Հրադադար-20. զինծառայողների և բնակչության համար ականների վտանգը դեռևս պահպանվում է՝ չնայած միջազգային ջանքերին

Թեպետ ղարաբաղյան հակամարտության հրադադարի կնքումից հետո անցած 20 տարիներին պարբերաբար ականազերծման աշխատանքներ են ընթանում, մինչ օրս էլ մարդիկ են զոհվում, քանի որ ականապատ տարածքները դեռ պաշտպանական միջոց են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հակամարտության պայմաններում:

Վերջին դժբախտ պատահարն այս տարի ապրիլի 14-ին էր, երբ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից մահացավ այդ գյուղի 56-ամյա բնակիչ Ռաֆիկ Մուղդուսյանը, վիրավորվեց Հաղթանակ գյուղի 49-ամյա բնակիչ Գաբրիել Բաբիկյանը: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ` նրանք խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել էին սահմանամերձ ականապատ տարածքում, որտեղ էլ պայթել էին ականի վրա:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես կոչ է անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին, սակայն դա ոչ միշտ է օգնում:

Ավելին, ականների զոհ են դառնում նաև զինվորականները: Այս տարի մարտի 31-ին 27-ամյա ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը մահացավ ականի պայթյունից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում` մարտական առաջադրանք կատարելիս:

Անցյալ տարի հոկտեմբերի 16-ին 26-ամյա կապիտան Գևորգ Մնացականյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում մարտական խնդիր իրականացնելիս մահացավ ականի պայթյունից: Նրա զինվորական երեք ընկերները` ավագ լեյտենանտ Գարուշ Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Հակոբյանն ու Էդգար Հարությունյանը վիրավորվեցին:

Պաշտոնական տվյալներով` հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից և չվնասազերծված զինամթերքից մահացել է ավելի քան 115 մարդ, վիրավորել ավելի քան 300-ը:

Ըստ պաշտպանության նախարարության տեղեկատվության` դեռևս ականապատված են Հայաստանի շուրջ 60 բնակավայրերի հարակից տարածքները՝ գրեթե 322 քառ. կմ մակերեսով:

Ներկայումս ականազերծման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքներում` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ներկայացրած տեխնիկական առաջադրանքի հիման վրա:

Ապրիլի 1-ից մեկ տարի շարունակ անվտանգության համար իրենց վտանգելու են «ՀԱԼՕ Թրաստ» (HALO Trust) միջազգային կազմակերպության և ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի 21 ականազերծողներ (ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ):

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» համակարգմամբ և Հայաստանի զինված ուժերի ականազերծողների ու միջազգային աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները առաջին համատեղ միջազգային նախագիծն է:

Մայիսի 3-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծման աշխատանքների մոնիթորինգին էին մասնակցում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանն ու փոխնախարարն անգամ պայթեցրին Սրաշենում հայտնաբերված առաջին ականը` ի նշան արդյունավետ համագործակցության:

Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների շնորհիվ նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը, ինչպես նաև գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ:

2012-ից Հայաստանում ականապատված և վտանգավոր տարածքների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքում Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամը (FSD) «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աջակցությամբ: Որպես առավել վտանգված ու ամենաշատը ականապատված մարզ աշխատանքներն սկսվել են Սյունիքում ու շարունակվելու են նաև 4 այլ մարզերում:

Դեռ 2012-ի վերջում Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը կարևորում էր տվյալների բազա ստեղծելու նախաձեռնությունը ոչ միայն կառավարության, այլև` համայնքների համար, որպեսզի նրանք նույնպես տեղեկացված լինեն վտանգված գոտիների մասին:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, օրինակ, գիտեն վտանգավոր գոտիների մասին` «ԱրմենիաՆաուին» ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը` ընդգծելով դրանց կարևորությունը անվտանգության տեսանկյունից.

«Կարող ա՝ անասուն փախնի, ընկնի այդ ականապատ տարածքները, որոնք բուֆերային զոնաներում են, բայց հիմնականում սահմանի ժողովուրդը իրազեկված է, գիտե, որ վտանգ կա, իսկ ով կուզի իր կյանքը վտանգի ենթարկի ու գնա այդ տարածքները»:

«Սահմանի ծերից ծերը ցուցանակները դրված են, մարդիկ գիտեն, որ դրանցից 300-400 մետրի վրա մինաներ են, ու զգույշ են»,- հավելեց Սաղոյանը: