1994-ի մայիս – 2014-ի մայիս. Ղարաբաղում հրադադարի հաստատումից 20 տարի անց էլ խաղաղությունը դեռ փխրուն է

Քսան տարի առաջ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը՝ մի կողմից և Ադրբեջանը՝ մյուս կողմից ստորագրեցին հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիր, որը վերջ տվեց հազարավոր մարդկանց կյանքեր խլած մոտ երեք տարի տևած դաժան պատերազմին:

Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ մտավ 1994 թ. մայիս 12-ի կեսգիշերին և մեծ հաշվով պահպանվում է մինչ օրս, չնայած գրանցվող առանձին սահմանային միջադեպերին և հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին, որոնք հարաբերական խաղաղության տարիներին հանգեցնում են մարդկային զոհերի:

Ղարաբաղյան ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող աշխարհի գերտերությունները հակամարտող կողմերին բազմիցս հորդորում են համարձակ քայլեր ձեռնարկել խաղաղության համաձայնագրի հասնելու համար, սակայն 20 տարի անց էլ հակամարտության գոտում խաղաղությունը նույնքան անհասանելի է, որքան նախկինում:

«ԱրմենիաՆաուի» հոդվածաշարը, որ նվիրված է հրադադարի 20-ամյակին, անդրադառնում է հակամարտության տարբեր կողմերին և դրա ազդեցությանը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող երկրի կյանքի վրա՝ միջազգային միջնորդությամբ խաղաղության բանակցություններին, պատերազմի մասնակիցների կյանքին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, պատանդների ճակատագրին, շարունակվող տեղեկատվական պատերազմին, ականազերծման խնդրին և այլն: