Հարաբերական անդորր. Ղարաբաղը և Ադրբեջանը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

Լեռնային Ղարաբաղում մի քանի օր տևած թեժ մարտերից հետո հայկական երկրորդ հանրապետության ու Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են շփման գծի երկայնքով հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել ապրիլի 5-ի կեսօրին:

Սենոր Հասրաթյանը` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը, հայաստանյան լրատվամիջոցներին հայտարարել է, որ կրակը դադարեցվել է, հայկական կողմը հաջողությամբ հետ է վերադարձրել կորցրած դիրքերը: Նա այլ մանրամասներ չի հաղորդել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, հայտարարելով, որ ուղիղ կեսօրից Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցված են:

Հաղորդվում է, որ հրադադարի մասին երկկողմ համաձայնագիրը պատրաստվում է այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղին նվիրված հանդիպմանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով բախումներն սկսվեցին ապրիլի 2-ին վաղ առավոտյան և շարունակվում էին ավելի քան երեք օրվա ընթացքում: Երկու կողմերն էլ հաղորդել են զոհերի մասին զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում:

Գերտերությունները և առաջատար միջազգային կազմակերպությունները, այդ թվում` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Չինաստանը, Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն և այլք, կոչ են արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը հակամարտության գոտում: