Ղարաբաղ. չնայած կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը` կրկին զոհեր են լինում

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի հետևանքով հայկական կողմն ունի կորուստներ։ Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

«Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983 թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ։ Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996 թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է, որ այս գիշեր հակառակորդը կրակել է Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:

«Մասնավորապես, 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասել է Հովհաննիսյանը: