Քառօրյա պատերազմի հետևանքները. հայ քաղաքական գործիչները պնդում են, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ

Հայաստանի քաղաքական ուժերը երեքշաբթի արձագանքեցին Լեռնային Ղարաբաղում չորս օր տևած թեժ մարտերից հետո կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը:

Հրադադարն ուժի մեջ մտավ ապրիլի 5-ի կեսօրից, թեև ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվում էին, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կովկասի ղեկավարների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կոչ էր արել կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը և հակամարտության ռեժիմի պահպանմանը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի վերսկսման կարևորությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծում փնտրելու նպատակով:

Երեքշաբթի ԵԱՀԿ Մինսկի խումբը, դատապարտելով տեղի ունեցածը, կոչ էր արել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Բանակցային գործընթացի վերսկսման կոչերին հայաստանյան ներքաղաքական դաշտի արձագանքն այն է, որ բանակցային սեղանի շուրջը պետք է նստի նաև Լեռնային Ղարաբաղը:

Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վտանգավոր է համարում Ռուսաստանից հնչող մտքերը, որ պետք է նոր պայմանագիր ստորագրվի:

«Եթե առաջարկ է արվում Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պայմանագրի ստորագրման մասին, ես դրան կողմ եմ, բայց Հայաստանն այստեղ անելիք չունի: 1994 թ. զինադադարի մասին պայմանագիրը լուրջ քննարկումների, բանակցությունների, զիջումների արդյունք է, կողմերը հասկացել էին, որ պետք է պայմանագրի ոգով և տեքստով շարժվել: Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է խախտել, պետք է ստիպել, որ Ադրբեջանը չխախտի պայմանագիրը. նոր պայմանագրի կարիք չկա»,-ասել է Արզումանյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` գլխավորը հակառակորդին խաղաղություն պարտադրելն է. «Եթե մենք խոսում ենք զինադադարի մասին, ոչ թե պետք է խոսենք նոր զինադադարի մասին, այլ պետք է զորքերը բոլորը հետ տանեն այն պահին, որոնք եղել են ապրիլի 1-ի առավոտյան: Այսինքն՝ համապատասխան 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի»:

Սակայն շատերը համոզված են` եթե անգամ ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատվեց, երաշխիքներ չկան, որ մի քանի օրից Ադրբեջանը նույնը չի կրկնի:

Ղարաբաղից նոր վերադարձած ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է. մարդիկ ամենուր քննարկելով ստեղծված նոր իրավիճակը հասկանում են, որ Ադրբեջանը պետք է տարածքային շատ լուրջ և շոշափելի կորուստներ կրի:

«Կոնկրետ խնդիր է դրված, որ բավականին տեսանելի քաղաք անցնի ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության ներքո: Պետք է հստակ հայտարարվի, որ Ղարաբաղի հարցով այլևս որևէ բանակցություն մենք չենք վարելու այնպիսի ձևաչափերում, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ որպես կողմ: Այն բանակցային սեղանը, որտեղ քննարկվում է Ղարաբաղի հարցը, որտեղ ԼՂՀ ներկայացուցիչը նստած չէ, այդտեղ Հայաստանը ասելիք չունի»,- ասել է Փաշինյանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը Nyut.am-ի հետ զրույցում նշել է, թե քանի որ, ըստ էության Բաքուն հարձակվել է ԼՂՀ-ի վրա, պետք է հենց Արցախի օրինական ընտրված իշխանությունների հետ էլ ստորագրի հրադադարի համաձայնագիրը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին երեկ ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածությանը` քաղաքագետն արձանագրել է, որ այն կարելի է դրական համարել, եթե, իհարկե, համաձայնագրի ստորագրման դեպքում կողմերից մեկը լինի ԼՂՀ-ն:

«Ես Ալիևի ոչ մի ստորագրությանն ու խոսքին չեմ հավատում, բայց եթե հրադադարի պայմանագիրը հարգվելու է, Ղարաբաղի համար խաղաղություն է երաշխավորելու, ապա պետք է լինի այդ համաձայնագիրը, իսկ եթե ուղղակի թղթի կտոր է լինելու, որի պայմանները չեն հարգվելու հենց Ադրբեջանի կողմից, ուրեմն դա լրիվ անիմաստ բան է դառնալու»,- ասել է նա:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարություն է տարածել, որում նշել է. պետք է վերսկսել բանակցությունները, բայց այս անգամ` կրկնակի հաղթողի դիրքերից, իսկ պայմանների պայմանը պետք է լինի ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելը:

«Ալիևը ստիպված է լինելու խոսել ղարաբաղցիների, Արցախի հետ և ընդունել ԼՂՀ անկախությունը: Բլից կրիգը իմաստ ունի, երբ հաղթում ես, իսկ երբ պարտվում ես, բլից կրիգը նաև քաղաքական կապիտուլյացիա է: Սա Ալիևի կապիտուլյացիան է, նրա վերջի սկիզբը: Որքան շուտ դա հասկանա, այնքան քիչ զոհեր կլինեն, երկու կողմերից էլ: Սա է այսօր Հայաստանի և Արցախի ռազմական, դիվանագիտական ու քաղաքական օրակարգում»,- նշել է Եսայանը: