Աջակցություն առաջնագծին. Հայաստանում տարբեր նախաձեռնությունների նպատակը զինծառայողներին և նրանց ընտանիքներին օգնելն է

Մարտական դիրքերում գտնվող զինծառայողներին ֆինանսական և առաջին անհրաժեշտ օգնություն տրամադրողների թիվը մեծաթիվ էր ռազմական գործողությունների առաջին օրվանից ի վեր:

Աջակցություն ցուցաբերողների մեջ կարելի է տեսնել ինչպես անհատների ու քաղաքացիական միավորումների, այնպես էլ խոշոր բիզնես կազմակերպությունների, բանկերի և գործարարների:

Վերջին ամենասպասված նորությունը առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին վարկային պարտավորություններից ազատելու` «Հայբիզնեսբանկի» հայտարարությունն էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվել է 44 զոհ, 100-ից ավելի վիրավոր, անհայտ կորածների թիվը հասնում է երկու տասնյակի:

Ապրիլի 7-ին «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանը հայտարարեց, որ վարկային պարտավորությունները կզրոյացվեն, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողությունները, հատկապես՝ բարձր գնահատելով տղաների սխրագործությունը հայրենի հողի և ժողովրդի պաշտպանության համար:

Բանկի հայտարարությունը հետևել էր սոցցանցերում հնչեցրած կոչերին, որտեղ կառավարությանը հորդորում էին կա՛մ զրոյացնել, կա՛մ էլ պետական միջոցներով փակել զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները:

Հասարակական ակտիվությունից հետո ԱԺ քառօրյա նիստում հարցը բարձրացրել էր նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Համոզված եմ, որ չկան ընտանիքներ, որոնք վարկային բեռի տակ կքած չեն: Որպեսզի չձգձգենք այս հարցը, մինչ այն համապատասխան օրենքով ընդունելը, գուցե կառավարությունը որոշում կայացնի լուծել վերջին օրերին զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունների հարցը»,- ասել էր նա:

Ի պատասխան Եսայանի հարցադրմանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ հարցը շատ զգայուն է և պետք է քննարկվի` ենթարկվելով մանրամասն վերլուծության.

«Այս պատասխանատու ամբիոնից նման հարցեր հնչեցնելը և դրանք անհետևանք թողնելը ո՛չ մեզ, ո՛չ կառավարությանը պատիվ չի բերի»:

Հատկանշական է, որ մինչ բանկերի` զոհվածների ընտանիքների վարկերը զրոյացնելու հայտարարությունները, սոցցանցերում նաև բջջային օպերատորներին ուղղված կոչեր էին տարածվել` ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգ ծառայությունը:

Հայաստանում գործող երեք` «Յուքոմ», «ՎիվաՍել» և «ԲիԼայն» բջջային օպերատորների արձագանքը չէր ուշացել` ԼՂՀ ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և կարճ հաղորդագրությունների համար սահմանելով 5 դրամ րոպե սակագին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության 7000 աշխատակից մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:

Քաղաքացիական նախաձեռնությունները, հանրապետության տարբեր շրջանների դպրոցների, անհատների մասնակցությամբ էլ առաջնագիծ հասցրել էին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներ:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հերթին նախաձեռնել է «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը` արցախահայության դժվարությունները մեղմելու, պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու նպատակով:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նվիրատվություններ անելու նպատակով HSBC բանկում բացվել է հատուկ հաշվեհամար`
001-018183-050 ՀՀ դրամով,
001-018183-150 ԱՄՆ դոլարով,
001-018183-152 եվրոյով փոխանցումների համար: