Հայկական կողմի զոհերի թիվը Լեռնային Ղարաբաղում հասել է 36-ի

36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած` ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքներն ամփոփելով` հինգշաբթի երեկոյան ներկայացրել է ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը։

Ըստ Առստամյանի՝ անցած օրվա ընթացքում լարվածությունը բավական նվազել է, սակայն առանձին ուղղություններով նկատվել են հրաձգային զենքից հրադադարի խախտման դեպքեր, հյուսիսային հատվածում վիրավորում է ստացել մեկ զինծառայող։ Հայկական կողմն Աղդամի ուղղությամբ ոչնչացրել է հակառակորդի մեկ անօդաչու սարք։

«Ամբողջ գործողությունների ընթացքում, վերջին ճշտված տվյալների համաձայն` ԼՂՀ ՊԲ-ն ունի 36 զոհված, որոնցից 9 սպա և ենթասպա։ Նախորդ օրվա համեմատ թվերի տարբերության պատճառն այն է, որ մարտադաշտում հայտնաբերվել է չորս զինծառայողի դի, ևս մեկ զինծառայողի ողջ են գտել։ Մարտական գործողությունների հետևանքով 122 զինծառայող վիրավորվել է, նրանցից 24-ը սպաներ և ենթասպաներ են, 98-ը՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ»,- տեղեկացրել է Առստամյանը։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ տեղեկացրել է, որ աշխատանք են իրականացնում հրետակոծությունից տուժած քաղաքացիներին աջակցելու համար։

ԼՂՀ կառավարության տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ իրենց են դիմել կացարանից զրկված մոտ 200 քաղաքացի, որոնց մեջ շատ են կանայք և երեխաները, ինչպես նաև տարեց, դժվար տեղաշարժվող անձինք:

«Մարդկանց թիվը գնալով ավելանում է: Նրանց տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, մոտ երեք-չորս հյուրանոցներում են նրանք այժմ ապրում, ապահովում ենք երեքանգամյա սննդով, անհրաժեշտ բժշկական սպասարկմամբ»,-նշել է Աթանեսյանը:

Ավելի վաղ Մարտակերտում եղել էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ արագ կվերականգնվեն հասցված վնասները։

Հինգշաբթի երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը նշել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտմանը Արցախի զինված ուժերը՝ մյուս ստորաբաժանումների հետ միասին հասցնելու են անհրաժեշտ հարված։

«Հրադադարի խախտման դեպքում պատասխան հարվածը կհասցվի, և դա միշտ լինելու է մեր ռազմավարության հիմքում։ Մենք այդպիսի հակառակորդի նկատմամբ չենք կարող ունենալ այլ մոտեցում։ Դրա հետ մեկտեղ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով իմ կողմից հնչեցված տեսակետները»,- ասել է Բակո Սահակյանը՝ իր խոնարհումը հայտնելով զոհված զինծառայողների ծնողներին։

Սահակյանը կարևորել է նաև բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությունն ու նշել, որ ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն կյանքի կոչվել, քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին։

«Կարծում եմ, որ վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան, որ վերանայեն իրենց որոշումը, և Արցախին վերականգնեն որպես լիիրավ բանակցային կողմ։ Եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը ընդհանրապես բանակցային գործընթացի նկատմամբ, ունենալու ենք միշտ թերի լուծում»,- նշել է Սահակյանը: