ԱՄՆ-ին կոչ են արել վերականգնել 907 բանաձևի կիրարկումը` ի պատասխան ադրբեջանական ռազմական հարձակումների

ԱՄՆ-ին կոչ են արել վերականգնել 907 բանաձևի կիրարկումը` ի պատասխան ադրբեջանական ռազմական հարձակումների


Ամերիկահայ առաջատար կազմակերպությունն ասում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում արյունահեղության համար:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին հղված Ամերիկայի հայկական համագումարի նամակում համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են, որ Ադրբեջանին չի կարելի վստահել և վերջինս «պետք է պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար»: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը մեծագույն պատասխանատություն են կրում արյունահեղության և արդարացի խաղաղության չհասնելու համար»,- նշված է ԱՀՀ նամակում:

Համագումարը կոչ է արել լիովին կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը: «ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակությունը չի կարող տրամադրվել Ադրբեջանին, եթե և մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ: Նվազագույնը սա չկատարելու դեպքում հետագա սրման և լայնածավալ պատերազմի վտանգ է առաջանում», - ընդգծել են համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:

«Ամերիկայի հայկական համագումարը լիովին սատարում է Հայաստանի և Արցախի իշխանություններին և ինքնապաշտպանության նրանց իրավունքը, մինչ նրանք դիմակայում են Ադրբեջանի կողմից այս լայնածավալ և աննախադեպ հարձակմանը, - ասել են Բարսամյանը և Գրիգորյանը: Մենք նաև լիովին ընդունում ենք ԵԱՀԿ երկրների դեսպաններին ուղղված նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունը»:

Պետքարտուղար Քերրիին հղված ԱՀՀ նամակում նաև կարևորվել է ԱՄՆ-ի կողմից իրական և արդյունավետ գործողությունների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամրապնդման անհրաժեշտությունը: «Ներկա իրավիճակը պահանջում է շատ ավելին, քան դատապարտում. անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից հզոր և անհապաղ արձագանք` այս սցենարը դադարեցնելու համար»,- նշվում էր ԱՀՀ-ի նամակում:

Բացի այդ, Համագումարը մատնանշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «պետք է վերադառնա իր տեղին՝ որպես Մինսկի գործընթացում բանակցող կողմ և վերջինիս պաշտոնյաներին թույլատրվի ազատ ճանապարհորդել Վաշինգտոն և այլ երկրներ»:

Բարսամյանը և Գրիգորյանը հայտարարել են, որ Հայաստանը և Ղարաբաղն «արժանի են մեր լիակատար աջակցությանը՝ նրանց ինքնապաշտպանության հարցում» և հիշեցրել են նախագահ Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա»:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին և ապրելու անկախ՝ չենթարկվելով Ադրբեջանի բռնապետությանը», - նշված է ԱՀՀ նամակում:

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին, և Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ զինադադարը տևական կլինի: