Հրադադարի սերունդ. սահմանամերձ գյուղերի երիտասարդները արտացոլում են հարաբերական խաղաղության վերջին երկու տասնամյակները

Պատերազմ` մանկություն, այբբենարանի չկայացած հանդես, մութ ու խոնավ նկուղներից դուրս պրծնելու պատրանք… հրադադար՝ իր ուսերի վրա պատերազմի անդառնալի դրոշմը կրող սերնդի խաղաղության անժամկետ սպասում, չսպիացող հիշողություններ…

«Հայրս եկավ ու ասաց, որ Շուշին ազատագրված է, հետո հրադադար, ինչն իմ պես բազմաթիվ երեխաների համար այն էր, որ կարող էինք բոլորի պես վերջապես դուրս գալ բակ ու խաղալ, վայելել երկինքն ու արևը,- 27-ամյա Անահիտ Քարտաշյանը հոգու խոր անկյունում տաքուկ պահված հուշերը մեկիկ-մեկիկ հանում ու խնամքով իրար հետևից դասավորում է: - Կրակոցներն ուժգնանալուն պես իջնում էինք ապաստարան՝ նկուղ: Պատկերացրեք` օրվա ընթացքում 4-5 անգամ իջնում-բարձրանում էինք: Լինում էր, որ օրերով ապրում էինք նկուղներում: Բայց այնքան միակուռ ու մտերիմ էինք բոլորս, մի տեղ եփում, մի տեղ ուտում էինք: Իսկ երեխաները գրեթե ամեն երեկո հանդես էին կազմակերպում մեծերի համար»:

Անահիտի արմատները Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին (մորական կողմից), Այգեձորը (հորական կողմից) եզրագծելով հասնում են իր ծննդավայր՝ հայ-ադրբեջանական սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Բերդ (նախկին Շամշադին) քաղաք, որը 1990-ականներին ևս պատերազմի թատերաբեմ էր, իսկ այսօր էլ հրադադարի պարբերաբար խախտումների ձայները հասնում են նաև այստեղ:

Անահիտի հայրը այս շրջանի յուրաքանչյուր տղամարդու նման զենք է վերցրել ու պաշտպանել հայրենի հողի սահմանը, իսկ մայրը երեք երեխայի հետ շարունակել է ապրել Բերդում, սակայն Անահիտը հիշում է, որ վիճակը լրջանալուն պես հայրն ընտանիքը տանում էր սահմանին ավելի մոտ գտնվող Այգեձոր գյուղ:

«Հիմա եմ հասկանում՝ ինչո՛ւ. եթե ընտանիքդ թիկունքում լինի, մինչև արյանդ վերջին կաթիլը կկռվես, նահանջի ճամփա չկա: Պատերազմի հետ կապված հիշողությանս մեջ դրոշվել են մեր տան միջանցքն ու պատից կախված երեք փոքրիկ կապոց՝ բոխչա՝ յուրաքանչյուրիս ծննդականով ու առաջին անհրաժեշտության հագուստով: Կրակոցներն սկսվելուն պես յուրաքանչյուրս վերցնում էինք մեր փոքրիկ կապոցն ու սպասում, որ հարևաններից մեկը գա մայրիկիս օգնության՝ մեզ նկուղ իջեցնելու: Հիշում եմ նաև աստիճանահարթակների վրայի խուճապը. մինչ օրս ատում եմ խուճապը»:

Հրանոթների թնդյունի տակ մանկապարտեզ, արդեն հրադադարի կրակոցների ձայների տակ դպրոց հաճախած, այնուհետև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, մասնագիտությամբ թուրքագետ-օսմանագետ Անահիտն այսօր սովորում է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի ասպիրանտուրայում, ուր գործուղվել է ԵՊՀ-ի կողմից՝ միջպետական և միջհամալսարանական համաձայնագրի շրջանակներում:

Ուսմանը զուգընթաց՝ հեռակա կարգով աշխատում է Արևմտահայաստանի և արևմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնում:

«Ժամանակավորապես բնակվում եմ ՌԴ-ում: Ինչպես Հայաստանից գործուղված Սանկտ Պետերբուրգի մեր հայ ուսանողներս ենք կատակում՝ ինտելեկտուալ խոպանչի եմ,- ասում է Անահիտը, որի երկու քույրն ու եղբայրը ուսում են ստանում Երևանում, իսկ ծնողները շարունակում են ապրել Բերդում: - Առիթը ձեռքներիցս բաց չենք թողնում, հնարավորության դեպքում գնում ենք Բերդ, Այգեձոր ու Չինարի: Շամշադինի հետ կապվածությունն մեծ է ու անբացատրելի: Դա միայն ծննդավայր չէ, այլ մի վայր, որտեղ դու դու ես, զուրկ ամեն տեսակ ձևականություններից: Ինչքան էլ սպառված և ուժասպառ լինես, բավական է մեկ օրով գնալ, ու կվերադառնաս նոր եռանդով, որովհետև հասկանում ես, որ շատ բան ունես անելու, իրավունք չունես սպառվելու և հուսահատվելու»:

Անահիտի կարծիքով՝ սահմանամերձ գոտու շարքային ապրողին այնքան էլ հետաքրքիր չէ հրադադարի ժամանակագրությունը, հակամարտող կողմերի և հակամարտության պատմությունը, նրանց գործնական քայլեր են անհրաժեշտ: Ըստ Անահիտի՝ հրադադարը պատերազմ ապրած յուրաքանչյուրի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է:

«Եթե, օրինակ՝ Շամշադինի որևէ ընտանիքի հետ սեղան նստեք, առաջինը խաղաղության կենացը կխմեք: Հրադադարը երկու կողմի համար էլ անհրաժեշտ էր, այլ հարց է, թե հրադադարից հետո ինչպես կարողացանք գործել ու ինչ օգուտ քաղեցինք: Մենք բավական ժամանակ ունեինք սահմանամերձ շրջանները զարգացնելու, բայց չարեցինք, ավելին, մեր բնակչությունը գնալով նվազեց ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Սահմանամերձ շրջանում ամեն օր չհայտարարված պատերազմի վիճակ է: Մարդիկ դրան էլ են սովորել, համակերպվել, միակ պահանջը, որ նրանք ներկայացնում են, սոցիալական ապահովությունն է»,- ասում է Անահիտը ու հավելում, որ պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի սահմանամերձ շրջանները զարգացնելու, այդտեղ բնակվող մարդկանց արտոնություններ տրամադրելու ուղղությամբ՝ ավելի ցածր հարկեր, մատչելի բուժօգնություն և կրթություն, փոքր ու միջին բիզնեսի խթանում և, որ ամենակարևորն է, աշխատատեղերի ստեղծում, որպեսզի համալսարանավարտ երիտասարդը աշխատանք գտնելու համար ստիպված չլինի Ռուսաստան կամ էլ, լավագույն դեպքում՝ Երևան գնալ:

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմի, ապա՝ հրադադարի տարիներին ծնված սերնդի մեծ մասն իրեն տեսնում է Հայաստանից դուրս:

«Դրսում բախտ որոնելը դառնում է ցավագին կետ, սակայն սերնդի մի մասը բավականին հայրենասեր է մեծանում, մեր հույսը նրանք են, ոչ թե նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանում ու փորձում Հայաստանից դուրս գնալ»,- ասում է Ադիբեկյանը:

Պատերազմ, հրադադար, սահման, ամենօրյա գնդակոծություն, ականապատ տարածք… այս բառերն ականջի համար սովորական են դառնում հայ-ադրբեջանական չարչրկված սահմանին մոտենալիս, մինչդեռ սահմանից հեռու սրանք կարծես ինչ-որ ֆիլմից լսված անորոշ, աղոտ բառակույտ է:

Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ ընդհանրապես հրադադար երևույթի հասարակական ընկալում չկա:

«Հայաստանում այնպիսի զգացողություն է, որ բոլորը խոսում են պատերազմի մասին, սակայն դա ոչ այնքան ռեալություն է, նույնիսկ հրադադար բառը չկա մեր կյանքում, և այնպիսի զգացողություն է, որ մարդկանց պետք չի պատրաստ լինել, չեմ կարծում, որ դա լավագույն վիճակն է»,- ասում է Խառատյանը:

1994-ի փետրվարին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում ծնված Նարինե Վարդանյանը լավ գիտի թե՛ պատերազմի, թե՛ հրադադարի ու թե՛ խաղաղության գինը ու երբեմն նեղսրտում է, երբ մայրաքաղաքաբնակ իր հասակակիցները չեն հասկանում իրեն, չեն պատկերացնում իր ապրումներն ու զգացողությունները, երբ լսում է, որ հայրենի գյուղը գնդակոծվում է:

«Վերջերս շատ լուրջ դեմքով մի պատմաբան բացատրում էր, թե ինչ է հրադադարը: Գուցե նա իրավացի էր, միայն պետք է իր հուզառատ նախադասություններից դեն նետեր «պայմանագիր», «փաստաթուղթ», «հակամարտող կողմեր» բառերն ու կստանար ճշմարտությունը` մենք հասանք հրադադարի` շնորհիվ մեր կռված տղաների, շնորհիվ մեր կռված-զոհված տղաների: Այն հարաբերական խաղաղությունը, որ ունենք, ինչ-որ մի թղթի կտորի շնորհիվ չէ, մեր համազգային պայքարի շնորհիվ է»,- ասում է հրադադարի պայմանագրի հասակակիցն ու հիշեցնում, որ թղթային պայմանավորվածությունն այդպես էլ չծառայեց նպատակին, ինչի մասին վկայում է այն, որ Նարինեի դասընկեր տղաներն ու առհասարակ հրադադարի հասակակից տղաներն այսօր ամենօրյա վտանգի տակ կրկին հսկում են իրենց հայրերի գծած սահմանը:

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Նարինեն մանկությունից գրեթե ոչինչ չի հիշում, ասում է՝ պատմում են, որ իր ծնվելու օրը կես մետր ձյուն է եկած եղել, հայրը դիրքերը պաշտպանելիս է եղել, ու երկար ժամանակ չեն կարողացել մեքենա գտնել, որ ծննդկան մորը տեղափոխեն Բերդ շրջկենտրոն, իսկ երբ վերջապես մեքենան գտել են ու հասել հիվանդանոց, այնտեղ լույս չի եղել, «դժվարությամբ ու հրաշքով ծնված-ողջ մնացած սերունդ ենք»:

Երևանում ուսանող Նարինեն խոստովանում է, որ վերջերս իր բոլոր երազանքներն ու նպատակները կապում է գյուղի հետ, նախասիրություններից առաջինը` գրելը, հույս ունի ծառայեցնել իր փոքրիկ գյուղի մեծ առօրյայի, պատմության, հերոսների մասին աշխարհին պատմելուն:

Նարինեն խնամքով հավաքում է մի քանի օրվա համար նախատեսված հագուստները, գյուղում ապրող ծնողների համար երևանյան խանութներից գնած քաղցրավենիքը… առաջիկա հանգստյան օրերն անցկացնելու է գյուղում:

«Երևանից գյուղ գնալն ինձ համար նույնն ա, ինչ զինվորի համար արձակուրդ գնալը... Անհամբեր սպասում եմ ու գնալուն նախորդող օրերին ավելի եմ կարոտում տունը, մերոնց, ամեն ինչ... Առաջ հետս պարտադիր գիրք էի վերցնում, հիմա գիրք, դաս, համալսարան՝ ամեն բան էստեղ եմ թողնում, որ չխանգարեն… Ի դեպ, արձակուրդից զորամաս վերադարձող զինվորի նման էլ հետ եմ գալիս Երևան` դժվար ու երկար եմ կրկին հարմարվում առանց մեր տան... իսկական տան…»