Հատուկ թողարկում. Ղարաբաղ` 25 տարիների պայքարի պատմություն

Քսանհինգ տարի առաջ այս օրերին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որը փոխեց ամբողջ տարածաշրջանի պատկերը և աշխարհի ուշադրությունը սևեռեց մինչ այդ շատերին անծանոթ «անկլավի»`Լեռնային Ղարաբաղի վրա:


Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած և այն առաջնորդած մարդիկ հետագայում ընտրվեցին և կազմեցին նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունը: Շարժման հետևանքով սկսված պատերազմական գործողություններում զոհվեցին հազարավոր մարդիկ, հազարավոր մարդիկ էլ բռնի տեղահանվեցին, իսկ հակամարտությունը շարունակվում է մինչ այսօր, թեև «սառեցված կոնֆլիկտի» տեսքով:

Շարժումն սկսվեց փետրվարին: Տարեդարձն անցել է, մինչ մենք հետևում էինք Հայաստանում հետընտրական զարգացումներին. ժողովուրդը վիճարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մարդիկ հավաքվում են օպերայի շենքի բակում, որն իր անվանումը` Ազատության հրապարակ, ստացել է ի պատիվ այն շարժման, որ սկսվել էր հենց այդ նույն հրապարակում, և այն ոգու, որ այդ վայրն այսօր էլ արթնացնում է հայերի մեջ:

Այս համարը պատրաստելու համար «ԱրմենիաՆաուի» թղթակիցները վերջերս այցելել են Ղարաբաղ և ձեր ուշադրությանն են ներկայացնում մի շարք հոդվածներ, որոնք տեղ են գտել ՀԲԸՄ ամսագրի ձմեռային թողարկման մեջ: