Տառապանքների քսան տարի. «հրադադարը» վշտի դեմ երաշխիք չէ

«Ամուսինս ֆիդայի էր, երեք երեխաներիս հետ գիշեր-ցերեկ սպասում էինք իր վերադարձին, տղաս ասում էր՝ մամա՛, կարո՞ղ ա պապան չգա, բայց պապան եկավ, ինքը չեկավ…- հիշում է 2007 թ. հունիսի 12-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից 19 տարեկանում զոհված Էդուարդ Միրզոյանի մայրը՝ Վարդիթեր Միրզոյանը: - Ամուսինս եկավ, աչքերը փայլում էին, մեզ գրկեց, ասեց՝ պատերազմը պրծա՜վ… Բայց ի՞նչ պրծնել, դեռ չգիտեինք, որ սկսվում է ամենադաժան պատերազմը, որ դեռ երկար շարունակվելու է և թաց է պահելու խաղաղության կարոտ մեր աչքերը»:

Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի սենյակի պատից կախված է զինվոր Էդուարդի վերջին լուսանկարից արված մեծադիր նկարը: Շուրջը նրա բանակային իրերն են, լուսանկարները, իր ձեռքով պատրաստված փայտե իրերն ու տնկած ծաղիկները:

«Շատ դժվար եմ իրան պահել, ամուսինս ռազմադաշտում էր, ես հազիվ էի ծերը ծերին հասցնում, էրեխես սկի նորմալ դպրոց էլ չգնաց: Իրան ուղարկում էի դպրոց, գնում էր, ալյումին էր հավաքում, հանձնում, որ մի հատ հաց առնենք: Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել էինք Ռուսաստան, բայց ինքը հետ եկավ, ասում էր՝ մամա, պապան էս հողի համար ա կռվել, բա ես էլ իմ պարտքը չկատարե՞մ: Վերջին օրերին որ խոսում էինք, ասում էր՝ 4 ամիս բան ա մնացել, մինչև հաշվես՝ մեկ-երկու, արդեն կողքիդ կլինեմ»,- հուզմունքն ու ցավը կոկորդում խեղդելով ասում է Վարդիթերն ու որդու նամակները խնամքով դասավորում նկարի շուրջ:

Փոքրիկ հուշանկյունն իր մեջ ամփոփել է գրեթե ոչինչ չապրած կյանքի 19 տարիները:

Ամեն տարի Հայաստանի տարբեր տներում ավելացող այսպիսի հուշանկյունները 1994-ի մայիսի 12-ի կեսգիշերին ուժի մեջ մտած Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված հրադադարի մասին գրավոր համաձայնության պարբերաբար խախտումների խոնարհ վկաներն են:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից հետո հայկական կողմը տարեկան մինչև մեկ տասնյակի հասնող զոհեր է ունենում ադրբեջանական կողմի խախտումների հետևանքով:

Միայն 2014-ի առաջին երեք ամիսների տվյալներով՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի գնդակից զոհվել է 5 զինծառայող: 2013-ին հայկական բանակն ունեցել է 30 զոհ, որից 6-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 2012-ին՝ 52 զոհ, որից 14-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (7-ը՝ Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք):
Այս տարիների ընթացքում հակառակորդի հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով տուժել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ:

Իրավիճակն առավել լարված դարձավ, երբ 2008-ին սահմանի ողջ երկայնքով տեղավորվեցին նաև հակառակորդի դիպուկահարները:

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակչուհի 27-ամյա Սիրուշ Միրզոյանի դուստրը՝ 5-ամյա Ալվինա Պետրոսյանը, հորը ճանաչում է միայն լուսանկարներով, իսկ «պապա» ասում է պապին՝ մոր հորը: Ալվինայի հայրը՝ 21-ամյա Լևոն Պետրոսյանը, 2008-ի հունիսի 18-ին գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ զոհվել է ադրբեջանցի դիպուկահարի գնդակից: Նրա դին ճանապարհից դուրս բերելու ժամանակ դիպուկահարի գնդակից զոհվել է նաև գյուղի 50-ամյա բնակիչ Ռաֆիկ Սաղոյանը, այդ նույն օրը հակառակորդի դիպուկահարը վիրավորել էր նաև գյուղի բնակիչ 56-ամյա Սամվել Միրզոյանին, ով փորձել էր օգնության հասնել համագյուղացիներին:

«Վեց ամսական հղի էի, էդ օրը շատ անհանգիստ էի, կրակոցներ գյուղում միշտ էլ լինում են, բայց էդ օրն էդ մի կրակոցը եղավ… աչքերիս դեմը մթնեց, վազեցի դուրս, Լևոնին էի փնտրում, հետո որ լուրն իմացա, չգիտեմ, չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս… Հետո մենակ մտածում էի, որ հանկարծ էրեխուս էլ չկորցնեմ»,- դստեր գլուխը շոյելով պատմում է Սիրուշը, ով իր փշրված հույսերը կապում է միակ աղջկա հետ, ում անհոգ մանկություն պարգևելու համար ջանք չի խնայում:

Ամուսնու մահից հետո Սիրուշը տեղափոխվել է պատերազմից խարխլված հայրական տուն, որի երկու սենյակներում ապրում են ծնողները, երեք եղբայրները:

Եթե զինվորական ծառայության ժամանակ զոհվածների հարազատներին պետությունը ամսական որոշակի գումար է թոշակի ձևով հատկացնում, որոշ արտոնություններ տրամադրում, երբեմն նաև բնակարան հատկացնում, ապա քաղաքացիական զոհերի համար որևէ փոխհատուցում նախատեսված չէ:

Սիրուշն ասում է, որ ստանում է միայն երեխայի խնամքի համար նախատեսված 26.000 դրամ (մոտ 63 դոլար) նպաստ, ինչը մի կերպ կարողանում է բավականացնել երեխայի սննդին, իսկ ամենօրյա կրակոցների տակ գտնվող գյուղում ոչ միայն չկան աշխատատեղեր, այլև վտանգավոր է նաև զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ:

Թեև Արարատի մարզի Շահումյան գյուղում կրակոցներ չկան, և գյուղացիները կարողանում են հողագործությամբ զբաղվել, սակայն 2009-ին 20 տարեկանում ադրբեջանական գնդակից զոհված Արամ Մեժլումյանի ծնողներն ասում են, որ որդուց հետո թևաթափ են եղել:

«Երեք աղջիկներից հետո վերջապես ունեցա երկար սպասված տղայիս, մեծացրեցինք ու հպարտանում էինք, որ արդեն բանակ գնալու ժամանակն ա… մենք մեծ սպասումներ, ծրագրեր, երազանքներ ունեինք մեր տղայի հետ, պետք է գար, տունը սարքեր, գործ դներ, ամուսնանար…- ձեռքերն անզորությունից ծնկներին խփելով պատմում է Արամի մայրը՝ Լաուրա Բարսեղյանը: - Արամիս լուրն իմանալուց հետո կես մարդ դարձա, էլ ձեռս առաջ չի գնում ուրիշ բան անեմ: Արդեն հինգ տարի է անցել, բայց ամեն նոյեմբերի 16-ին՝ իր ծառայությունն ավարտելու օրը, աչքս դռանն եմ պահում, իր ճամփին: Երանի ոչ մի մայր իր որդուն էդպես չսպասի»:

Սակայն Լաուրան ցավով է նկատում, որ չկարգավորված հակամարտության հետևանքով տարեցտարի ավելանում են իրենց որդիներին թաց աչքով սպասող մայրերը:

2012-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը նախաձեռնեց «Հրադադար. մարդկային կորստի ցավը» ծրագիրը, որի շրջանակներում հնարավոր եղավ կապ հաստատել ադրբեջանական կողմի գնդակից զոհվածների 30-ից ավելի ընտանիքների հետ, նրանց մասին հոդվածներ պատրաստել և քննարկումներ կազմակերպել զոհվածների մայրերի և այրիների հետ: Այս հանդիպումները որդեկորույս մայրերի համար ճակատագրական դարձան, և այսօր նրանք միավորվել են ու խոստովանում են, որ միասին առավել հեշտ են կարողանում հաղթահարել կորստյան ցավը: Մայրերն այս տարի որոշեցին հիմնադրել նաև «Հրադադար. մարդկային կորստի ցավը» անունով կազմակերպություն, որը նպատակ ունի վառ պահել զոհերի հիշատակը:

«Ադրբեջանական կողմի գնդակից զոհված յուրաքանչյուր երեխա ինձ համար հերոս է, իսկ այսօր նրանց գրեթե չեն հիշում, ուզում ենք, որ մեր երեխաները, բացի գերեզմանատնից, ունենան ընդհանուր մի անկյուն, որտեղ կգնանք ու կխոնարհվենք նրանց առջև, բոլորը գնան, տեսնեն, ճանաչեն մերօրյա հերոսներին: Ապագան նրանց ձեռքերում էր, բայց նրանք դարձան լուռ հերոսներ: Պետությունը պետք է կարողանա այնպես անել, որ այսքան զոհեր չլինեն, երբ զոհ է լինում, այդ օրերին խոսում ենք, մի շաբաթ հետո ոչ ոք չի հիշում ո՛չ երեխային, ո՛չ էլ ընտանիքին»,- ասում է 2010-ի հունվարի 25-ին ադրբեջանական գնդակից 20 տարեկանում զոհված Նարեկ Մարգարյանի մայրը՝ Աղավնի Ղուկասյանը:

Թվացյալ խաղաղության մեջ ապրող սևազգեստ մայրերն ամեն արևամուտին աչքը սպասումով դռանը հառած լուռ մրմնջալով Բարձրյալից իրական խաղաղություն են խնդրում ու ասում, որ միայն երկրում խաղաղության հաստատումը կլինի հայրենիքի համար զոհված իրենց որդիների թափված արյան փոխհատուցումը: