռազմական շրջանակների կողմից այդ զենքի իրական հնարավորությունների չափազանցություն ու ինքնագովազդ է:

Ըստ փորձագետների եզրակացության` ինչպես ցանկացած ռազմական տեխնիկա, «Սմերչ»
կայանքները մահաբեր միջոց են ինչպես զինված ուժերի, այնպես էլ քաղաքացիական բնակչության համար, սակայն դրանք չեն կարող համարվել ատոմային ռումբից հետո ամենահզոր զենքը կամ զանգվածային ոչնչացման զենք:

Իսկ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերը նախատեսված են հետևակի և տանկերի կրակային աջակցության համար, նախահարձակ և պաշտպանական մարտերի տարբեր տեսակների բաց և փակ կրակային դիրքերից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև՝ թեթև զրահապատ տեխնիկան և տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար: