Վերլուծաբան. Ղարաբաղը պետք է ներգրավված լինի Մինսկի խմբի բանակցություններում

Վերլուծաբան. Ղարաբաղը պետք է ներգրավված լինի Մինսկի խմբի բանակցություններում

Ֆոտոլուր

Ադրբեջանն առաջիկայում լայնամասշտաբ գործողությունների չի դիմի, բայց չի բացառվում, որ ապագայում նույնը կարող է կրկնվել՝ ասում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է զարգացնի դիվանագիտական դաշտը և նեցուկ լինի Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու հարցում:

«Մի՞թե քառօրյա պատերազմը ցույց չտվեց, որ առանց Ղարաբաղի խնդիրը լուծելն անհնար է: Պետք է հարգել Ղարաբաղը և ներգրավել Մինսկի խմբի ձևաչափում: Իրատես լինելն ավելի ճիշտ է` ինչպե՞ս կարելի է այս ատելության մթնոլորտում փաթաթել մեր կամ նույնիսկ Ադրբեջանի վզին Ղարաբաղի հետ կապված ինչ-որ լուծում»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է հայաթափել Ղարաբաղը և դրանով լուծել հարցը: «Այստեղ է, որ հայկական կողմն աշխատանքներ ունի անելու՝ Ղարաբաղին ներգրավել ընթացող բանակցային գործընթացի մեջ, առանց դրա մենք կկանգնենք նոր լարված իրավիճակների առաջ»,- նկատեց նա:

Այն, ինչ չորս օր տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, Գրիգորյանը դիտարկում է որպես ռեալ պատերազմ, բայց այնուամենայնիվ կողմերը փորձեցին իրար, իսկ Ադրբեջանը զգաց Ղարաբաղի մարտունակությունը, ինչը մեծ ազդեցություն կարող է թողնել:

«Բարձրացած աղմուկից հետո Ադրբեջանը չի համարձակվի այսօր կամ վաղը նույնը կրկնել, բայց պետք է հասկանալ՝ մարդը, որը էմոցիոնալ է, կարող է նույնը կրկնել»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ավելի քան երեք օր տևած ծանր մարտերից հետո երեքշաբթի կեսօրին կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: