Ղարաբաղի հետ. Հայաստանում և սփյուռքում ուսանողները և երիտասարդները իրենց զորակցությունն են հայտնում զինվորներին

Հայաստանից և սփյուռքից բազմաթիվ երիտասարդներ և ուսանողական կազմակերպություներ իրենց զորակցությունն են հայտնում առաջնագիծ մեկնած հայրենակիցներին:

Երևանի պետական համալսարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են Արցախում ծառայությունն անցկացրած կամավոր ուսանողների: Արդեն գրանցվել են 100-ից ավելի Արցախում ծառայած ուսանողներ, դեռ զինվորական ծառայություն չանցած բազմաթիվ ուսանողներ էլ դիմել են կամավորագրվելու: Հավաքվում են նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:

Երևանի Ամերիկյան համալսարանի 50 կամավոր ուսանողներ էլ օպերատիվ կերպով թարգմանություններ են կատարում պաշտոնական լրահոսից:

Միաժամանակ Լիբանանում, Հունաստանում, Փարիզում բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ հակաադրբեջանական ցույցեր են անցկացրել:

Մասնավորապես, Լիբանանում, չնայած Ադրբեջանի դեսպանատան բացակայությանը, երիտասարդները թղթիկներ են բաժանել հայերեն ու արաբերեն` շփման գծում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների և ադրբեջանական սանձարձակությունների վերաբերյալ:

Լիբանանի համալսարաններում, դպրոցներում ևս հավաքներ են կազմակերպվում։ Ըստ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների` հայկական համայնքը հետևում է արաբական մամուլին` առաջարկելով հայտնել հայկական մամուլի հաղորդած հավաստի տեղեկություններ։

Հունահայությունը ևս Սալոնիկում և Աթենքում բողոքի ցույցեր և քայլարշավ է կազմակերպել, որը գլխավորել են ՀՅԴ երիտասարդական և պատանեկան միության անդամները:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան նպատակ ուներ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ադրբեջանցի զինվորների, հատկապես` հայկական Թալիշ գյուղում իրականացրած վայրագությունների վրա: