Հրադադար- 20. Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տասնամյակ անց «ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն»

Արդեն երկու տասնամյակից ավելի ձգվող տարածաշրջանի ամենաբարդ հակամարտությունը հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց էլ շարունակում է դամոկլյան սրի պես կախված մնալ տարածաշրջանի բնակչության գլխին:

Դեռևս նախորդ դարասկզբից սկիզբ առած, սակայն խորհրդային տարիներին քնեցված հայ-ադրբեջանական հակամարտությունը 1988-ին հրաբխի պես ժայթքեց և այրող լավայի ճիրաններում խեղդեց հազարավոր կյանքեր, որոնց արյունով գծվեցին ներկայիս երկու պետությունների սահմաններն ու փոխեցին ամբողջ տարածաշրջանի պատկերը:
1988-ից 1994-ը տևած Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հայկական կողմը՝ Հայաստանի զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ու ինքնապաշտպանական ջոկատները, շուրջ 6500 զոհ են տվել:

Ադրբեջանական կողմը՝ ըստ 2014-ի հունվարին զորակոչային-մոբիլիզացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ ունեցել է 11.557 զոհ: Սակայն դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խոսում էր 16 հազար զոհերի մասին, նրա որդին՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը՝ 12-15 հազար զոհերի մասին, իսկ 2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ հաղորդել էին 24 հազար զոհերի և 4 հազար անհայտ կորած զինծառայողների մասին:

Ավերված քաղաքներն ու գյուղերը, տեղահանված ժողովուրդը, խեղված ճակատագրերը, ձեռք բերված հայրենիքն ու անկախությունը և, ի վերջո, 1994-ի մայիսին հրադադարի մասին պայմանագիրը, որը թեև ռազմական գործողությունների դադարի երաշխիքը պետք է լիներ, սական հերթական «սառեցված կոնֆլիկտը» դարձավ մի նոր լարված ժամանակաշրջանի՝ «նյարդերի» պատերազմի սկիզբը:

1994 թ. մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994 թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Շատերի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ձեռքբերումն է:

Սակայն պայմանագրի կնքումից շուրջ երկու տասնամյակ անց էլ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) 2013 թ. իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի համար տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման փնտրտուքն է:

«Չնայած 1994 թ. հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։ 2013 թ. ընթացքում դրա հետևանքով սպանվել է 14 զինծառայող, վիրավորվել 5 քաղաքացիական անձ և 32 զինծառայող։ Այդ ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու նրա խումբը 16 անգամ եղել են հակամարտ զորքերի շփման գծում, 9 անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանին», - ասվում է զեկույցում:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանի համար կարևոր էր այս պայմանագիրը, սակայն ցավում է, որ այն կենսունակ չէ և չի դարձել իրավական լիարժեք փաստաթուղթ:
«Մեր որոշումներն ու տեսակետները միշտ նույնն են՝ ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, և միշտ էլ հանդես ենք եկել այդ դիրքերից, լավ կլիներ, որ հակառակորդը նույնպես ունենար այդ մոտեցումը,- ասում է Հովհաննիսյանը` ցավով նշելով, որ հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից հետո հայկական կողմը տարեկան մինչև մեկ տասնյակի հասնող զոհեր է ունենում ադրբեջանական կողմի խախտումների հետևանքով: - Չնայած որքան էլ տարօրինակ է, բայց հակառակորդն այսօր մոռացել է, որ 1994-ի այդ նույն հրադադարն ինքն է խնդրել, այդ խնդրագրերի պատճենները մեզ մոտ պահվում են»:

Այս մասին դեռևս տարիներ առաջ ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական կայքում գրել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ ասելով, որ Ադրբեջանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Ռասիլ Գուլիևը, փոխնախագահ Աֆիյատդին Ջալիլովը Մոսկվայում և Բիշքեկում հայտարարում էին, որ անհրաժեշտ է շուտափույթ հրադադար կնքել: Ըստ Կազիմիրովի՝ 1994-ին Բաքուն միայն մտածում էր, թե ինչպես պահի Թերթերն ու Բարդան, որպեսզի հայերին թույլ չտա դուրս գալ Կուր գետ:

Մինչ այսօր Հայաստանում ևս շատերը շարունակում են պնդել, որ զինադադարի հաստատումը հայկական կողմի պարտությունն ու առաջին փոխզիջումն է եղել, քանի որ զինադադարը հարկավոր էր Ադրբեջանին, որն այդ տարիներին գտնվում էր քայքայված և ծանր վիճակում: Շատերի կարծիքով` հայկական կողմի ռազմական իշխանությունները, չնայած մարդկային և նյութական սուղ ռեսուրսներին, կատարել էին իրենց առջև դրված խնդիրները, և եթե չլիներ այդ պայմանագիրը, ապա հայկական զորամիավորումների դիրքերն այսօր ավելի շահեկան վիճակում կլինեին, իսկ Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել հայանպաստ փաստաթուղթ:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով` կոնֆլիկտների կարգավորման հարցում պատերազմը լավագույն ճանապարհը չէ, և հենց միայն այս տեսանկյունից հրադադարի մասին պայմանագրի ստորագրումը անհրաժեշտություն էր և կարևոր բոլոր կողմերի համար, քանի որ այն բավականին մեծ ռեսուրսներ էր խլել կողմերից, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և թե՛ Արցախում բավական մեծ խնդիրներ էին կուտակվել:

«Պայմանագրի ստորագրմամբ հարաբերական խաղաղություն հաստատվեց տարածաշրջանում, ինչը սակայն չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այդուհանդերձ, պայմանագիրը կողմերին հնարավորություն տվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը տեղափոխելու խաղաղ բանակցությունների հարթություն»,- ասում է քաղաքագետը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ով 1992-1995-ին եղել է Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը Հայաստանում, 1994-ին` ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը ու մասնակցել է հետպատերազմյան բանակցություններին, ասում է, որ պատերազմը երբեք էլ չի ավարտվել, այն սկսվել է դեռևս Թուրքիայի հետ և միշտ էլ շարունակվելու է, պատերազմն ընդամենը կանգնեցնում են, և հայերն այն կանգնեցրել են:

«Մենք կարողացանք ստեղծել ամենակարևորը՝ բանակ, կարողացանք բանակի ուժի հիման վրա հավասարակշռությունը պահպանել, ինչը շատ էական է: Հայաստանի պատմության ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ ինքներս ենք մեզ պաշտպանել: Թույլ տվեցիր տարածքդ մտնի երրորդը, արդեն քեզ կզինաթափեն, ու ոչինչ էլ չես կարողանա անել»,- ասում է Սարգսյանը:

Ըստ քաղաքագետների՝ հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը մշտական բնույթ ունեն, որոնք ժամանակ առ ժամանակ ակտիվանում կամ պասիվանում են, ինչով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ԼՂ հիմնախնդիրը սառեցված չէ: Բացի այդ, այսկերպ փորձում են հաղթահարել նաև պատերազմից հետո առկա բարոյահոգեբանական խնդիրները: Նրանց կարծիքով` քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը վերջնական լուծում չի ստացել, ադրբեջանական կողմի ոտնձգությունները շարունակվելու են, այս պայմաններում անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ պաշտպանություն ապահովող մեխանիզմներ:

«Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունն ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում, սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը»,- 2014-ի հունվարի 28-ին՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորման օրն իր շնորհավորական ուղերձում ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

«ԱրմենիաՆաուն» առաջիկա ամսվա ընթացքում կներկայացնի 20 տարի առաջ հայերի կերտած պատմության այսօրվա արդյունքները, ակնարկներում կանդրադառնա հրադադարի կորուստներին ու ձեռքբերումներին: