Հայաստանը և Ղարաբաղն ասում են` զբաղվում են բախումներից հետո անհայտ կորածների հարցով, ԿԽՄԿ-ն ևս ներգրավված է

Հայաստանը և Ղարաբաղն ասում են` զբաղվում  են բախումներից հետո անհայտ կորածների հարցով, ԿԽՄԿ-ն ևս ներգրավված է


Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառօրյա պատերազմի հետևանքով զոհերից և վիրավորներից բացի կան նաև անհայտ կորածներ, որոնց հարազատներն ամեն պահ անհամբերությամբ սպասում են իրենց զինվորներից լուրերի:

Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով անհայտ կորած զինծառայողների հարցին, նշել է, որ գլուխ է խոնարհում զոհված զինծառայողների, նրանց հարազատների առջև:

«Մեր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք անհայտ կորածների հարցը լուծել: Այդ գործում գիտեք, որ ես անհայտ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողովի նախագահն եմ, համապատասխան աշխատանք տանում ենք:

Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տարվում, բայց կարծում եմ, որ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեզ համար հեշտ կլինի նաև պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու, փոխանակելու առումով: Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք»,- ասել է նախարար Օհանյանը:

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են աջակցելու և սատարելու հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալու որպես չեզոք միջնորդ:

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը»,- ասել է Պատրիկ Վիալը:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին նշել է, որ այս պահին նորություններ չունեն, քանի որ սպասում են իշխանությունների քայլերին, որպեսզի կարողանան զբաղվել զոհված զինվորների կամ անհայտ կորածների հարցերով: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը, բացի պաշտոնապես հրապարակված տվյալներից, այլ տեղեկություններ չունի:

«Մենք հետևում ենք իրավիճակին, միայն կողմերից հաստատում ստանալու դեպքում կարող ենք գործել: Կողմերից ոչ մեկից դեռևս հաստատում չենք ստացել»,- նշել է Ամատունին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներին ասել է, որ հայկական կողմը ադրբեջանցի գերիներ չունի, հակառակ դեպքում կդիմեին Կարմիր խաչի միջազգային կոմիտե: Հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցելու Ադրբեջանին։ Ըստ Բաբայանի` թե՛ անհայտ կորածների և թե՛դիակների փոխանակման հարցով հայկական կողմը գործընթաց է սկսել։

«Մենք, իհարկե, մեր կողմում ունենք դիակներ, գործընթացը կգնա, կտեսնենք` ինչ ենք անում։ Դա պրակտիկա է, իմ ասելով չի, այդ գործընթացը ընթանում է նույնիսկ պատերազմի թեժ ժամանակներում։ Հիմա այդ գործընթացը դեռ սկզբնական մասում է, նախ պետք է ճշտվեն այդ անհայտ կորածների ցուցակները»,- ասել է Բաբայանը:

Ըստ պաշտոնական տվյալների` գրեթե չորս օր տևած ռազմական գործողությունների հետևանքով շփման գծում անհետ կորել է առնվազն 28 զինվոր։

ԿԽՄԿ-ն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելը և նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Հայաստանում ԿԽՄԿ-ն գործում է 1992 թ.-ից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: