Երկրորդ սերնդի զինվորներ. Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը ծառայության և ընտանիքի մասին

Արցախյան պատերազմի ազատամարտիկի ձեռքին երկու լուսանկարներ են. մեկում` երեք փոքրիկ տղեկներ են, մյուսում` երեք իրար գրկած զինվորներ: Առաջին հայացքից թվում է` տարբեր մարդիկ են, սակայն երկար նայելուց հետո տեսնում ես՝ նույն աչքերն են, նույն դիմագծերն ու հայացքը, պարզապես` արդեն հասուն տարիքում:

«Նայում եմ իրանց ու մտածում եմ` իրանք ավելի թեթև են, կյանքն ա մարդուն թրծում, ես իրենցից փոքր էի, երբ ամուսնացա… պատերազմը մարդկանց մեծացնում է»,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակից 39-ամյա Արթուր Եղիազարյանը, ով լուսանկարների երեք տղաների հայրն է:

Ընտանեկան ալբոմի յուրաքանչյուր էջ մի նոր հիշողություն է, մի ամբողջ ապրած կյանք, որն անցել է կնոջ՝ 37-ամյա Նոնա Եղիազարյանի հետ: Պատերազմը նրանց հասունացրեց, հասկացան, որ կյանքը պայքար է, իսկ պայքարը՝ պատերազմ էր, իրար հետևից պայթող ականներ, խոնավ ու ցուրտ նկուղներ, զոհված հարազատներ, թախիծ, կարոտ, վերջապես` հաղթանակ:

Արթուրը հիշում է իր դպրոցական տարիները, երբ դասերից փախչում էին ու գնում այն ժամանակ դեռ Օպերայի հրապարակ՝ միտինգների մասնակցելու: Իսկ հետո, երբ արդեն սովորում էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումն այնքան է մեծանում, որ, թողնելով համալսարանը, մեկնում է ռազմաճակատ:

18 տարեկանում Արթուրը մարտական ծառայության է անցնում Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ 1992-ի ազատագրումից հետո Շուշիում տեղակայված Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի առաջին վաշտում (հետագայում վաշտը, համալրվելով, վերակազմավորվեց որպես լեգենդար Շուշիի առանձնակի գումարտակի կամ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել` դաշնակների գումարտակի): Ծառայությանը զուգահեռ Արթուրը, որ նաև անդամակցում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, ընկերոջ հետ իրականացնում է վաղեմի երազանքը՝ պատերազմի ճիրաններում գտնվող Շուշիում 1992-ի աշնանը հիմնադրելով «Արամ Մանուկյան» վարժարանը, որն այսօր դարձել է Շուշիի թիվ 2 դպրոց:

«Մեր զինակից ընկերները մեզ ոգևորում էին վարժարան ստեղծելու հարցում՝ ասելով, որ կռիվը մի օր վերջանալու է, թող սերունդն անգրագետ չմնա, պատերազմի տարիները կարող են անցնել, բայց սերունդ կկորցնենք,- հիշում է ազատամարտիկը: - Գումարտակի տղաներից շատերն ուսուցիչ էին վարժարանում, սակայն դժվարին իրավիճակներում կրկին գումարտակի կազմում էին՝ մարտական գործողությունների մեջ»:

Կարճ ժամանակահատվածում արկերի պայթյուններից դեռևս ցնցվող Շուշիում վարժարանը դառնում է յուրօրինակ կրթական կենտրոն: Վարժարանում, բացի կրթությունից, երեխաները նաև սնվում էին, պարբերաբար հագուստ ստանում:

«Աշակերտների մեծ մասի ծնողները ռազմի դաշտում էին, շատերինն արդեն զոհվել էին, տղա աշակերտները տանը տղամարդ էին, դպրոցում՝ աշակերտ: Առավոտյան անասուններին տանում էին արոտավայրեր, հետո գալիս դպրոց, երեկոյան փայտ էին կոտրում, հող էին մշակում, իսկ գիշերը, երբ նրանց տների մոտով էինք անցնում, տեսնում էինք, թե ինչպես են մոմի լույսի տակ նստած դաս սովորում»,- հիշում է Եղիազարյանը:

Հենց Շուշիում էլ Արթուրը գտնում է իր կյանքի երկրորդ կեսին՝ Նոնային, ու մի քանի ամիս անց ամուսնանում:

«Մեր ծնողները դեմ էին այդքան վաղ տարիքում մեր ամուսնությանը, ես 18 էի, Նոնան դեռ չափահաս էլ չէր, բայց ամուսնացանք: Նոնային ուզելու գնացինք մարտական ընկերներով, ծնողներս չկարողացան ներկա լինել հարսանիքին ճանապարհները շրջափակման մեջ լինելու հետևանքով»,- պատմում է նա:

1993 թվականի սեպտեմբերին ծնվում են նրանց առաջնեկ որդիները՝ Արան և Արամը, ովքեր ազատագրված Շուշիում ծնված առաջին երկվորյակներն են:

«Սիրտս վկայում էր, որ երկվորյակ ենք ունենալու, թեև մեր գենետիկայի մեջ էլ կար, բայց այդ տարիներին Արցախում հատկապես շատ էին ծնվում զույգ տղաներ, կարծես բնությունը լրացնում էր պատերազմի տարիների կորուստը,- պատմում է Եղիազարյանը,- իսկ մեկ տարի անց էլ՝ 1994-ի նոյեմբերին, ծնվեց մեր երրորդ տղան՝ Արգամը»:

1995-ին Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան:

Սակայն այսօր Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության խաղաղությունը հսկում են հենց այս հողում ծնված նրանց որդիները:

«Երբ պատերազմի ժամանակ տղաները ծնվեցին, մենք նշում էինք ոչ թե մեր որդիների ծնունդը, այլ հայ զինվորի ծնունդը: Մենք միշտ գիտակցել ենք, որ նրանք պետք է ծառայեն, մեր ընտանիքի համար անպատվաբեր է ծառայությունից խուսափելը»,- ասում է ազատամարտիկը:

Արան ու Արամը սովորում են ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, իսկ Արգամը՝ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում:

«Երեքն էլ ուսանողական տարիներից ծառայության մեկնեցին, որոշեցին, որ ավելի ճիշտ է հենց իրենց տարիքային խմբի հետ գնալ ծառայել, քան ուսումն ավարտելուց հետո»,- ասում է Նոնա Եղիազարյանը:

Որդիների մասին խոսելիս երեք զինվորի մոր աչքերը փայլում են, երեսը ողողվում է ժպիտով, կարոտած հայացքը շրջում է լուսանկարների վրա:

«Զույգերս շատ աշխույժ են, շատ ակտիվ, փոքր տղաս մի քիչ այլ է, շատ լուռ է, եթե ամբողջ օրը չխոսացնես, չի խոսա, ինքն իր աշխարհն ուներ: Թեև տանը երբեմն միգուցե վիճեին, բայց դրսում իրար թև ու թիկունք էին, նույնն էլ զորամասում է»,- ասում է տիկին Նոնան:

Արթուր Եղիազարյանը հայրական ընտանիքի մեծանալու հետևանքով կնոջ և երեք որդիների հետ արդեն տասը տարի ապրում է Երևանի արվարձաններից մեկում վարձակալած բնակարանում: Ազատամարտիկն աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունում:

2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արթուր Եղիազարյանը ՀՅԴ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 8 ընտրատարածքում, սակայն պարտվել իշխող կուսակցության ներկայացուցչին:

Եղիազարյանների ընտանիքն այսօր էլ հաճախակի է այցելում հարազատ Շուշի:
Իսկ 2007-ի յոթերորդ ամսվա յոթերորդ օրը` ամուսնությունից 15 տարի անց, Արթուր և Նոնա Եղիազարյանները վերջապես պսակադրվեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: