Հրադադար-20. չնայած խաղաղության երկու տասնամյակին՝ տեղեկատվական պատերազմը շարունակվում է

Ղարաբաղյան պատերազմի և դրան հետևած զինադադարի 20 տարիների ընթացքում տեղեկատվական պայքարը եղել է հակամարտության մշտական «ուղեկիցը»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ասում է՝ որպես պատերազմում հաղթող կողմ երկար տարիներ Հայաստանը մեծ ուշադրություն չէր դարձնում տեղեկատվական դիմակայությանը, սակայն երբ այդ ընթացքում Ադրբեջանը սկսեց բավականին ինտենսիվորեն խեղաթյուրել հակամարտության և պատերազմի վերաբերյալ մի շարք փաստեր ու դրանք տարածել, Հայաստանը սկսեց պաշտոնական մակարդակով լայնածավալ հակազդման մեխանիզմներ մշակել։

2009 թվականից Հայաստանում սկսեց աշխատել բազմապրոֆիլ մասնագետների մեծ խումբ, որին հաջողվեց համակարգել հակամարտության, Ղարաբաղի վերաբերյալ ինֆորմացիան և ներկայացնել դրանք գրքերի, կայքերի, գիտական արտադրանքի միջոցով։

«Օրինակ՝ xocali.net ծրագիրը, հավաքեցինք լուսանկարները, որ ադրբեջանական կողմն էր օգտագործում տարբեր գրքույկներում, պաստառներում և պարզեցինք, որ դրանք ոչ մի կապ չունեն Խոջալուի հետ։ Ի հետևանք՝ Ադրբեջանը սկսեց իր գրքույկներում և պաստառներում ընդհանրապես լուսանկարներ չօգտագործել։ Ստեղծվեց նաև karabakhrecords.info պորտալը, որը համապարփակ տեղեկություններ է պարունակում 1987-1992 թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին և մի շարք այլ ծրագրեր»,- թվարկում է ադրբեջանագետը։

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն ասում է՝ տեղեկատվական դիմակայություն կար հակամարտության առաջին օրերից և նույնիսկ դրանից առաջ՝ խորհրդային տարիներին, որը հիմնականում արտահայտվում էր գիտական հոդվածների մակարդակով։ Վերջին տարիներին տեղեկատվական պայքարի անբաժան ուղեկիցն են դարձել նաև ինտերնետային հաքերային հարձակումները, որոնք հիմնականում տեղի են ունենում հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում տարբեր կերպ նշանավորված օրերին։

«Պատերազմից հետո հայկական կողմը սկսեց զբաղվել իր ներքին խնդիրներով, իսկ ադրբեջանական կողմը՝ ակտիվանալ։ Որքան իրենք վերականգնվում էին, այնքան ավելի ակտիվ էին սկսում գործել տեղեկատվական ոլորտում։ Փաստորեն պատերազմից ինչքան հեռացանք, Ադրբեջանի պատերազմական բնույթի քարոզչությունն ավելի ինտենսիվ դարձավ։ Եթե հետևենք հռետորաբանությանը, այնպիսի տպավորություն է, որ ակտիվ պատերազմը չի վերջացել»,- նկատում է Վրթանեսյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրապարակային ելույթներում հաճախ կիրառում է ռազմական հռետորաբանությունը: Նա սովորաբար ասում է, որ վաղ թե ուշ Ղարաբաղը վերադարձնելու են Ադրբեջանին, սիրում է նաև հիշատակել Հայաստանից արտագաղթի ցուցանիշները՝ շեշտելով, որ ադրբեջանցիները թվով և ունեցած ռեսուրսներով գերազանցում են հայերին, հետևաբար հեշտությամբ կարող են հաղթել նրանց և այլն։ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահները իրենց գրեթե բոլոր հայտարարություններում կոչ են անում զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից՝ շեշտելով, որ դա ավելորդ լարվածություն է ստեղծում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սովորաբար ավելի զուսպ է իր հայտարարություններում, ավելի հաճախ միջազգային հարթակներում է շեշտում Ալիևի՝ ռազմական հռետորաբանություն կիրառելու հանգամանքը՝ պնդելով, որ վերջինս բացեիբաց ատելություն ու թշնամանք է քարոզում։

Նախագահ Սարգսյանը Ադրբեջանին բավական հանգամանորեն անդրադարձավ փետրվարին Երկրապահ կամավորականների միության համագումարում։ Նա խոսեց սահմանային միջադեպերի, զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի մասին՝ ասելով, որ դրանք «մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի»:

«Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Հայաստանցի փորձագետները կարծում են, որ Ալիևի ռազմական հռետորաբանությունը շատ արդյունավետ է հատկապես ներքին լսարանի համար։

«Ես սովորաբար նրանց քարոզչությունն անվանում եմ պատերազմական ժամանակի քարոզչություն։ Առաջին հերթին նրանց քարոզչության նպատակներից մեկն այն է, որ իրենց ժողովրդին համախմբված պահեն՝ ուղղորդելով դեպի հայեր, դեպի Հայաստան։ Ադրբեջանում ծագած ցանկացած խնդիր բարդում են հայերի վրա, նույնիսկ ներքաղաքական պայքարում իրար սևացնելու համար ասում են, թե էսինչի մայրը հայ է, տատիկը հայ է։ Մյուս նպատակն է՝ շեղել իրենց իշխանության խնդիրներից դեպի արտաքին թշնամի՝ հայեր»,- ասում է Վրթանեսյանը։

Ադրբեջանագետ Էլիբեգովան ևս շեշտում է, որ Ալիևի ռազմական հռետորաբանությունը շատ արդյունավետ է ներքին լսարանի համար. «Էլեկտորատին սովորեցրել են հավատալ այն ամենին, ինչ գալիս է վերևից, հեռուստատեսությունից, ու քննադատական վերլուծության չենթարկել։ 20 տարի ասում են, որ մենք շուտով կազատագրենք Ղարաբաղը, նրանք 20 տարի հավատում են դրան։ Բայց, օրինակ, երիտասարդ սերունդը, որը երբեք չի տեսել հայի, Ղարաբաղը, բավականին անտարբեր են խնդրի նկատմամբ»,- նկատում է ադրբեջանական լրատվամիջոցներին ակնդետ հետևող մասնագետը։

Փորձագետները Հայաստան-Ադրբեջան տեղեկատվական պայքարում խնդիր են համարում այն հանգամանքը, որ հայկական լրատվամիջոցները հաճախ առանց ստուգելու արտատպում են ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը՝ չստուգելով փաստերը, չփորձելով երրորդ աղբյուրներից առավել հավաստի տեղեկություններ ստանալ: Սակայն և՛ Էլիբեգովան, և՛ Վրթանեսյանն ասում են, որ այս միտումը առավել տարածված էր մի քանի տարի առաջ, այժմ հայկական լրատվամիջոցներն ավելի զգույշ են։

«Մեր լրատվական դաշտը շատ բազմազան է, տարբեր քաղաքական ուղղությունների լրատվամիջոցներ կան, կան լրատվամիջոցներ, որոնք իրենց կուսակցական շահերը հետապնդելով, երբեմն ավելի շատ քարոզչական վնաս են տալիս Հայաստանին, քան Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները շատ հաճախ վերցնում են հայկական գործիչների՝ իբր ներքին դաշտին ուղղված հայտարարությունները, որոնք խիստ հարմար են իրենց համար։ Մասնավորապես, ադրբեջանցիները շատ են աշխատում այն թեզերի վրա, որոնք փորձում են արժեզրկել, վարկաբեկել պատերազմում Հայաստանի հաղթանակը: Այդ թեզերից մեկն այն է, որ Ռուսաստանն է մեր փոխարեն կռվել, եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը մեզ կհաղթեր և այլն: Վերջերս այդ թեզը հնչեց հայկական լրատվամիջոցներից մեկում»,- ասում է Վրթանեսյանը։

Վրթանեսյանը նաև նկատում է, որ ի տարբերություն հայկական լրատվամիջոցների, Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ մեծ ուղղահայաց վերահսկողություն կա. «Ամբողջ լրատվական դաշտը շատ հստակ վերահսկվում է, և այդ ամենը համաձայնեցված է արվում: Այնպիսի տպավորություն է, որ նրանք առավոտյան ստանում են մի թուղթ, որի վրա տպված է ամեն ինչ, թե ինչ պիտի ասեն, առաջ քաշեն և ըստ այդմ թեթևակի փոփոխություններով այդ նույն քարոզչական թեզերը անընդհատ շրջանառության մեջ են դրվում»։

«Ադրբեջանում շատ լավ է երևում հիերարխիան, թե ինչպես է վերևից գալիս հրահանգը, ինչպես է տարածվում, ինչ է լինում այն լրագրողների հետ, որոնք չեն համաձայնում խաղի կանոններին, ինչպես, օրինակ, Ռաուֆ Միրկադիրովի (կալանավորվել է Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով), Խադիջա Իսմայիլովայի (բազմիցս սպառնալիքների, շանտաժի է ենթարկվել, նրան լրտեսել և ինտիմ կյանքին վերաբերող տեսանյութ էին տարածել) դեպքում։ Խաղի կանոնները շատ հստակ են՝ կա՛մ դու ընդհանուր համակարգի հետ ես, կա՛մ քեզ ոչնչացնում են»,- ասում է ադրբեջանագետ Էլիբեգովան։

Համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շարունակում են մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։ Ըստ կազմակերպության 2014 թվականի զեկույցի՝ «Ադրբեջանի ցուցանիշները շատ բացասական են, այդ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Խոսքը նախևառաջ անկախ կարծիքների լռեցման մասին է, այդ թվում՝ այն ձայների, որոնք հնչում են համացանցում: Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ ավելի բարվոք է»։