Բեռլինյան տեսլական. Գերմանիայի կանցլեր Մերկելն առաջարկել է «կառուցողական աջակցություն»` մեղմելու լարվածությունը Ղարաբաղում

Բեռլինյան տեսլական. Գերմանիայի կանցլեր Մերկելն առաջարկել է «կառուցողական աջակցություն»` մեղմելու լարվածությունը Ղարաբաղում

Photo: www.president.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի առաջարկել է Բեռլինի «կառուցողական աջակցությունը»` լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությունը վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձգվող հակամարտությունում` հաղորդել է DPA լրատվական գործակալությունը:

«Չափազանց կարևոր է, որ հակամարտությունները հանգուցալուծվում են», - ասել է Մերկելը, որի երկիրը ներկայումս նախագահում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որը փորձում է միջնորդել հակամարտող երկրների միջև կարգավորմանը:

Մերկելը հանդես է եկել Բեռլինում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ով նույն օրն ավելի ուշ նախագահի նստավայրում հանդիպել է նաև Յոախիմ Գաուկի հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մայրաքաղաքում նույնպես քննարկումներ են անցկացրել:

Սարգսյանի այցը Գերմանիա հաջորդել է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց մեկ օր անց, որտեղ հայկական և ադրբեջանական ուժերը ապրիլի 2-ից գրեթե չորս օր ծանր մարտեր էին մղում: Երկու կողմերից տասնյակ հայ զինծառայողներ են զոհվել կամ անհայտ կորել, ինչպես նաև ավելի քան հարյուր մարդիկ են վիրավորվել բախումների ընթացքում, որի ժամանակ օգտագործվել են ծանր հրետանի, տանկեր, ուղղաթիռներ և այլ ժամանակակից ռազմական տեխնիկա:

«Նախևառաջ ամեն ինչ պետք է այնպես արվի, որպեսզի այլևս արյուն չհեղվի, և մարդիկ չզոհվեն, ուստի փոխընդունելի և տևական հրադադարի ռեժիմի հասնելու ջանքերը չափազանց հրատապ են»,- ասել է Մերկելը նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում` Reuters գործակալության փոխանցմամբ:

Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամուլի ծառայության, մեղադրել է Ադրբեջանին տարածաշրջանը «Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի» վերածելու մեջ:

«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն»,- ասել է Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը Բեռլինում քննարկվել է նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Սարգսյանի առանձին հանդիպմանը:

«Իրավիճակը հիմա խիստ անկայուն է»,- հանդիպումից հետո Շտայնմայերի խոսքը մեջբերել են լրատվական գործակալությունները: Գերմանիայի արտաքին քաղաքակսն գերատեսչության ղեկավարը կոչ է արել հակամարտող կողմերին համաձայնության գալ և «երկարաժամկետ կտրվածքով հրաժարվել ուժի կիրառումից», ամրապնդել հրադադարի ռեժիմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո սկսել բանակցությունները Ղարաբաղի «հետագա կարգավիճակի» շուրջ:

«Մենք կցանկանայինք դա տեսնել մոտ ապագայում»,- ասել է Շտայնմայերը: