Տեխնոլոգիական մարտադաշտ. փորձագետները կոչ են անում բարձր տեխնոլոգիաներ կիրառել պաշտպանության ոլորտում Ղարաբաղում բախումներից հետո

Տեխնոլոգիական մարտադաշտ. փորձագետները կոչ են անում բարձր տեխնոլոգիաներ կիրառել պաշտպանության ոլորտում Ղարաբաղում բախումներից հետո

Ֆոտոլուր

Ղարաբաղյան հակամարտության վերջին երեք օրերի ծանր մարտերը ցույց տվեցին, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական ուժերը ժամանակակից ռազմական սարքավորումներ ու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորություն ավելի քիչ ունեին` դրանց սակավության պատճառով:

Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից թեժացած ռազմական գործողությունները երևան հանեցին հայոց բանակի ուժեղ և թույլ կողմերը, քանի որ, փաստորեն, հայ զինվորը կռվում էր հակառակորդի տեխնիկայի դեմ. «Մտել ենք տեխնոլոգիական դարաշրջան, եթե պատրաստ չենք լինում դրան, ապա դրա համար գին պետք է վճարենք: Իսկ գինը մարդու կյանքն է: Ինչպես բոլոր դարաշրջաններում, ի վերջո, հաղթում է տեխնոլոգիապես ավելի ուժեղը»:

«Պետություն-հասարակություն-գիտություն կապը չի գործում: Մենք մարդկային կյանք ենք կորցնում, իրենք՝ տեխնիկա, փող: Մարդկային կյանքն ավելի կարևոր է, քան երկաթի կտորը, իսկ մեր զինվորը կռվում է երկաթի կտորի դեմ: Մեր ռազմաարդյունաբերությունը չզարգացնելու պատճառով, չօգտագործելով այն ներուժը, որն ունենք, ունեցանք լրացուցիչ զոհեր հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիական զենքերի օգտագործման պատճառով»,- նշել է Վարդանյանը։

Փորձագետը միակը չէ, որ անդրադարձել է հայկական զինված ուժերում արդի տեխնոլոգիաների կիրառության
բացակայությանը: Ծանր մարտերի օրերին Լեռնային Ղարաբաղում գտնվող «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որ նաև Ղարաբաղյան ազատամարտի մասնակից է, ֆեյսբուքյան իր էջում, խոսելով խնդրից, նշել է, որ «նոր տեխնոլոգիաներն այդպես էլ չկարողացանք մտցնել բանակ»։

«Այսօր այստեղ ամեն պահի զգում ես, թե որքան հետ ենք մնացել, վաղուց, շատ վաղուց այն պետք է առաջնային, գերակա ճյուղ դառնար հենց բանակում։ Էսքան կորուստներ չէինք ունենա։ Ինչո՞ւ չենք կարողանում օգտագործել եղած հնարավորությունները, որ առկա են ուրիշ բանակներում, ինչո՞ւ ինքներս չենք ստեղծում անհրաժեշտ նոր գործիքներ՝ ունենալով լավ մասնագետներ»,- ասել է Բաղդասարյանը։

Վերլուծելով անցած մի քանի օրերը` քաղաքացիական ակտիվիստ Արեն Մանուկյանը նշել է, որ «Ադրբեջանի զինտեխնիկան, հատկապես անօդաչու սարքերը, ցույց տվեցին իրանց առավելությունը»։

«Էս ամեն ինչը սենց չէր լինի, եթե բանակը չլիներ էսքան կոռումպացված, ու բոլոր գեներալները` միլիոնատեր։ Էդ գումարներն ուղղվեին բանակում նոր տեխնոլոգիաների զարգացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը:

Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Վարդանյանը նշել է, որ մերօրյա պատերազմներում ի վերջո հաղթում է տեխնոլոգիապես ավելի հարուստը, մինչդեռ, աշխատանքի դեպքում հնարավոր էր ռադիոորսիչների միջոցով որսալ անօդաչու թռչող սարքերի մոտեցումը, օրինակ.

«Մենք լուրջ կորուստ ունեցանք, օրինակ` Սիսիանի ջոկատի դեպքը, երբ անօդաչու սարքն էր հարվածել: Այն շատ բարձր տեխնոլոգիական ապրանք է, նրա մեջ կենտրոնացած է տեխնոլոգիական ոլորտի բոլոր ձեռքբերումները։ Ակնհայտ է, որ այդ սարքը ադրբեջանցիք չեն կառավարել»։

Փորձագետը նաև արձանագրել է, որ վերջին օրերին տեխնոլոգիական ոլորտին դիմումներ չեն եղել՝ վերլուծելու, հասկանալու, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդը` հետագայում նման գործողություններին հակազդելու համար.

«Մենք ունենք 15 հազար մարդ աշխատող տեխնոլոգիական տարբեր ոլորտներում, որոնք արտադրանք են տալիս այլ երկրների համար, այդ թվում` ռազմական արտադրանք»։

Զինված ուժերում տեխնոլոգիաների կիրառմանը չորեքշաբթի Ազգային ժողովում անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ընդհանուր առմամբ գովաբանելով հայ զինվորականներին Ղարաբաղում վերջին օրերին ծավալած իրենց գործողությունների համար` նախարարը նշել է, որ պետք է նաև դասեր քաղել տեղի ունեցածից։

Օհանյանը հավելել է, որ ջանքեր են գործադրվում Հայաստանում ռազմական արդյունաբերության ոլորտը առաջիկա տարիներին զարգացնելու ուղղությամբ: