Նախկին արտգործնախարարներ. ղարաբաղյան բանակցությունների եռակողմ ձևաչափը պետք է վերականգնվի

Նախկին արտգործնախարարներ. ղարաբաղյան բանակցությունների եռակողմ ձևաչափը պետք է վերականգնվի


Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո դիվանագիտական տեսանկյունից ամենակարևոր խնդիրը եռակողմ բանակցային գործընթացին վերադառնալն է` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը.

«Միայն այդ ճանապարհով է հնարավոր իրական հանգուցալուծման հասնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող արդյունք տալ: Մեր դիվանագիտությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի տեղի ունենա վերադարձ եռակողմ ձևաչափին»,- նշեց նա:

Լեռնային Ղարաբաղում չորս օր տևած թեժ մարտերից հետո Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին , որն ուժի մեջ է մտել ապրիլի 5-ի կեսօրին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, հայտարարելով, որ ուղիղ կեսօրից Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցված են:

Մեկ այլ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ եթե զինադադարի պայմանագիր ստորագրվի, ապա այն պետք է կնքվի միայն ԼՂ և Ադրբեջանի միջև.

«Զինադադարը ստորագրվել է 1994թ. երեք կողմերի միջև, Ադրբեջանը խախտել է այն, պատասխանը ստացել է: Կա՛մ պետք է վերադառնա ու առաջնորդվի այդ զինադադարի պայմանագրով, կա՛մ պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին՝ նոր պայմանագիր ստորագրվի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, այստեղ Հայաստանը որևէ անելիք չունի»,-ասաց նա:

Փափազյանն իր հերթին հավելեց, որ դիվանագիտական գործունեության, քաղաքական բանավեճերի և վերլուծության հարցերը այժմ երկրորդական են, եթե հակառակորդի կողմից դեռ օկուպացված տարածքներ կան:

«Այդ տարածքները պետք է ետ բերել, սա է առաջնահերթ խնդիրը: Այսինքն՝ այն վիճակը, որ կար ճակատում մինչև ամսի 1-ը, պիտի ամբողջությամբ վերականգնվի: Եթե հնարավոր է, այն պիտի բարելավվի մեզ համար: Մնացած խնդիրները ես այս պահին համարում եմ անիմաստ»,-եզրափակեց նա: