ԵԱՀԿ Մինսկի խումբ․ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման կոչ է արել այսօր՝ ապրիլի 5-ին, Վիեննայում ընթացող հանդիպման ժամանակ:

Ավստրիայի մայրաքաղաքից հրապարակված հայտարարությամբ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա, ինչ նաև Ավստրիան, որը 2017-ին նախագահելու է ԵԱՀԿ-ն, և Սերբիան, որը նախագահել է կառույցը 2015-ին, խստորեն դատապարտել են շփման գծում «աննախադեպ բռնության» առաջացումը: Նրանք նաև ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության համաձայն:

«Իրավիճակի վատթարացումը անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- նշված է հայտարարության մեջ:

«Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»:

Լեռնային Ղարաբաղում մի քանի օր տևած թեժ մարտերից հետո Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը ժամեր առաջ պայմանավորվել են շփման գծի երկայնքով հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել ապրիլի 5-ի կեսօրին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով բախումներն սկսվել են ապրիլի 2-ին վաղ առավոտյան և շարունակվում էին ավելի քան երեք օրվա ընթացքում: Երկու կողմերն էլ հաղորդել են զոհերի մասին զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում:

Գերտերությունները և առաջատար միջազգային կազմակերպությունները կոչ են արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը հակամարտության գոտում:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կայցելեն Երևան։