Գոյատևման կռիվ. հրադադարից 20 տարի անց վետերանները դեռ պայքարում են

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը հայրական մեծ հպարտությամբ է յոթը որդիներով ու հինգ դուստրերով սեղան նստում, բայց երեխաներին պահել-մեծացնելը նրան ու կնոջը հեշտ չի տրվում։

«Էրեխեքիս պարտքով է մեծացնում»,- ասում է 47-ամյա Հովհաննիսյանը։

70 հազար դրամ զինվորական թոշակով (մոտ 168 դոլար) և 68 հազար դրամ (մոտ 163 դոլար) աղքատության նպաստով հնարավոր չէ բազմանդամ ընտանիքի կարիքների նույնիսկ մի մասը հոգալ։

Ղարաբաղյան պատերազմի հետևանքով երկրորդ խմբի հաշմանդամ դարձած ազատամարտիկը ուխտել և ուխտին հավատարիմ տասներկու երեխա է ունեցել՝ մարտում կորցրած մտերիմ 12 ընկերներից յուրաքանչյուրի փոխարեն։ Նրա երեխաները, որոնցից ավագը 25 տարեկան է, ամենակրտսերը՝ 10 ամսական, կոչվում են զոհված ընկերների անուններով։

Գագիկը նույնիսկ դուստրերին է անվանակոչել զոհված ընկերների անունների նմանությամբ իգական անուններով՝ Տիգրանի փոխարեն՝ Տիգրանուհի, Մենուայի փոխարեն՝ Մելինե։

Բայց ինչպես Ղարաբաղյան պատերազմում, այժմ էլ՝ 1994-ի մայիսին կնքված զինադադարին հետևած 20 տարիների ընթացքում Հովհաննիսյանների ընտանիքում յուրաքանչյուր օրը պայքար է՝ երեխաների արժանապատիվ կյանքի համար։

Անօթևանի կարգավիճակ ունեցող Հովհաննիսյանի ընտանիքը 2006-ին է բնակարանի գնման համար անհրաժեշտ փոխհատուցում ստացել պաշտպանության նախարարությունից։ Ընտանիքը սեփական տուն է ձեռք բերել Երևանի մերձակա Նոր Խարբերդ թաղամասում, մինչ այդ վարձով են բնակվել, հետո էլ՝ 2001-2006-ին բազմանդամ և անապահով ընտանիքների համար նախատեսված Երևանի «Հույսի ավան» թաղամասում։ Գլխին սեփական տանիք ունենալը, իհարկե, մեծ բախտավորություն էր բազմանդամ ընտանիքի համար, բայց դժվարությունները դրանից չեն պակասել, քանի որ ընտանիքի հայրը, ով մասնագիտությամբ դերձակ է, պատերազմում ստացած վիրավորումներից հետո, շատ-շատերի նման չի կարող աշխատել։ Նրա գլխում բեկորներ կան, ձեռքն էլ իրեն դժվարությամբ է ենթարկվում։

«Հենց նպաստ ենք ստանում, գնում ենք, երեք պարկ ալյուր ենք առնում, հինգ պարկ կարտոֆիլ, մակարոնեղենը, ձավարեղենը էլ չեմ ասում։ Մենք չենք ասում՝ թող պետությունը դրա մասին մտածի, մենք ենք էրեխա ունեցել, մենք կհոգանք, բայց թող կողքից ուշադրություն ստանանք, հո անընդհատ չե՞նք խնդրելու, բազմազավակ մայր է, գոնե իրեն արտոնություններ տան, ես՝ հե՛չ, վերջը՝ ամեն օր էսքան էրեխա է հագցնում, կերակրում, լողացնում, դպրոց ուղարկում»,- ասում է Հովհաննիսյանը։

«Ոնց է այգեպանը սերմը գցում հողի մեջ ու ամեն ծիլի դուրս գալուց ուրախանում, փայփայում է, որ ծիլերը մեծանան, ա՛յ էդպես ես եմ հպարտանում իմ երեխաներով, շատ եմ իմ բալիկներին սիրում, պայքարում եմ, թեկուզ շատերից պարտք եմ վերցնում, որ հագուստ առնեմ, նպաստը չի բավարարում, 3 միլիոն դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունենք, բայց պայքարում եմ, որ իմ ընտանիքը կանգուն պահեմ։ Կարող է ասեն՝ ես խելագար եմ, բայց խելագարության ոչինչ չկա, ազգասեր ու երեխա սիրող մարդը ուրիշ է»,- ասում է ազատամարտիկի կինը՝ Արմենուհի Մանուկյանը։

42-ամյա կնոջը զայրացրել էր փետրվարին Երկրապահ կամավորականների միության հանրագումարում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, ով սոցիալական պայմանների բարելավման պահանջներով բողոքի ակցիաների դուրս եկած ազատամարտիկներին ասել էր. «Ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»:

«Ազատամարտիկները չեն նվնվում, ուղղակի հարգանք են պահանջում, որ ողորմելի վիճակում չապրեն, եթե նույնիսկ ազատամարտիկը հաշմանդամություն չունի, հաստատ գիտեմ, որ ինքը հաշմանդամ է, որովհետև իր կողքին զոհված ընկեր է տեսել, թափված արյուն է տեսել, մենք մեր հարազատի դիակը տեսնում ենք, չենք դիմանում, ո՞նց կարող է ընկերոջդ կողքը սպանեն, ու մարդը հաշմանդամ չդառնա՝ գոնե հոգեպես»,- հակադարձում է Մանուկյանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանները անցյալ տարի մայիսից սկսեցին պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպել պետական գերատեսչությունների շենքերի առջև՝ պահանջելով կոնկրետ լուծումներ տալ իրենց սոցիալական խնդիրներին։

Ազատամարտիկներն ասում էին, որ 20 տարի համեստորեն լռել են, բայց այլևս չեն պատրաստվում հանդուրժելու այս վերաբերմունքը, երբ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները արժանի հոգածություն չեն ստանում պետության կողմից։
Ընդհանուր առմամբ այսօր Հայաստանում գրանցված է 1990-1994 թթ. Ղարաբաղում Ադրբեջանի դեմ մարտական գործողությունների մասնակցած մոտ 15.000 ազատամարտիկ: Ազատամարտիկների կենսաթոշակները այժմ տատանվում են միջինը 40.000-80.000 դրամի (մոտ 96-192 դոլար) սահմաններում։

Ազատամարտիկների պայքարը, ըստ էության, դեռևս որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Հոկտեմբերին խարդախության և խարդախության փորձի կասկածանքով ձերբակալվեց բողոքի ակցիաները սկսած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Այժմ դատաքննություն է ընթանում, և ազատամարտիկների խումբը հիմնականում զբաղված է ի պաշտպանություն Ավետիսյանի բողոքի ակցիաներ անցկացնելով։ Նրանք և Ավետիսյանը հայտարարում են, որ պահեստազորի գնդապետը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, և մեղադրանքն էլ շինծու է։

Բողոքի ակցիաներին մասնակցող ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, սակայն, ասում է՝ պայքարը միանշանակ շարունակելու են։

«Այսօրվա իշխանություններին, զինադադար լինի, պատերազմ լինի, հետաքրքիր չէ հայրենիքը։ Թալանով են զբաղվում։ Ով խանգարում է իրենց, ուղղակի դաշտից հեռացնում են»,- ասում է Սարուխանյանը։

Սարուխանյանը ասում է՝ իրենց տեսադաշտից չեն անհետացել այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում էին ամիսներ շարունակ. «Վոլոդյա Ավետիսյանի մեկուսացումը ժամանակավոր է, սպասում ենք իր ազատմանը, որ միասնական շարունակենք մեր պայքարը»։

«Ի վերջո, մեր նպատակը միայն թոշակը բարձրացնելը չէ, դա միայն պատրվակ էր, որ ցույց տայինք, թե այս երկիրը ինչքան փտած է, որ սրանք քաղաքական իմպոտենտներ են։ Սրանք ասում են՝ տղե՛րք ջան, բյուջեն դատարկ է, չենք կարող... Բա նախարարները ո՞նց են կարողանում առնվազն մեկ միլիոն դոլարանոց դղյակներ կառուցել, էդ նախարարները պետք է 150 այդ պաշտոնում աշխատեին ու բարձր աշխատավարձ ստանային, որ կարողանային ընդամենը այս դղյակը սարքեին»,- ասում է Սարուխանյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասում է՝ պետական գերատեսչությունն անում է հնարավոր ամեն ինչ իր կարողությունների սահմանում, իսկ ազատամարտիկների խնդիրների լուծումը ամբողջովին կախված է պետության ունեցած հնարավորություններից։

«Ազատամարտիկներին տարբեր տեսակի դրամական օգնություններ են հատկացվում՝ բնակարանի հերթագրումներ, կրթական օգնություններ իրենց զավակներին և այլն, էլ չեմ ասում փոքր բաները՝ տոնակատարություններ, նվերներ, բուժման որոշակի օգնություններ, հանգստանալու ուղեգրեր և այլն։ Ամսական մոտավորապես 100-150 հոգի նախարարի մոտ ընդունելություն է մտնում, փորձում ենք բոլորի խնդիրներին լուծում տալ»,- ասում է Հովհաննիսյանը։

ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ պետական բյուջեով տարեկան մոտ 3 միլիարդ դրամ է (7,2 միլիոն դոլար) հատկացվում Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների խնդիրների լուծման համար։

«Այդ գումարի մեծ մասը հիմնականում ուղղվում է անօթևան ընտանիքների բնակարանների հատկացմանը։ Միայն վերջին 3-4 տարում հատկացվել է 300-ի մոտ բնակարան կամ փոխհատուցում, բնակարան ասելով զուտ պարտադիր չէ, որ բնակարան տան, կարող են մասնակի կամ ինչ-որ տոկոսով փոխհատուցել»,- ասում է Հովհաննիսյանը։

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը, չնայած առկա ամենօրյա դժվարություններին, չի ընկրկում, ասում է՝ եթե անհրաժեշտություն առաջանա, հիմա էլ պատրաստ է զենքը ձեռքին կռվելու հայրենիքի համար։ Հովհաննիսյանի աչքերը կայծկլտում են, երբ խոսում է այժմ բանակում ծառայող զինվոր որդու՝ Ջիվանի մասին։

«Էն օրը «Զինուժով» ցույց տվեցին, ասում էր՝ ես իմ հոր գործն եմ շարունակելու»,- ասում է հպարտ հայրը։

Բայց կինը մի պահ մտահոգվում է, վերհիշում իր խոսակցությունը մի երիտասարդի հետ ու զայրանում. «23 տարեկան տղա էր, ասում է՝ ասենք, եկան ադրբեջանցիները գրավեցին մեր երկիրը, հա, ի՞նչ կլինի որ.... 20 տարի է ընդամենը անցել պատերազմից, մի՞թե էդ երեխայի ծնողը չի բացատրել, թե ինչի՛ համար է էդ պատերազմը եղել»։