«Ցավում ենք ու հպարտանում». հայերը հրաժեշտ են տալիս ղարաբաղյան մարտերի հերոսներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում հերոսաբար ընկած զինվորների մահը իրենց հայրերի ու պապերի հերոսության շարունակությունն է, ովքեր դեռևս 20 տարի առաջ՝ Արցախյան գոյամարտում, ապացուցեցին աշխարհին, որ հայի սիրտն ու ոգին անպարտելի են:

Մեր ժամանակի հերոսների սխրագործությունները մի քանի օրում ցնցեցին ողջ հասարակությանը: Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում տեղի են ունենում նահատակների հոգեհանգստյան ու թաղման արարողություններ:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ցավում ենք ու հպարտանում» գրառման ներքո պարբերաբար հրապարակում է վերջին մարտերի ժամանակ հերոսի մահով ընկածների անունները:

«4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, 26-ամյա կապիտան Արմենակ Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»,- գրել է Հովհաննիսյանը:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի 23-ամյա ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Նրան ծանր վիճակում տեղափոխել էին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր:

ԼՂՀ Հադրութ քաղաքից տանկիստ 38-ամյա Հովիկ Մայիլյան` երեք անչափահաս երեխաների հայր… 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի գնդացրող շարքային Քյարամ Սլոյան` Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից… 27-ամյա կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյան` Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից… 31-ամյա շարքային Հարություն Աբրահամյան` Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից… Հրթիռահրետանային ստորաբաժանման ծառայության պետ, մայոր 31-ամյա Հայկ Թորոյան և կրտսեր սերժանտ 23-ամյա Ռուբեն Իսկանդարյան` Երևանից… Հրամանատար սերժանտ 53-ամյա Յուրի Փարամազյան` Մարտունուց… Զորամասի նյութական ապահովման վաշտի առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, չորս երեխաների հայր շարքային Նոդարիկ Մարգարյան` Լոռու մարզից… 27-ամյա գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Մկրտչյան՝ Երևանից:

Սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են` սգում ենք, խոնարհվում ու փառք տալիս հերոսներին` կոչ անելով ամեն ինչ անել նրանց ընտանիքների, երեխաների կողքին լինելու համար:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել է. Արցախում զոհվածների ծնողների ու հարազատների վիշտն անսփոփ է ու անծայրածիր:

«Ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել մեր հերոսների ծնողներին ու հարազատներին: Նրանց պետք է մեր օգնությունը: Զոհվածները մեր հերոսներն են: Նրանք պաշտպանել են մեր անկախությունը: Եվ բոլոր զոհվածները միացել են անցած տարիների սրբերին ու նահատակներին: Թող նրանք այս անհուն վշտի մեջ հպարտությամբ լի լինեն: Քանի որ յուրաքանչյուր սուրբ նահատակ ժողովրդի հպարտությունն է: Այդ հպարտությունը մեզնից յուրաքանչյուրի սրտում է: Առաջին հերթին` ծնողների: Քանի որ նրանք ազգային հերոսների ծնողներ են: Մենք նրանց կողքին ենք»,- ասել է Մանուկյանը:

Այս ամենին զուգահեռ սոցցանցերն ու լրատվամիջոցները տարածում են տեսանյութեր, թե ինչպես են սահմանին կանգնած զինվորները խոցել թշնամու ուղղաթիռը, հակահարված գործողություններ կատարել: Հակառակորդի ուղղաթիռը նռնականետով ոչնչացրած ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը, ով այժմ հոսպիտալում է՝ խոցված ուղղաթիռի պայթյունից վիրավորում ստանալու հետևանքով, լրատվամիջոներին պատմել է. «Ուղղաթիռի ձայնը լսեցի, վազել եմ, զենքը վերցրել եմ, դիրքից 40-50 մ հեռավորության վրա էր ուղղաթիռը, ու էդ ժամանակ կրակել եմ միանգամից»:

Բազմաթիվ տեսանյութերում էլ զինվորները ողջունում են իրենց հարազատներին, փոխանցում, որ լավ են, մարտական ոգին տեղն է, շնորհակալություն հայտնում ծնողներին՝ իրենց հենց այդպիսին դաստիարակելու համար:

Կամավոր առաջնագիծ մեկնած, յոթ երեխաների հայր Սամվել Օրդուբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում պատմել է, որ մեկնել է առաջնագիծ սեփական որդու և բոլորի երեխաների կողքին կանգնելու համար:

«Նոր եմ իջել պոստից, էնտեղ սաղ երեխեքը... Առյուծները երևի իրանց դեմ չեն կարա, ա՛յ էդ տիպի տղերք են, դուխով բոլորը կռվում են»,- ասել է Օրդուբեկյանը: