Ես մի երազանք ունեի. ստեփանակերտցու հետադարձ հայացքը ոչ հեռավոր անցյալի վրա

Դեռևս դպրոցական` երազում էի, որ իմ քաղաքը իսկական մեծ մայրաքաղաք դառնար, որ մեզ մոտ գային իսկական նախագահներ, իսկական օտարերկրացիներ, որ մարդիկ հագուստ գնեին մեծ, շքեղ խանութներից և գնային գեղեցիկ ռեստորաններ:


Սակայն փոքրիկ մարզային Ստեփանակերտում կյանքն ընթանում էր համաչափ, դպրոցն ավարտելուց հետո շատերը հեռանում էին մեծ քաղաքներում ուսումը շարունակելու, այնտեղ դառնում մեծ գիտնական կամ զորապետ և միայն ամառներն էին հայրենիք վերադառնում: Այն ժամանակ Ստեփանակերտը մեծ ամառանոց էր հիշեցնում: Առոգանությունից հնարավոր էր իմանալ` որտե´ղ են ապրում նախկին ղարաբաղցիները` Երևանո՞ւմ, Բաքվո՞ւմ, Հյուսիսային Կովկասո՞ւմ:

1988-ին Ղարաբաղում ամեն ինչ փոխվեց, ինձ նույնիսկ թվաց, թե իմ երազանքն իրականանում է: Սկզբում միտինգներ էին, մարդիկ քայլում էին քաղաքում և վանկարկում` «միացում», «Լենին, պարտիա, Գորբաչով»: 1991-ին եկան իսկական նախագահներ` Ելցինն ու Նազարբաևը: Այդ ժամանակ էլ Ստեփանակերտը դարձավ իսկական պետության իսկական մայրաքաղաք:

Իսկ հետո հայտնվեցին նաև օտարերկրացիներ` հին հայ ֆիդայիների համազգեստով: Նրանք խոսում էին հայերեն, բայց ինձ ինչ-որ անհասկանալի բարբառով: Պարզվեց, որ այդ հայերը Ամերիկայից են, Սիրիայից, Լիբանանից: Այդ ժամանակ ես նորից սկսեցի ուսումնասիրել հայոց լեզուն և հայոց պատմությունը:

Իմ երազանքն իրականացավ, սակայն ամեն ինչ ստացվեց ոչ այնպես, ինչպես ես էի կամենում: Պարզվեց, որ իմ երազանքի իրականացման համար ես և իմ քաղաքը պետք է անցնենք ամենասարսափելիի` պատերազմի միջով: Քաղաքն անխնա ռմբակոծում էին, տների նկուղներում, որտեղ թաքնվում էին կանայք և երեխաները, միասին հաշվում էին «գրադ» արկերի պայթյունները` մինչև 40: Հետո, մինչև վերալիցքավորում էին, հնարավոր էր 20 րոպեում վազել աղբյուր ջրի: Իսկ սկեսուրս դուրս էր գալիս և, չգիտես ինչու, ավլում էր մուտքի առաջ կոտրված ապակիները: Նա ասում էր, որ միշտ պետք է կարգուկանոն պահել:

Շատերը կորցրին իրենց տները, ծնողներին, երեխաներին, ընտանիքներ, ճակատագիր: Իմ երազանքը, կարծես, իրականություն դարձավ. հիմա Ստեփանակերտում նախագահի աշխատակազմ կա, նախարարներ, նույնիսկ ջիպեր, որոնցով նրանք երթևեկում են, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել օտարերկրացիների, խանութները լիքն են, կան շքեղ ռեստորաններ, սակայն ցանկանում ես մեկ այլ բանի մասին երազել: Գուցե կայուն և երկարատև խաղաղության մասին, այն մասին, որ սահմանին ամեն օր չկրակեն:

1993-ին ես դպրոցում ռուսաց լեզու էի դասավանդում: Մի անգամ վեցերորդ դասարանցիներին հանձնարարեցի երկու նախադասությամբ շարադրություն գրել: Ես խնդրեցի նրանց համառոտ պատմել, թե ի´նչ է պատերազմը: «Դուք 2 րոպե ժամանակ ունեք` բացատրելու, թե ի´նչ է պատերազմը»,- ասացի աշակերտներին: Վստահ էի, որ նրանք կգրեն, թե ինչպես են մարդիկ մահանում, ինչքան շատ են հաշմանդամները, ինչպես են ռումբերից տները քանդվում: Սակայն նրանք սկսեցին իրար հետ փսփսալ և ինձ հարցրին. «Իսկ ռուսերեն ո՞նց կլինի «թալան» բառը»:

Թալանը առուփախն է, կողոպուտը, երբ պատերազմի քողի տակ մարդիկ խլում են այն ամենը, ինչ իրենց չի պատկանում: Ղարաբաղում շատերի համար դա հիվանդություն էր, հարստանալու աղբյուր, թեև ինչ-որ մեկի համար էլ` քաղցից և ցրտից միակ փրկություն: Հետո սկսվեց «հումանիտար օգնությունը», երբ մարդկանց պարզապես անվճար բաժանում էին այն, ինչ մեզ ուղարկում էին սփյուռքից: Շատերի համար դա էլ հիվանդություն դարձավ:

Ու մինչ հասարակ ժողովուրդը գոյատևում էր հումանիտար օգնության, աղքատիկ «թալանի» և բանջարանոցները մշակելու հաշվին, քաղաքում սկսեցին հայտնվել հարուստ մարդիկ, գեներալներ, շքեղ ավտոմեքենաներ, առանձնատներ: Երբ մարդիկ հարցնում էին` արդյոք իրավունք ունի՞ ինչ-որ մեկը հետպատերազմյան Ղարաբաղում նման տներ կառուցելու, այն ժամանակ դեռ Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում էր` դա անհրաժեշտ է, որ մարդիկ վստահություն զգան ապագայի, այն բանի նկատմամբ, որ իրենք ապրելու են այս հողի վրա:

Չգիտեմ` արդյոք հայտնվե՞ց այդ վստահությունը շքեղ առանձնատների տեսքից, բայց, ավելի շուտ, այն բանից, որ Ստեփանակերտի հյուսիսային հատվածը դարձավ հսկայական քաղաք-գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ավելի քան 3 հազար երիտասարդ, գեղեցկադեմ տղամարդիկ: Այնտեղ` քաղաքային գերեզմանատնից ոչ հեռու, մեկը ռեստորան է բացել և այն կոչել «Ողջեր և մեռածներ»: Առաջին հայացքից` սարսափելի անուն է, և դրանից մարմինը փշաքաղվում է, սակայն Ղարաբաղում պատերազմից հետո այլ վերաբերմունք է մահացածների նկատմամբ` նրանք ողջ են: Իսկ Ստեփանակերտի համար գերեզմանատունը մեծ ննջարան է, որտեղ պարզապես հանգստանում են մարտից հետո հոգնած մեր ընտանիքների անդամները:

Ի դեպ, այդ ռեստորանի տարածքում` հենց բակում, մի փոքրիկ եկեղեցի է` Վարարակնը: Վարարակնը Ստեփանակերտի հին անվանումն է, նշանակում է «հորդաբուխ աղբյուր»: Ասում են` 1500 տարի առաջ հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը Աստծուն խոստացել է 300 եկեղեցի կառուցել: Նա շրջում էր հայոց աշխարհով, և որտեղ նժույգները սմբակներով հարվածում էին գետնին` ցույց տալով` ջուր կա, նա ջրհոր էր փորում և այդ վայրում եկեղեցի կառուցում: Վարարակնը այդ եկեղեցիներից մեկն է:

Սակայն այն, չգիտես ինչու, չի գործում և գտնվում է ռեստորանի համար սեփականաշնորհված մասնավոր տարածքում: Եվ սա շատ նման է հենց Ղարաբաղի պատմությանը, որտեղ ավելի քան 50 տարի ոչ մի գործող եկեղեցի չի եղել:

Առաջին անգամ «իսկական» հոգևորական ես տեսա 1986 թվականին, երբ Էջմիածին էքսկուրսիա եկա: Մինչ այդ եկեղեցին ինձ համար ինչ-որ հեքիաթային, անիրական բան էր: 20-րդ դարի 30 թվականին Ղարաբաղում փակվեցին վերջին եկեղեցու դռները: Մայրս պահարանում պահում էր Ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Ա վեհափառի նկարը, և նա մեր տանը քրիստոնեական բարոյականության մարմնավորումն էր: 88-ին Ղարաբաղում բացվեց առաջին եկեղեցին` 13-րդ դարի վեհաշուք Գանձասարը: Դրան հետևեց էլի ու էլի, պարզվեց, որ գրեթե յուրաքանչյուր գյուղում փոքրիկ եկեղեցի կա, բավական է թոթափել նրա վրայի փոշին, և նրա զանգերը նորից կղողանջեն:

Այսօր Ստեփանակերտում կառուցվում է Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը, իսկ մինչ նրա կառուցումը քաղաքի ներքին հատվածում ամերիկացի բարերարների` Կալիֆորնիայից Եփրեմյան ընտանիքի միջոցներով կառուցվել է Սուրբ Հակոբ փոքրիկ եկեղեցին: Այն երբեք դատարկ չի լինում. այստեղ գալիս են աղոթելու ծննդյան և հոգեհանգստի համար, ուսանողուհիները Աստծուց խնդրում են քննության ժամանակ լավ գնահատական, և սա նշանակում է, որ Ղարաբաղը վերադարձել է առ Աստված:

Ստեփանակերտում ընդհանրապես շատ են կառուցում: Վերջերս քաղաք այցելած ամերիկուհի հյուրը Ստեփանակերտի կենտրոնական փողոցը համեմատել է նշանավոր Շանզ Էլիզեի հետ: Նա, իհարկե, ուռճացրել է, սակայն փողոցն իրոք գեղեցկացել է: Ճիշտ է, մի փոքր հիշեցնում է դեկորացիաներ, քանի որ գեղեցիկ ճակատային մասից այն կողմ մնացել է Ստեփանակերտի նույն համաչափ գավառական կյանքը` նարդի խաղացող տղամարդկանցով, տների արանքում հմտորեն կախված լվացքով:

Ստեփանակերտի բակերը ընդհանրապես հիշեցնում են սպիտակեղենի մեծ ցուցահանդես: Եվ զբոսաշրջիկները հաճույքով լուսանկարում են դա` որպես դիտարժան բան: Ղարաբաղցի կանայք այդ գործին վերաբերվում են ինչպես նվիրական արվեստի` սպիտակեղենը պետք է կախել կոկիկ` պահպանելով կարգը, գունային գամման և չափսերը: Եվ Աստված մի արասցե խախտել այդ կարգը: Սկեսուրս, օրինակ, ինձ սովորեցնում էր` ինչպես ճիշտ կախել սպիտակեղենը, որպեսզի «հարևանուհիների առաջ սևերես չմնա»:

Ղարաբաղը գավառական է այս բառի լավ իմաստով. սա հանգիստ վայր է, որտեղ կյանքն ընթանում է ոչ այն խելահեղ ռիթմով, որում ապրում են մեծ քաղաքները: Այստեղ հասցնում են իմաստավորել փաստերն ու իրադարձությունները, քննարկել դրանք:

Սակայն այս համաչափությունը և պատերազմից հետո կայունության բնական ձգտումը երբեմն վերածվում են ճահճի, երբ մարդիկ վախենում են արտահայտվելուց, ինչ-որ լավ բան առաջարկելուց, իրենց իրավունքներն ու շահերը պարզապես պաշտպանելուց: Ու թեև վերջին նախագահական ընտրություններում բնակչության ավելի քան 30 տոկոսն իր ձայնը տվեց ոչ գործող նախագահի օգտին, այլ նրան, ով քննադատում էր նրան, ընտրություններից հետո ոչինչ չփոխվեց: Մարդիկ առաջվա պես վախենում են խոսելուց, որովհետև բոլորը լավ հիշում են. իրենց նախագահը ԿԳԲ-ի նախկին ղեկավարն է:

Սակայն Ստեփանակերտը երբեք չի եղել գավառական մտածողության մասշտաբների իմաստով: Այնտեղ բոլորը մտածում են համաշխարհային մասշտաբով, ինչպես ասում էր մի մարդ` յուրաքանչյուր ստեփանակերտցու հայտնի է, թե կարտոֆիլի ինչ բերք է աճել Հոնդուրասում, և ինչի համար են սպանել Քենեդուն: Այստեղ կարողանում են երազել տիեզերական մասշտաբով, նույնիսկ կատակում են, որ եթե երազանքները չլինեին, Հայաստանի երեք նախագահներից երկուսը ղարաբաղցի չէին լինի:

Երազանքը և ազատության ու հավասարության հստակ ըմբռնումը կառուցել են ներկայիս Ստեփանակերտը` գեղեցիկ, մաքուր, ակնահաճո: Եվ նույնիսկ պատերազմի սպառնալիքը չի խանգարում վաղը չէ մյուս օրվան նայելու: Իսկ ինչու ոչ` Շուշին միավորված Հայաստանի մայրաքաղաք: Իմ երազանքներն իրականանում են, և սա բացառություն չի լինի: