Հրադադար-20. վերադարձած պատանդները վկայում են գերության ընթացքում իրենց ստացած վնասվածքների մասին

77-ամյա Մամիկոն Խոջոյանի գլխի լուսնաձև կտրված դեռևս չսպիացած վերքը շուրջ երկու ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվելու և դաժան խոշտանգումների ենթարկվելու դրոշմն է: Գերությունից ամիսներ անց էլ նախկինում հոգեկան խնդիրներ ունեցած Խոջոյանն էլ ավելի է պարփակվել, գրեթե ոչ մի հարազատի չի ճանաչում և հազիվ կարողանում է տնքալ՝ վնասված ձեռքի ու մարմնի տարբեր մասերի վերքերի ցավից:

Հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից 20 տարի անց էլ հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանը շարունակում է կյանքերի խեղաթյուրման պատճառ մնալ: Միայն 2014-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում Հայաստանի երկու քաղաքացիների՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու և հակառակորդ երկրում հայտնվելու դեպքերը կրկին ապացուցեցին հակամարտող պետությունների գործելաոճում առկա խնդիրների մասին:

Հունվարի 28-ին Ադրբեջանում հայտնված Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ում ադրբեջանական լրատվամիջոցները նախապես ներկայացնում էին որպես «զինված հայ դիվերսանտ», վերջին տարիներին հաշվառման մեջ է եղել ու գտնվել բժիշկների հսկողության տակ: Դեպքի օրն էլ իրեն հանդիպած համագյուղացիներին ասել է, թե գնում է խաղող հավաքելու, իսկ խաղողի այգիները հայ-ադրբեջանական սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա են:

Մարտի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան վերադարձված Խոջոյանը ըստ բժիշկների՝ գերության օրերին ենթարկվել է կտտանքների, ինչի մասին են վկայում նրա մարմնի վրա առկա վնասվածքները, ծնկոսկրի, բազկոսկրի կոտրվածքները, սալջարդերը, քերծվածքները:

Օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ մնացած Խոջոյանն այսօր էլ ունի առողջական լուրջ խնդիրներ: Նրա վնասված աջ ձեռքի այտուցը դեռևս չի անցնում, հարազատները վստահեցնում են, որ ամբողջ մարմինն է դեֆորմացվում, դուստրը նույնիսկ կասկածներ ունի, որ Ադրբեջանում հորը սալյարկա են ներարկել:

77-ամյա ծերունուն առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորության գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, սակայն նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար մի շարք եվրոպական կոնվենցիաների և միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանը հանդես կգա համապատասխան միջնորդություններով:

Խոջոյանին Հայաստան վերադարձնելուց օրեր անց՝ մարտի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Հայաստանի մեկ այլ քաղաքացու սահմանը հատելու դեպքի մասին, ինչն ավելի ուշ հաստատեց նաև հայկական կողմը: 22-ամյա Արսեն Խոջոյանը, ով Մամիկոն Խոջոյանի համագյուղացին է ու հեռավոր ազգականը, գերի էր ընկել կրկին սահմանի նույն հատվածում: Երիտասարդ Խոջոյանը ապրիլի 10-ին վերադարձվեց Հայաստան, և բժիշկները վստահեցրեցին, որ նա Ադրբեջանում խոշտանգումների չի ենթարկվել:

Սակայն Արսեն Խոջոյանին անվնաս Հայաստան վերադարձնելու փաստը ևս քննարկումների առիթ տվեց, քանի որ հրադադարից հետո ադրբեջանական կողմում հայտնված Հայաստանի քաղաքացիները հիմնականում հայրենիք էին վերադարձվել առողջական լուրջ խնդիրներով:

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը, ով 2009-ի մայիսի 9-ին Նավուր գյուղի անտառում ծառի սունկ հավաքելու ժամանակ հայտնվել էր ադրբեջանական կողմում, հայրենիք վերադարձվեց միայն 2011-ի մարտի 17-ին, այն էլ՝ առողջական լուրջ խնդիրներով:

Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում է, որ Բադալյանը ծանրագույն հոգեբանական վիճակով էր վերադարձվել և ստիպված է եղել ամիսներ անցկացնել վերականգնողական կենտրոններում: Բադալյանն ասել է, որ ենթարկվել է խոշտանգումների:

Ըստ Ալավերդյանի՝ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր գերեվարվածի յուրահատուկ ձևով է խոշտանգում, սակայն համընդհանուր է մարմնի տարբեր մասերի վրա ինչ-որ բան դաջելը, լինում են դեպքեր, երբ արտաքուստ որևէ վնասվածք չի լինում, սակայն վնասում են ներքին օրգանները:

Իսկ 2010-ի սեպտեմբերի 11-ին հայ-ադրբեջանական սահմանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 21-ամյա Մանվել Սարիբեկյանը, հայտնվելով ադրբեջանական կողմում, 2010-ի հոկտեմբերի 5-ին, ըստ ադրբեջանական կողմի՝ ինքնասպանություն էր գործել, մինչդեռ հայկական կողմի կարծիքով՝ նա սպանվել է:

Շատերի կարծիքով՝ Մամիկոն Խոջոյանին խոշտանգելու մասին բարձրացված մեծ աղմուկից հետո Ադրբեջանը երիտասարդ Խոջոյանին անվնաս է թողել՝ միջազգային հանրության շրջանում բարի համբավը վերականգնելու համար:

Սակայն սահմանը խախտելու դեպքերը լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս, քանի որ մարդիկ, փաստորեն, առանց լուրջ խոչընդոտների կարող են հայտնվել սահմանի մյուս կողմում:

Փորձագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ վերջին միջադեպերը ստիպում են վերանայել պետական սահմանի պահպանության հարցը` սահմանի առավել խոցելի հատվածները համալրելով նոր ենթակառուցվածքներով:

«Անընդունելի է, երբ ամիսներ առաջ սահմանի վերոնշյալ հատվածով ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելուց հետո համապատասխան կառույցները անհրաժեշտ հետևություններ չեն արել, ինչի հետևանքով նախորդ միջադեպից 2 ամիս անց, սահմանի գրեթե նույն ուղղությամբ, կրկին քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հատել է սահմանը»,- ասում է փորձագետը՝ հավելելով, որ անհնար է անվերապահորեն հայտարարել, թե մարտական հենակետերը չեն ապահովում սահմանի անվտանգությունը, սակայն ակնհայտ է, որ սահմանագծի տարբեր հատվածներում խոցելի «անցքեր» կան, որոնք ողբերգական դեպքերի են հանգեցնում` իրավիճակը լրացուցիչ սրելով:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բացակայությունից զատ, չեն համագործակցում նաև երկու կողմերում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող տարբեր հանձնաժողովները, և, փաստորեն, գերիների հայրենադարձության գործառույթն ընկած է միայն ԿԽՄԿ-ի ուսերին: Մինչդեռ Հայաստանում թե՛ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը և թե՛ իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում են, որ երկար տարիներ հաջողությամբ համագործակցել են հակառակորդ երկրում գտնվող իրենց գործընկերների հետ, սակայն Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալևի՝ իշխանության գալուց հետո այդ կապերը խզվել են:

«Երբ Հայաստանում պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, իսկ Ադրբեջանում՝ Սաֆար Աբիևը, գործում էր դրական պայմանավորվածություն, և եթե տեղի էին ունենում սահմանի հատումներ, շատ կարճ ժամանակում ճշտվում էր՝ արդյո՞ք պատահական են, թե՞ ոչ, և սահմանը պատահական հատածների փոխանակումներ էին տեղի ունենում: Մինչդեռ վերջին տարիներին ողջ մարդուն վերցրել են՝ մարմինն են վերադարձրել, առողջին վերցրել են՝ հիվանդ են վերադարձրել, և, վերջապես, Խոջոյանի դեպքը, երբ խոշտանգումների գրեթե բոլոր տեսակներն առկա են»,- ասում է Ալավերդյանը:

Հայաստանում դժվարանում են ասել, թե կոնկրետ քանի մարդ կարող է գտնվել Ադրբեջանում գերության մեջ: Արմեն Կապրիելյանն ասում է, որ Հայաստանն ունի շուրջ 200 անհայտ կորածներ, որոնցից 100-ի վերաբերյալ ունեն ճշտված տեղեկություններ, որ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ:

Սակայն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տվյալներով՝ անհայտ կորածների թիվը հասնում է 950-ի, որոնց մեջ են թե՛ կոմբատանտներ և թե՛ խաղաղ բնակիչներ, մասնավորապես 1992-ի ամռանը ԼՂ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հարձակումների հետևանքով շուրջ 500 անհայտ կորած խաղաղ բնակիչները:

Այս պահին հայտնի է միայն, որ Ադրբեջանում կա մեկ հայ ռազմագերի՝ Հակոբ Ինջիղուլյանը, ով ըստ հայկական կողմի՝ 2013-ի օգոստոսի 8-ին տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքում ու գերի ընկել, մինչդեռ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ զինծառայողը փախել է բանակում տիրող բարքերի պատճառով:

Հայտնի է նաև, որ ադրբեջանական կողմում է գտնվում հայկական հինգ հոգանոց մի ընտանիք, որը սահմանն ինքնակամ հատել էր 2010-ի հուլիսին:

Հայկական կողմի հավաստմամբ՝ Հայաստանում Ադրբեջանի գերեվարված քաղաքացի չկա, իսկ 2014-ի հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ դիմած Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ 38-ամյա Ջավիդ Օրուջևի և իր կնոջ ու երեք մանկահասակ երեխաների՝ քաղաքական ապաստան խնդրելու հայցը բավարարվել է, նրանք ճանաչվել են փախստական և ստացել են ապաստան: