Ռուսաստանը կոչ է անում Ղարաբաղում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հարաբերական հանգստի ֆոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իր հայ և ադրբեջանցի գործընկերներին «անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը և հակամարտության ռեժիմի պահպանմանը»` երեքշաբթի Հարավային Կովկասի ղեկավարների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում:

Կրեմլը հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին, երբ հայկական և ադրբեջանական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել ապրիլի 2-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկսված ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմերից զոհվել են ավելի քան երեք տասնյակ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

Հեռախոսազրույցների ընթացքումՌուսաստանի ղեկավարը խոր մտահոգություն է հայտնել լայնածավալ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի: «Նշվել է, որ Ռուսաստանն իրականացնում է և կշարունակի իրականացնել իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ միջնորդական ջանքեր»,- հաղորդել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից: «Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի վերսկսման կարևորությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծում փնտրելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»:

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ մեկտեղ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է: Նրանք այսօր ավելի վաղ հանդիպել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` քննարկելու Լեռնային Ղարաբաղում լարվածության վերջին սրումը:

Մինսկի խմբի անդամ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև 2017-ին ԵԱՀԿ-ն նախագահող Ավստրիայի և 2015-ին կառույցը նախագահած Սերբիայի ներկայացուցիչները խստորեն դատապարտել են շփման գծում «աննախադեպ բռնության» առաջացումը: Նրանք նաև ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության համաձայն:

«Իրավիճակի վատթարացումը անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ ավելի ուշ կայցելեն տարածաշրջան: