Ռուսաստան. ղարաբաղյան կարգավորման բոլոր պայմանավորվածությունները «գործնականում պատրաստ են»

Ռուսաստան. ղարաբաղյան կարգավորման բոլոր պայմանավորվածությունները «գործնականում պատրաստ են»

Photo: www.mid.ru

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանավորվածության գրեթե բոլոր բաղադրիչները բանակցային «սեղանի վրա» են` հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Բաքվում իր ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներով:

«Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչպես դրանք [բաղադրիչները] դասավորել, այլ այն, որ պարզաբանել ինչ-ինչ ձևակերպումներ»,- հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:

«Այսօրվա և երեկվա բանակցություններն այստեղ` Բաքվում, նախագահ Իլհամ Ալիևի և [արտաքին գործերի] նախարար Էլմար Մամեդյարովի և վաղվա իմ հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի] նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նույնպես նվիրված կլինեն մեր այդ ջանքերին»,- ասել է Լավրովը, ընդգծելով, որ կարևոր են բռնության նման բռնկումներ թույլ չտալու համար միջոցներ ձեռնարկելը:

Ռուսաստանի միջնորդական ջանքերը հաջորդել են Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական զորքերի միջև գրեթե չորս օր տևած բախումներին, որոնց հետևանքով երկու կողմերն էլ ունեցան մի քանի տասնյակ զոհեր: Ռազմական գործողությունները դադարեցվեցին, ենթադրաբար, Մոսկվայի միջնորդությամբ, և չնայած դեռևս մերթընդմերթ տեղի ունեցող բախումներին, կողմերը հիմնականում պահպանում են ապրիլի 5-ից ձեռք բերված կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը:

Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է:

Այսօր համանախագահող երկրների ղեկավարները կայցելեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի իշխանությունների ղեկավարության հետ բանակցություններ վարելու:

Ղարաբաղյան խնդիրը նույնպես կգտնվի ապրիլի 7-8-ը Հայաստան և Ադրբեջան այցելող Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների կենտրոնում: