Հաղթանակը չպետք է զուր անցնի. իմաստավորելով Շուշիի ազատագրումը

1992-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման հաջորդ օրը, երբ քաղաքի վրա կախված էր վառոդի ծանր օդը, ու դեռևս մոլեգնում էր պատերազմի ահարկու շունչը, Ղազանչեցոց կիսավեր մայր տաճարում, որտեղ ադրբեջանական բանակից մնացած գրադի արկերն էին կուտակված, մատուցվում էր պատարագ, որի ներկաների մտքով թերևս չէր էլ կարող անցնել, որ ընդամենը 20 տարի անց կիսավեր քաղաքը վերականգնելու է մշակութային մայրաքաղաքի իր երբեմնի փառքը: ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա գտնվող բերդաքաղաք Շուշին, որը մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում, Արցախյան պատերազմի տարիներին գրեթե հիմնահատակ ավերվել էր:

Այսօր արդեն քաղաքում լայն թափով ընթացող շինարարական աշխատանքները հետզհետե ամոքում են կիսաքանդ քաղաքի վերքերը, ծրագրվում է Շուշին դարձնել Արցախի մշակութային կենտրոն:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասում է, որ այսօր աշխարհում Արցախի կերպարի ընկալումը փոխելու խնդիր կա, քանի որ տարիներ շարունակ՝ Ղարաբաղի առաջին իսկ համաժողովրդական հուզումներից, ցույցերից մինչև պատերազմի ավարտն ու առ այսօր, Արցախն ընկալվում է որպես չկարգավորված հակամարտություն ունեցող երկիր:

«Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային հանրության մոտ ասոցացվում է որպես չկարգավորված հակամարտության երկիր: Մենք պետք է կարողանանք դա փոխել և ներկայանալ որպես հազարամյակների պատմամշակութային ժառանգություն ունեցող և այսօր մշակութային ու համամարդկային արժեքներին դավանող ու այդ արժեքներով ապրող ժողովուրդ, ինչի համար շատ կարևոր է մշակույթի զարգացումը»,- ասում է նախարարը:

Եթե պատերազմից հետո ԼՂՀ-ում ստիպած էին ավելի շատ ուշադրություն դարձնել կենսապահովման խնդիրներին, և մշակույթն այդ ժամանակ, ամեն դեպքում, չէր կարող առաջնային տեղ զբաղեցնել, հիմա արդեն մշակվում է 2013-2017 թվականների մշակույթի զարգացման ռազմավարություն, որն արդեն հստակություն կմտցնի հետագա անելիքներում:

Եվ պատահական չէ, որ հենց Շուշին է ընտրվել մշակութային կենտրոն դարձնելու համար:

Դեռևս 1827-1920 թթ. Շուշիում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք: Շուշիում գործել են թեմական դպրոցը (1838 թ.), Ղարաբաղի Սուրբ Տիրամայր Մարիամի օրիորդաց (1864 թ.), քաղաքային (1875 թ.) ու ռեալական դպրոց (1881 թ.), Մարիամ Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիան (1894 թ.) և 10 այլ կրթօջախներ: Իսկ 1865 թ. սկզբնավորվել է Շուշիի թատերական կյանքը, և 1891-ին բացվել է Խանդամիրյանի թատրոնը:

«Մենք պատերազմից հետո վերականգնեցինք Ղազանչեցոցն ու հանգիստ շունչ քաշեցինք, մինչդեռ քաղաքը շարունակում էր կքալ ավերակների ծանրության տակ, ինչը խանգարում էր մարդկանց գալ Շուշի, ապրել այստեղ: Մենք բարձրաձայնում ենք այն մասին, որ Շուշին եղել է մշակութային կենտրոն, ու չնայած փաստեր ունենք, սակայն ապացույցներ չենք ներկայացնում: Հիմա մենք փորձում ենք հավաքել այդ բոլոր նյութերը, որով պետք է ցույց տանք մեր մշակութային քաղաքի ողջ հմայքը»,- ասում է Աղաբալյանը՝ հավելելով, որ այսօր համահայկական հիմնադրամի և սփյուռքահայ բարերարների շնորհիվ Շուշիի վերականգնման ծրագիրը տեղից շարժվել է, և վերջին տարիներին Շուշիում արդեն իրականացվել են մի շարք մշակութային ծրագրեր:

Նախարարության առաքելությունը

Շուշին մշակութային քաղաք դարձնելու կարևորագույն քայլերից էր թերևս մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տեղափոխումը Ստեփանակերտից Շուշի:

1912-ին Ռուսաստանի բարերարներից մեկի մեկենասությամբ Շուշիի կենտրոնական փողոցներից մեկում կառուցված Մարիամ Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիայի շենքը, որը քանդվել էր Արցախյան պատերազմի ժամանակ, ուղիղ 100 տարի անց՝ 2012-ի հոկտեմբերին, մոսկվաբնակ Կոնստանտին Մանուկյանի ֆինանսական միջոցներով հիմնանորոգվեց և բացեց իր դռներն արդեն որպես ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն:

Աղաբալյանն ասում է, որ մշակութային ծրագրերի մի մասը կտեղափոխվի Շուշի, և հենց այստեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց շնորհիվ ավելի կաշխուժանա նաև զբոսաշրջությունը:
«Շուշի եկողները գիտեն, որ այստեղ է նաև մշակույթի նախարարությունը, ինչն արդեն հետաքրքրություն է առաջացնում և Երևանից Ստեփանակերտ ճանապարհն այսուհետ չի շրջանցի Շուշիով, այլ շատերը կգան նաև Շուշին տեսնելու»,- ասում է նախարարը:

Մշակույթի նախարարը կարծում է, որ քաղաքն այսօր արդեն կամաց-կամաց ազատվում է ավերակների ճնշող ծանրությունից և վերականգնում է իր երբեմնի հոգևոր, մշակութային, կրթական կերպարը:

Մինչև Արցախյան շարժումը՝ 1988-ը, 15.000 բնակիչ ունեցող Շուշիում այսօր ապրում է շուրջ 4100 մարդ, հիմնականում փախստականներ Բաքվից, Կիրովաբադից և հայկական այն տարածքներից, որոնք այսօր Ադրբեջանի կազմում են:

Այսօր քաղաքում գործում են 1 հիմնական և 1 ավագ դպրոցներ, 2 երաժշտական դպրոց, որոնցից մեկը՝ մասնագիտացված:

Շուշիի ազատագրումից ամիսներ անց՝ 1992-ի նոյեմբերին, կիսադատարկ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի շենքում սկսում է գործել առաջին երաժշտական դպրոցը:

Այն ժամանակ դպրոցում գործում էր ընդամենը չորս բաժին՝ դաշնամուրի, ջութակի, կլառնետի և վոկալ, և սովորում էր 3 տասնյակից էլ պակաս աշակերտ:

2002-ին երաժշտական դպրոցին հատկացվում է Շուշիի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող քաղաքի հին շենքերից մեկը, որը 2004-ին ամբողջությամբ հիմնանորոգվում է՝ արմատներով արցախցի ամերիկաբնակ Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների ֆինանսավորմամբ:

Շուշիի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Ռազմիկ Հարությունյանն ասում է, որ այսօր դպրոցում գործում է տասը բաժին՝ դաշնամուրի, վոկալ, կլառնետի, շեփորի, ջութակի, ակորդեոնի, դհոլի, քանոնի, շվիի և դուդուկի: Դպրոցը նաև իր մասնաճյուղերն ունի Շուշիի շրջանի չորս գյուղերում, դպրոցում ընդհանուր առմամբ ուսանում է 164 աշակերտ, որից 22-ը` գյուղերում:

«Առհասարակ երաժշտական կրթությունը շատ կարևոր է, այդպիսով երեխաների գեղագիտական ճաշակն է բարձրանում, ոչ բոլորն են, իհարկե, շարունակում բարձրագույն կրթությամբ, բայց կրթությունն իր ազդեցությունն ունենում է անպայման»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ անցյալ տարվա 15 շրջանավարտներից 5-ը կրթությունը շարունակել է հենց երաժշտությամբ:

Շուշիի ներքին թաղամաս կոչվող հատվածում, որը պատերազմի տարիներին ամենաշատն էր քանդվել և գրեթե չէր վերականգնվել, այս օրերին լայնածավալ շինարարություն է ընթանում՝ խոստանալով արդեն շուրջ երկու տարի անց դառնալ ուսանողական թաղամաս:

Միտված ապագային

Նախատեսվում է 2013-ի սեպտեմբերին Արցախի ագրարային համալսարանը տեղափոխել պատերազմի տարիներին քանդված 7 մասնաշենքից բաղկացած նախկին տեխնիկումի շենք, որը հիմնանորոգվում է:
2008-ին Արցախի պետական համալսարանի ագրարային ֆակուլտետն առանձնացվեց, որի բազայի վրա Հայաստանի ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ հիմնվեց Արցախի ագրարային համալսարանը:

Ստեփանակերտի խարխլված շենքերից մեկում գործող համալսարանում կրթություն է ստանում շուրջ 2000 ուսանող:

Համալսարանի ագրարային կենսաբանության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Արտակ Ղուլյանն ասում է, որ նոր կառուցվող շենքը Հարավային Կովկասում լինելու է միակն իր պայմաններով, լաբորատոր հագեցվածությամբ:

«Նոր շենքային պայմանները խիստ կարևոր էին համալսարանի համար, արդեն հնարավորություն կունենանք նոր, ավելի նեղ մասնագիտական ուղղվածություններ ընդգրկել ուսումնական ծրագրում»,- ասում է Ղուլյանը՝ հավելելով, որ գործելու է նաև ագրարային համալսարանի միջին մասնագիտական կենտրոնը:

Գյուղատնտեսական ակադեմիայի հարևանությամբ ամբողջությամբ նոր շենք է կառուցվում, որտեղ կտեղափոխվի Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանը:

Նույն մասում է գտնվում նաև դեռևս 1977-ին կառուցված հանրակացարանը, որտեղ 1994-ից գործում է վաստակաշատ մանկավարժ Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը:

Այսօր քոլեջում գործող 6 բաժիններում՝ տարրական դասարանների դասավանդման, թարգմանչության և գործավարության, ռադիոտեխնիկայի, թատերական արվեստի, կիրառական արվեստի, ժողովրդական արհեստների, սոցիալ-մշակութային գործունեության և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործության, առկա և հեռակա բաժիններում ուսանում է 310 ուսանող (որից 145-ը` առկա բաժնում), ընդ որում` 85 տոկոսը Շուշիի հարակից շրջաններից:

Քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանն ասում է, որ քոլեջի մշակութային բաժիններում ընդհանուր առմամբ սովորում է շուրջ 45 ուսանող:

«Արցախում տեղի ունեցող ցանկացած մշակութային միջոցառման ժամանակ մենք ունենում ենք մասնակցություն, հաճախակի կազմակերպում ենք առանձին ցուցահանդեսներ, համերգներ»,- ասում է Հայրապետյանը՝ ցույց տալով իր սենյակում կախված Արցախի ու Հայաստանի ամենամեծ գոբելենը՝ հին Շուշիի պատկերով, որը գործել են քոլեջի 2011-ի շրջանավարտները:

Հայրապետյանն ասում է, որ քոլեջը հավանաբար մյուս տարի տեղափոխվելու է մեկ այլ վայր, քանի որ հանրակացարանի շենքը համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի և ԼՂՀ կառավարության հետ համատեղ ամբողջությամբ վերականգնվելու է ֆրանսիական չափանիշներին համապատասխան և լինելու է տարածաշրջանի լավագույն ուսանողական հանրակացարաններից մեկը:

Հանրակացարանը խորհրդային տարիներին կարող էր մինչև 450 ուսանողի ընդունել, սակայն հիմնանորոգումից հետո այն կծառայի միայն 190 ուսանողի՝ առավել հարմարավետ պայմաններով:

Նկարներ, զբոսայգիներ, առաջնահերթություններ

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը, ով քաղաքը ղեկավարում է 2009-ից, ասում է, որ պատերազմից հետո սկզբնական տարիներին պետությունն այնքան մեծ հնարավորություններ չուներ Շուշիին առանձնակի ուշադրություն նվիրելու, բայց վերջին 5-6 տարիներին Շուշին պետության հատուկ հոգածության կենտրոնում է:

«Կրթական ուսումնական կենտրոն դարձնելու համար, ենթակառուցվածքների տեղափոխման շնորհիվ վերականգնվում են Շուշիի հին, պատմական, արդեն կիսավեր շենքերը, իսկ ուսանողական ենթակառուցվածքների տեղափոխումից հետո Շուշիում կյանքն ավելի կաշխուժանա, կգործեն մշակութային կենտրոնները, կավելանա նաև քաղաքի բնակչությունը»,- ասում է քաղաքապետը:

2006-ից Նարեկ Հարթունյանի ջանքերով և ֆինանսավորմամբ Շուշիում գործող «Նարեկացի» արվեստի միության 12 խմբակներն իրենց շուրջն են համախմբում արվեստով հետաքրքրված տարբեր տարիքի ավելի քան 50 մարդու:

Պատերազմից առաջ Արցախում գործող մի քանի թատրոններն այսօր միավորվել են Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ թատրոնի համար կադրեր են պատրաստվում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Շուշիի 12 ուսանողից բաղկացած կուրսում:

Թատրոնն այսօր գործում է մշակույթի և երիտասարդության կենտրոնում, որը Շուշիի նախկին կինոյի շենքն էր, իսկ արդեն 2012-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և կանադահայ բարերարների միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգված ու կահավորված շահագործման հանձնվեց:

Այսօր Շուշիում հիմնանորոգվում են ևս 2 հին շենքեր, որոնցից մեկը լինելու է երկրաբանության թանգարան, որտեղ ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցի (ԼՂՀ նախագահի խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար) միներալների հազվագյուտ հավաքածուն է ցուցադրվելու:
Իսկ մյուս շենքում գործելու է պատկերասրահ, որի համար կրկին Գաբրիելյանցի աջակցությամբ արդեն իսկ հավաքվել է 400-ից ավելի նկար:

Պատկերասրահի հետնամասում կառուցվում է քանդակների պուրակ, որոնք հավաքվել են Շուշիում արդեն երկու անգամ անցկացված քանդակների սիմպոզիումի ժամանակ, որոնց մասնակցել են քանդակագործներ և արվեստաբաններ Իտալիայից, Ճապոնիայից, Բելգիայից, Բելառուսից և այլն:

Արմատներով Արցախից մոսկվաբնակ Սերգեյ Սարգսյանը ևս որոշել է Շուշիի վերականգնման գործում իր ներդրումն ունենալ և հիմնել է պատկերասրահ:

Պատկերասրահի ներկայիս շենքը շուրջ 200 տարվա պատմություն ունի և քաղաքի ամենահին շենքերից մեկն է: 1828-ից այս շենքում գործել է Շուշիի առաջին տպարանը, որն ամբողջ անդրկովկասի երրորդ տպարանն էր, սակայն Խորհրդային տարիներին շենքում տեղակայված է եղել արհմիություններ, իսկ պատերազմի տարիներին շենքն ամբողջությամբ վառվել է, և կանգուն մնացած պատերի մեծ մասը եղել են վթարային:

Այսօր արդեն վեր է խոյանում արտաքինից գրեթե նախկին տեսքը պահպանած եռահարկ շքեղ շինությունը՝ ցուցադրությունների համար նախատեսված երկու մեծ սրահներով:

Պատկերասրահի հիմնադիրների ներկայացուցիչ Սարգիս Գալստյանն ասում է, որ պատկերասրահը ստեղծվել է ներդրումային ծրագրի շրջանակներում, սակայն այդ ծրագրերի համար սահմանված 115 մլն դրամը (մոտ 283.950 դոլար) շատ քիչ էր նման կառույց հիմնելու համար և ծախսվել է դրա կրկնակին:

«Պատկերասրահը չի լինելու մշտական ցուցադրությունների համար, լինելու է պարբերական, ամեն անգամ տարբեր թեմաների շուրջ, տարբեր նկարիչների կողմից , մարդիկ անընդհատ նոր գործեր են տեսնելու»,-ասում է Գալստյանը՝ հավելելով, որ նախատեսվում է կազմակերպել նաև մանկական ցուցահանդեսներ, որոնց լավագույն մասնակիցներին հետագա կրթություն ստանալու համար օգնություն կտրամադրվի:

Թեև շենքի պաշտոնական բացումը նախատեսված է 2013-ի մայիսին, սակայն այն արդեն հասցրել է հյուրընկալել 2012-ի հոկտեմբերին Արցախում անկացված «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը, որը աննախադեպ մշակութային իրադարձություն էր արցախյան հողում:

Պատկերասրահից մի քանի քայլ ներքևում է գտնվում Շուշիի ամենաառաջին շենքերից մեկը՝ 1810-ին կառուցված փոստի շենքը, որը Ավան ՓԲԸ-ի կողմից 2011-ին վերականգնվել է և այժմ շենքում գործում է հնաոճ գորգերի թանգարանը:

Ցուցադրության ներկայացված ամբողջ հավաքածուն՝ մոտ 160 գորգեր, որոնցից ամենահինը 270 տարեկան է, ԼՂՀ նախագահի խորհրդական Վարդան Ասցատրյանի անձնական հավաքածուն են:

«Արցախը միշտ էլ եղել է գորգագործության կենտրոն ու քանի որ այսօր մի փոքր մոռացվել է այդ մասին, թանգարանի ստեղծման նախադրյալը ու հիմնական նպատակը հենց նրանում է, որ վերականգվի պատմական արդարությունը և ապրանքանիշը` «արցախյան գորգեր» և «արցախյան կարպետ»,-ասում է Ասցատրյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի գորգերը պարսակական ու արաբական սիմետրիկ գորգերից տարբերվում են իրենց դինամիկայով, քանի որ յուրաքանչյուր գորգի վրա մի նկար է պատկերված, որն ունի սկիզբ ու վերջ:

Եթե կառուցես, նրանք կգան

Մշակութային կյանքի զարգացման համար կարևոր նախադրյալներ են հանդիսանում նաև հյուրանոցները: Շուշիում գործում է 2 հյուրատուն, իսկ վերջին երկու տարում շահագործման հանձնվեցին ևս երկու շքեղ հյուրանոցներ, որոնցից մեկի պատմությունն սկսվում է դեռևս 19-րդ դարից:

Ցարական Ռուսաստանի օրոք Շուշիում 1831-ին կառուցվում է Բորժոմ հյուրատունը, որը սակայն քանդվում է 1920-ականներին և արդեն 1970-ին նույն վայրում կառուցվում է այն տարիներին հայտնի Ղարաբաղ հյուրանոցը:

Արցախյան պատերազմի տարիներին շենքը թեև չէր այրվել, սակայն ավիրվել էր, թալանվել: Տարիներ առաջ շենքը դառնալով Ավան ՓԲԸ-ի սեփականությունը, որի բաժնետերերն են ամերիկահայ բարերարներ Ալեք Բաղդասարյանը, Շիրակ Ամյանը և այլոք, ովքեր հիմնանորոգել էին նաև Շուշիի արևելյան բաղնիքն ու արևելյան շուկան, ստանձնում են հյուրանոցը հիմնանորոգելու գործն ու արդեն 2011-ի մարտին իր դռներն է բացում Ավան Շուշի պլազա 11 հարկանի հյուրանոցը:

Հյուրանոցն ամռան ամիսներին ապահովելով մոտ 40 աշխատատեղ միջինը 70.000 դրամ (մոտ 170 դոլար) աշխատավարձով ՝ ընդունում է 1000-1200 հյուրերի, իսկ ձմեռային ամիսներին՝ հյուրերի թիվ հասնում է մինչև 200, իսկ աշխատակցիներինը՝ 28-ի:

«Հյուրանոցում բացի հյուրեր ընդունելուց, անցկացնում ենք նաև տարբեր մշակութային միջոցառումներ, ինչպես օրինակ հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումը, հանդիպումներ, կոնֆեռանսներ և այլն, այսինքն հյուրանոցը նաև իր դերն է ունենում մշակութային կյանքի զարգացման գործում»,-ասում է Հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանը:

Շուշիում հատկապես ձմռանը, մութն ընկնելուն պես փողոցները դատարկվում են մարդկանցից, կարծես դիտավորյալ քաղաքին թողնելով խորրդավոր լռության և ունայնության մեջ՝ Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի հսկողությամբ, որի գմբեթը երևում է քաղաքի տարբեր մասերից:

Այսօր շատ կողպված դարպասներ են հանդիպում Շուշիում, կամարաձև պատուհաններով կիսաքանդ շենքեր, որոնք տարիների հետ ավելի են քայքայվում ու վերածվում աղբավայրի, սակայն այդ շենքերի կողքին հիմնանորոգվող շենքերն ու նորակառույցները, թերևս քաղաքի ապագայի հուսադրողներն են:

«Մենք պետք է կարողանանք Շուշիի հանդեպ մեր վերաբերմունքը դարձնել համարժեք այն հպարտությանը, որ պարգևել է Շուշիի ազատագրումը յուրաքանչյուր հայի, աշխարհի տարբեր անկյունում, խնդիրը միայն Շուշին ազատագրելը չէր, դրանից գուցե ավելի կարևոր է Շուշիի վերականգնումը, որպեսզի իմաստավորվի այդ հաղթանակը»,- ասում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: