Պաշտպանության նախարար Օհանյան. կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերը

Լեռնային Ղարաբաղում ավելի քան երեք օր տևած ծանր մարտերից հետո երեքշաբթի կեսօրին կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ` ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Երևանում կայացած կառավարությանն նիստում:

Օհանյանի խոսքով` ապրիլի 2-5-ը ադրբեջանական ուժերի նախահարձակ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դիրքերի դեմ աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես Ղարաբաղյան պատերազմի համեմատ: «Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց զինված ուժերի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը`«Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ:

«Հակառակորդի կորուստների քանակը պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- հավելել է Օհանյանը:

Երեքշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ին ռազմական գործողություններ սկսվելուց հետո 29 հայ զինծառայողներ են զոհվել, ևս 28-ը` անհայտ կորած: Իսկ 101 զինվոր էլ վիրավորվել են մարտերի ժամանակ: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է իր զոհերի թիվը` 31:

Ելույթ ունենալով այսօրվա կառավարության նիստում` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նաև վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պահպանում է նախաձեռնությունը և վերահսկողությունը Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա ընդգծեց հայ զինվորների և կամավորների հերոսությունը, որոնք, նախարարի խոսքով` այս առճակատման ընթացքում կանխեցին ինչ-որ բանի հասնելու Ադրբեջանի փորձերը: