Ապրելով սահմանագծին. 20 տարվա հրադադարը իրական հրադադար չի բերել մի շարք սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Մարիամն զգուշորեն բացում է գյուղական տան երկրորդ հարկի ննջարանի պատուհանին ամրացված մուգ գույնի վարագույրը, և արևի ճառագայթները, օգտվելով պարգևված հնարավորությունից, ագահորեն սողոսկում են սենյակ՝ ծակծկելով դեռատի Մարիամի վառվռուն աչքերը: 17-ամյա Մարիամի աչքերում արտացոլվում է ադրբեջանական կողմի ամենաբարձր դիտակետը, որտեղից պարբերաբար ուղարկվող փամփուշները տարիներ շարունակ խաթարում են գյուղական հանգիստն ու հիշեցնում չկարգավորված հակամարտության, թղթային հրադադարի անզորության մասին:

«Այս տարի դպրոցն ավարտում եմ, պետք է համալսարան ընդունվեմ, ու շատ հաճախ մինչև ուշ գիշեր պարապում եմ, դրա համար վարագույր ենք կախել, որպեսզի սենյակում վառվող լույսը թշնամիներին շատ չուրախացնի, ու թիրախ չդառնանք, բայց, դե, գնդակը ո՛չ լույս, ո՛չ էլ վարագույր է ճանաչում, եթե պետք է կպնի՝ կկպնի, պարզապես մենք մեզ հույս ենք տալիս, թե էսպես փոքր-ինչ ավելի ապահով է,- քմծիծաղով ասում է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Մարիամ Իսրայելյանը, փակում որպես «վահան» ծառայող վարագույրն ու շարունակում զրույցը: - Երևի սահմանի մյուս կողմի տներում էլ են այսպիսի ինքնապաշտպանական միջոցների դիմում, գիտեմ, որ իրենց գյուղի բնակիչների համար էլ հեշտ չի, բայց, ախր, տեսնում ենք, որ եթե մերոնք արժանի հակահարված չեն տալիս, իրենք չեն դադարում կրակելը»:

Մարիամի զրույցին միջամտում է մայրը՝ 39-ամյա Ռուզաննան ու ցավում, որ դուստրը նույնպես ստիպված է կրակոցների ձայների տակ ուսում ստանալ:

«Ես դպրոցն ավարտեցի 1992-ին, երբ ամենաուժեղ կռիվներն էին: Մենք սարում էինք ապրում, նույնիսկ ավարտական քննություններին չմասնակցեցի, հետո ամուսնացա, բայց ուշ երեխա ունեցանք, և ուրախանում էինք, որ էդպես ստացվեց. ասում էինք՝ ի՞նչ պետք է անեինք էդ կրակոցներին, բայց տեսանք, որ երեխա էլ ունեցանք, մեծացան, տղայիս արդեն բանակ պետք է ճանապարհենք, բայց կռիվը դեռ շարունակվում ա,- ասում է երկու երեխաների մայրն ու տամկացած աչքերի հայացքը թեքելով, փոխում է թեման՝ անդրադառնում առօրյային, ցույց տալիս դստեր վերջին զանգի զգեստը: - Ես վերջին զանգ չեմ ունեցել, էդ թունդ կռիվների ժամանակ մեզ մենակ էդ էր պակաս, ու հիմա չեմ պատկերացնում, թե ինչ ու ինչպես պետք է պատրաստվել, բայց ինչ էլ լինի, մենակ թե կրակոց չլինի»:

Մարիամենց 11 հոգանոց դասարանն առաջինն է, որն ավարտական միջոցառումն անցկացնելու է գյուղի նորակառույց մշակույթի տանը: Պատերազմի տարիներին հիմնահատակ ավերված մշակույթի տան տեղում 2012-ից սկսվեց շինարարություն, և արդեն 2014-ի հունվարին շահագործման հանձնվեց նոր կենտրոնը, որի պաշտոնական բացումը ապրիլի 5-ին կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Գյուղացիների խոսքով՝ գյուղի կենտրոնում շուրջ 124,8 մլն դրամ (մոտ 300.000 դոլար) արժողությամբ այս շենքը, որն արդեն հասցրել է զարդարվել ադրբեջանական կողմից ուղարկված փամփուշտի հետքով, նոր հմայք է տվել գյուղին ու նոր հույսեր արթնացնել:

«Էսքան տարվա մեջ միակ պայծառ բանն էս շենքն էր, որ մեր գյուղը տեսավ,- միահամուռ նշում են գյուղամիջում հավաքված տարեցներն ու մտովի տեղափոխվում տարիներ հետ,-գիտե՞ս՝ ի՜նչ լավն էր հին շենքը, կինո կար, որ քաղաքում դեռ ցույց չտված՝ ստեղ էին ցույց տալիս, բայց սա էլ ա լավը, մենակ խաղաղություն էղնի, ամեն բան էլ կարվի»:

Սակայն գյուղի տարեցները նշում են, որ կցանկանային գյուղում տեսնել նաև աշխատատեղեր ապահովող գործարաններ, որոնց շնորհիվ գյուղաբնակները կայուն եկամուտ կունենային, կմնային գյուղում ու օրվա հացի խնդիրը կլուծեին իրենց ընտանիքների մոտ և ոչ թե տասնյակ հազարավոր կմ հեռավորության վրա՝ արտագնա աշխատանքի միջոցով:

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերում, որտեղ հրադադարի մասին պայմանագրի կնքումից 20 տարի անց էլ հակառակորդն իր մասին պարբերաբար հիշել է տալիս, իրավիճակը գրեթե նույնն է. ամենօրյա կրակոցների տակ օրվա ցամաք հացի կռիվ տալով՝ պահում են մի ամբողջ պետության հակառակորդ պետության հետ չարչրկված սահմանի ամենախոցելի հատվածը:

Թեև կառավարությունն արդեն երկու տարի իրականացնում է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսություններին հողի հարկի և ոռոգման ջրի վարձերի վճարման պետական աջակցություն, սակայն գյուղացու բեռն այդ օգնությունից չի թեթևանում:

Այս գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվելը մահապարտության է նման: 2008-ի հունիսի 18-ին հենց գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից զոհվեցին Չինարի գյուղի բնակիչներ 21-ամյա Լևոն Պետրոսյանը ու 50-ամյա Ռաֆիկ Սաղոյանը: Իսկ 2012-ի հուլիսի 1-ին ադրբեջանական կողմից արձակված գնդակից գյուղի մոտ գտնվող իր խաղողի այգում աշխատելիս ոտքի շրջանում վիրավորվեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 52-ամյա Վաչիկ Մելքումյանը, 2013-ի փետրվարի 20-ին՝ Այգեպար գյուղի բնակիչ 45-ամյա Դավիթ Գաբրիելյանը, հոկտեմբերի 12-ին՝ Նավուր գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Քոսակյանը:

Մարիամի հայրը՝ 49-ամյա Հակոբ Իսրայելյանը, գյուղաբնակներից շատերի պես հրաժարվել է հակառակորդի թիրախում գտնվող իր 2500 մետրանոց խաղողի այգուց, որն իր հինգ հոգանոց ընտանիքին տարեկան մոտ 400-500 հազար դրամի (մոտ 1000-1250 դոլար) եկամուտ էր ապահովում:

«Հրադադարի պայմանագրի կնքումից հետո սկզբնական շրջանում ամեն բան շատ լավ էր, կրակոցներ գրեթե չկային, կարողանում էինք հանգիստ աշխատել մեր այգիներում, սակայն վերջին երկու տարում արդեն հնարավոր չի այգիներին մոտենալ, բոլոր այգիները դիպուկահարների նշանառության տակ են»,- ասում է Իսրայելյանը, ում այգին հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով մոտ 700-800 մ հեռավորության վրա է գտնվում:

Իսրայելյանի խոսքով՝ այդ հատվածում գտնվող մոտ 25-30 ընտանիքի պատկանող 17 հեկտար հողն անմշակ է:
«Տարիներ առաջ խաղող հավաքելը տոն էր, ամբողջ մի տարվա բերք էինք հավաքում, Երևանից բարեկամները գալիս էին, գառ էինք մորթում, խոզ, մեծ հյուրասիրություն էինք կազմակերպում, բայց էս վերջին երկու տարիներին գողեգող էինք գնում: Արդարացնում էր, բայց մինչև ե՞րբ կարող ենք թաքնվելով աշխատել, աշնանը այգի իջնելուց թուրքի սնայպերը նենց տվուց, բախտի բերմամբ փրկվեցինք»,- ասում է Իսրայելյանը, ով դեռևս անցյալ տարի էլ ստիպված էր եղել հրաժարվել գյուղի կենտրոնում գտնվող իր 5 քմ կրպակից, որն ամսական շուրջ 100-150 հազար դրամի (մոտ 240-360 դոլար) շրջանառություն էր ապահովում:

Իսրայելյանի խոսքով՝ կրպակից հրաժարվելու պատճառը հարկային դաշտի անվերջանալի ճնշումներն էին:

«Իջևանից հաշվետվության գալուց ամեն անգամ ասում էին՝ ա՛ճ ցույց տվեք, բայց իմ խանութի շրջանառությունը նորմալ չէր, էդքան առևտուր չունեի, տարեցտարի հետ էր գնում, որտեղի՞ց աճ ցույց տայի, 70.000 դրամով (մոտ 170 դոլար) ՀԴՄ սարք գնեցի, պարտքով առևտրից ՀԴՄ-ին տալիս, լինում էր, որ պարտքը տարիներով չէին վերադարձնում, բայց նույն հարկն էի վճարում, ինչ Երևանի սուպերմարկետները»,-բարկությունը ժպիտի տակ թաքցնելով ասում է Իսրայելյանը, ով այսօր զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ:

Ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց, հակառակորդի ակնդետ հայացքում տեղադրված չորս փեթակներում ժրաջան մեղուների բզզոցով սկսվում ու, եթե կրակոցներ չեն լինում, նույն խաղաղությամբ էլ ավարտվում է Իսրայելյանների անվերջանալի աշխատանքով լի գյուղական առօրյան՝ խաղաղության հույսով ու սպասումով:

«Դիրքերում էինք, երբ ասացին, որ պայմանագիր է կնքվել, հրաշքի պես մի բան էր, մտածում էինք՝ ամեն բան վերջացավ: Ո՞վ կպատկերացներ, որ ամեն բան նոր էր սկսվում: Կրակոցները շատ են խեղճացնում, ամեն ձևով հարմարվում ենք, յոլա ենք գնում, աշխատում ենք սրտով, բայց որ կրակոցները լինում են, թևաթափ ենք լինում, հուսահատվում ենք: Ես միշտ լավատես եմ եղել, կարծել եմ՝ լավ է լինելու, կավարտվի էս ամենը, բայց արդեն 25 տարի է… Ի՞նչ անենք, ո՞ւր թողնենք մեր տունը, գնանք»: