Սպորտը և պատերազմը. հայ մարզիկները իրենց աջակցությունն են հայտնում Ղարաբաղում կռվող զինվորներին

Վերջին լարված օրերին ամբողջ հայ ազգը կենտրոնացած է Ղարաբաղի քառօրյա պատերազմի վրա, որը ըստ վերջին տվյալների խլել է մոտ 3 տասնյակ հայ զինծառայողի կյանք:

Այս ամենից անմասն չեն մնացել նաև հայ մարզիկները, ովքեր սոցցանցերում իրենց խոսքով և հաղթանակով քաջալերում են հայ զինվորներին:

Ապրիլի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Աբաղյանը ոսկե մեդալակիր է դարձել Աթենքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի երիտասարդական առաջնությունում:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում հայ ձյուդոիստի մրցակիցը եղել է ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլին, որին նա հաղթել է և գրավել առաջին տեղը:

«Նվաճումս թող մեր բանակի նոր հաղթանակների սկիզբը լինի»,- ասել է Աբաղյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ բանակի մարզական ակումբում:

«Առավոտ»թերթի հետ զրույցում ԱՄՆ-ում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով ապրիլի 9-ին Լաս Վեգասում չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ ասել է. «Ես ոգևորված եմ հայ զինվորի, հայ սպայի, հայ հրամանատարի, հայ մարդու խիզախությամբ, քաջությամբ ու անպարտելիությամբ: Նրանց ոգին ինձ էլ է ոգևորում»:

Աբրահամն ասել է, որ ապրիլի 9-ի մենամարտում իր հաղթանակը նվիրելու է հայ զինվորին:

Իսկ ապրիլի 5-ին Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր ժողովրդի համար այս դժվարին պահերին եկեք հանդես բերենք համախմբվածություն և ուժ:

Աղոթում եմ մեր տարածաշրջանում խաղաղության համար, և մտահոգված եմ մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների համար: Պինդ կաց, Հայ Ազգ, մենք կողքիդ ենք!»:

Ավելի վաղ` ապրիլի 3-ին, Յուրա Մովսիսյանը նույնպես իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` գրելով «Փառք ու պատիվ Հայ Զինվորին!»:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 2-ից` Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ գործողություններից հետո, հանրահայտ հայերն ու հայերին աջակցող աշխարհահռչակ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ՝ աղոթելով խաղաղության համար ու դատապարտելով Ադրբեջանին` բախումները վերսկսելու ու նոր պատերազմ հրահրելու համար։