Կրակը դադարեցվա՞ծ է. պաշտոնյաները, լրատվամիջոցները հաղորդում են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը երեքշաբթի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է:

Ելույթ ունենալով կեսօրին` Սենոր Հասրաթյանն ասաց, որ որ մի քանի ժամ է՝ կրակը դադարեցվել է, հայկական կողմը հաջողությամբ հետ է վերադարձրել կորցրած դիրքերը:

Ղարաբաղյան «Արցախպրես» լրատվական գործակալության աղբյուրները նույնպես հաստատել են այս տեղեկությունը, որ արդեն մի քանի ժամ է` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Նրանք նաև հաստատել է, որ ղարաբաղյան ուժերին հաջողվել է վերադարձնել դիրքերը:

Երևանում «Հրապարակ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ զինադադարի հայտարարման գործում մեծ դերակատարում է ունեցել Ռուսաստանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով բախումներն սկսվեցին ապրիլի 2-ին վաղ առավոտյան և շարունակվում էին ավելի քան երեք օրվա ընթացքում: Երկու կողմերն էլ հաղորդել են զոհերի մասին զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում:

Գերտերությունները և առաջատար միջազգային կազմակերպությունները, այդ թվում` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Չինաստանը, Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն և այլք, կոչ են արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը հակամարտության գոտում: