Թվիթերյան ու ֆեյսբուքյան գրառումներ Ղարաբաղի համար․աշխարհահռչակ հայերը գրառումներ են անում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Թվիթերյան ու ֆեյսբուքյան գրառումներ Ղարաբաղի համար․աշխարհահռչակ հայերը գրառումներ են անում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի


Հանրահայտ հայերն ու հայերին աջակցող աշխարհահռչակ մարդիկ վերջին օրերին իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ՝ աղոթելով խաղաղության համար ու դատապարտելով Ադրբեջանին` բախումները վերսկսելու ու նոր պատերազմ հրահրելու համար։

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում՝ քննադատելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ավելի քան 8000 մարդ հավանել, իսկ 1700-ը տարածել է Թանկյանի գրառումը։

«Կարծում եմ` Էրդողանը պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։

«Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին: Էս մարդը [Էրդողանը] էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:

Ամերիկյան շոու բիզնեսի ազգությամբ հայ հանրահայտ Քարդաշյան քույրերը նույնպես մեկնաբանել են Արցախում տիրող իրավիճակը, աղոթելու և խաղաղության կոչ արել։

«Աղոթում եմ Հայաստանում գտնվողների և աշխարհի բոլոր մարդկանց համար»,- «Ինսթագրամի» իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը՝ միաժամանակ տեղադրելով հայկական բանակի՝ տանկ և ուղղաթիռներ պատկերող լուսանկար ու կիրառելով #ԱղոթեքԽաղաղությանՀամար հեշթեգը։ Քարդաշյանի գրառումը հավանել էր ավելի քան 450 հազար օգտատեր ու ավելի քան 38 հազար մեկնաբանության էր արժանացել։

Քիմի քույրերը՝ Քորթնին ու Քլոեն, նույնպես անդրադարձել էին իրավիճակի սրմանը իրենց ֆեյսբուքյան էջերում՝ նշելով, որ աղոթում են խաղաղության համար:

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող, հայտնի հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը նույնպես իր համերաշխությունն էր հայտնել Արցախին և հայ զինվորներին: #ԱրցախըՈւժեղ է հեշթեգով Մովսիսյանը մի նկար էր տարածել, որում պատկերված էր հայկական տանկ՝ վրան ծածանվող եռագույնով ու գրել էր՝ «Միասին մենք ուժեղ ենք»։