Կրակի դադարեցում, օր 3-րդ. մաքոքային դիվանագիտության միջնորդները Ղարաբաղում են շարունակվող լարվածության պայմաններում

Կրակի դադարեցում, օր 3-րդ. մաքոքային դիվանագիտության միջնորդները Ղարաբաղում են շարունակվող լարվածության պայմաններում


Արխիվային լուսանկար

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ներկայացնող միջազգային միջնորդները հինգշաբթի այցելել են Լեռնային Ղարաբաղ` մի քանի օր տևած թեժ մարտերից հետո ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության պայմաններում խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները չորեքշաբթի եղել են Բաքվում` քննարկելու հակամարտության գոտում վերջին արյունահեղությունը դադարեցնելու ուղիները: Ապրիլի 2-ին վերջին առճակատման հետևանքով երկու կողմերը տասնյակ զոհեր են ունեցել: Նախատեսվում է, որ միջնորդները Ստեփանակերտի իշխանությունների հետ բանակցություններից հետո ապրիլի 9-ին կայցելեն Երևան:

Մարտական գործողությունների դադարեցումը, ենթադրաբար, հնարավոր դարձավ, ռուսական կողմի միջնորդությամբ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում են բանակցություններ վարել և պայմանավորվածություն ձեռք բերել:

Թեև պայմավորվածությունը վերջին երկու օրերին հիմնականում պահպանվում է, սակայն իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ թե՛ Լեռնային Ղարաբաղում և թե՛ Հայաստանում:

Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը ոչ միայն չի պահպանում, այլև կրակահերթերն արդեն տեղափոխել է նաև Հայաստանի սահման, որն այս օրերին համեմատաբար խաղաղ էր։

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն` տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը, անցել են կազմակերպված պաշտպանության:

«Ծավալված մերձամարտի արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈՒ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել: Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին գրեթե ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել Հայաստանի Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:

«Հրաձգային տարբեր զենքերից զատ, մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից: ՀՀ զինված ուժերն ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»,- տեղեկացնում է Հովհաննիսյանը։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ հակառակորդի արձակած կրակից շտապօգնության մեքենա է ոչնչացվել, ու թեև մեքենայում մարդ չի եղել, նրանք սահման են մեկնել՝ զոհվածների դիերը տեղափոխելու համար, սակայն ըստ Բաբայանի՝ սա մարդու միջազգային իրավունքների ու Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է։

«Նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում այդ օբյեկտները չեն կարող թիրախ լինել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ չորեքշաբթի ողջ օրվա ընթացքում և այսօր հակառակորդը, իհարկե ոչ նախկին ուժգնությամբ, սակայն շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, որի հետևանքով ունենք զոհ։