Հրադադար-20. Մինսկի խմբի գործունեություն՝ հաջողությո՞ւն, թե՞ ձախողում

2014-ի մայիսին կլրանա 20 տարին այն ժամանակից, երբ Ղարաբաղյան հակամարտությունում լռեցին թնդանոթները և խոսեցին «մուսաները»: Քաղաքականության կամոք՝ ղարաբաղյան հակամարտության «մուսաներ» դարձան ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

1992-ի մարտի 24-ին Հելսինկիում Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ, հետագայում՝ ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարն առաջարկեց Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով գումարել՝ ԵԱՀԽ հովանու ներքո:

1992-ի մարտի 24-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարները գումարեցին Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով: Նրա մասնակիցներ դարձան Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիան և Սլովակիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թուրքիան և ԱՄՆ-ը: Համաժողովի նպատակն էր համարվում հասնելու կրակի դադարեցմանը և քաղաքական բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ: Բելառուսն առաջարկեց իր մայրաքաղաքը որպես վերջնական բանակցությունների անցկացման վայր, այստեղից էլ առաջացավ անվանումը՝ «Մինսկի խումբ» (ՄԽ) կամ «Մինսկի համաժողով»: Սակայն Մինսկի համաժողովը մինչ օրս չի կայացել:

1994-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերվեց հրադադարի համաձայնությունը, ապա Մինսկի խումբը հանդես եկավ խաղաղության հասնելու համար մի շարք առաջարկությունների փաթեթով:

ՄԽ-ի առաջին պաշտոնական առաջարկությունը ՄԽ համանախագահներն առաջադրեցին 1997-ի հունիսին: Սա հակամարտության «փաթեթային լուծումն» էր, որը ենթադրում էր բոլոր վիճահարույց հարցերի շուրջ կողմերի կողմից միաժամանակյա համաձայնության նախնական ձեռքբերում: Սակայն կողմերն այս տարբերակը չընդունեցին:

Երկրորդ առաջարկությունը՝ «փուլ առ փուլ լուծման», Մինսկի խումբը ներկայացրեց 1997-ի սեպտեմբերի վերջին: Փուլային սխեման նախատեսում էր առաջին փուլում նախկին ԼՂԻՄ-ի մի քանի տարածքների (բացի Լաչինի միջանցքից) հանձնում և այնտեղ փախստականների վերադարձ, իսկ երկրորդ փուլում ենթադրվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և Շուշիի ու Լաչինի հանձնումը: Փուլային տարբերակը Հայաստանում հարուցեց հուժկու բողոք, որի հետևանքով Հայաստանի նախագահ Լևոն Պեր-Պետրոսյանը 1998-ի սկզբին հրաժարական տվեց: Իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը:

1998-ի նոյեմբերի 8-10-ը համանախագահները ներկայացրեցին երրորդ առաջարկությունը՝ «ընդհանուր պետություն» անվանումով: Այդ առաջարկությունը նախատեսում էր ԼՂՀ-ի և Ադրբեջանի համադաշնության ստեղծում և հակասում էր Ադրբեջանի Սահմանադրությանը: Ուստի Ադրբեջանը մերժեց այս առաջարկը: 1999-ին Հայաստանի Ազգային ժողովում ահաբեկչությունը կանգնեցրեց բանակցությունների ընթացքը:

2001-ին Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ-ի Քի Վեսթ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ): Սակայն համաձայնություն դարձյալ ձեռք չբերվեց: 2002-ի մայիսին առաջադրվեցին դարձյալ ապարդյուն Պրահայի առաջարկությունները, որոնք առաջին երկու ծրագրերի՝ «փաթեթայինի» և «փուլայինի» սինթեզն էին:

2007-ին Մինսկի խումբը ճշտեց իր առաջարկությունները. 1. հայկական զորքերի փուլային վերատեղակայում ԼՂ շրջապատող ադրբեջանական տարածքներից՝ հատուկ պայմանավորվածության հասնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների (ներառյալ Հայաստանի և ԼՂ-ի միջև միջանցքը) մասին, 2. այս շրջանների ապառազմականացում, 3. հանրաքվեի և համաժողովրդական քվեարկության անցկացում, 4. հակամարտության գոտում միջազգային ուժերի տեղակայում՝ խաղաղությունը պահպանելու համար, 5. գծից տարածքների մաքրում միջազգային տնտեսական աջակցության օգնությամբ, 6. կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն անվտանգության փոխադարձ պահպանության համար և հրաժարվեն ռազմական գործողություններից և սպառնալիքներից: Այս առաջարկությունները կոչվեցին մադրիդյան և մինչ օրս ընդունվում են որպես բանակցությունների հիմք:

Որպես անցյալ տարիների ընթացքում Մինսկի խմբի գլխավոր ձեռքբերում՝ փորձագետները նշում են խաղաղության պահպանումը. բանակցություննեը թույլ չեն տալիս կողմերին նորից գործի դնելու թնդանոթները: Բացի այդ, դա քննարկումների հարթակ է, ինչը շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնց միջև փաստորեն շփումներ չկա:
Սակայն Մինսկի խմբի գլխավոր «գործառույթը» կարելի է համարել ուժի համաշխարհային կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հավասարակշռության պահպանումը: Ինչպես նկատում են վերլուծաբանները, Մինսկի խումբը հնարավորություն է տալիս կողմերին կանխելու նրանցից մեկի գերիշխանությունը, ինչը պահպանում է ստատուս քվոն և խաղաղությունը տարածաշրջանում: Գերիշխող դիրք էր ձգտում ձեռք բերել Ռուսաստանը: Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք Ռուսաստանը փորձ ձեռնարկեց ղեկավար դեր ստանձնել, սակայն Կազանի գագաթնաժողովում նրա առաջարկությունները մերժվեցին:

Ղարաբաղյան հարցով Մինսկի խմբի համանախագահությունը, թերևս, միակ ձևաչափն է, որի շրջանակներում երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ընդունել են 4 համատեղ հայտարարություններ և հռչակել ընդհանուր մոտեցումները: Սակայն ըստ էության այդ հայտարարությունների նպատակն էր ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ երկրներից մեկի նախագծով կարգավորման կանխումը: